Իշխանությունը նույն իշխանությունն է

Հրազդանի խայտառակ ընտրություններից հետո հերթական անգամ ժողովրդին (նրա որակները կասկածի տակ դնելով, բացասական իմաստով նրա որակների մասին խոսելով) թիրախավորելը ձեռնտու է նույն քաղաքականությունը շարունակաբար վարող իշխանությանը: Քառօրյա պատերազմից հետո այս իշխանություններից փոփոխություններ ակնկալելը միամտություն էր: Անգամ հանցավոր միտքը, թե նման ծանրագույն շրջանից հետո իշխանությանն այլ տարբերակ չի մնացել, քան վերափոխվել, գնալ ուրիշ ճանապարհով, լինել ավելի օրինավոր, պահպանել արդարադատության նորմերն ու մարդու հիմնարար իրավունքները, վերջ դնել կուլակների խրախճանքին, գուցե նման էր հուսահատ ցանկության, որն այդպես էլ իրականություն չի դառնալու:

Այս իշխանությունը՝ իր մակերեսային թիմով, ավելի բարդ ու խճճված կառույց է, քան մենք պատկերացնում ենք: Ինքն իրեն կործանելու, ինքն իրեն մահվան դուռը հասցնելու ճանապարհի անզգայությունն արդեն քարացած իսկություն է: Իրականում ժողովրդի համախմբվածությունը եւ խանդավառությունը որեւէ առնչություն չունեն իշխանության հետ: Ցավալիորեն, այն պարզապես ներառվում է իշխանական քաղաքականության համատեքստ՝ ինքնամոռացության թմբիրի մեջ նետելով կառավարման համակարգը, որ կոչված է կարգավորելու բոլոր հրատապ խնդիրները:

Այդպես է՝ ժողովուրդը ցույց է տալիս, որ կարող է փոխվել, իշխանությունը՝ որ իր փոխվելն անհնար է: Հրազդանում փող են բաժանում, լցոնում են, որ հաղթեն: Ո՞ւմ: Իրենք իրե՞նց: Կաշառելով մարդկանց՝ հավատացնում են, որ նրանք կաշառակեր են, որ արժանի են այն բարդ ճակատագրին, որի մեջ ապրում են: Մյուսները կրկնում են նրանց լեզուն: Բազմաթիվ մեթոդներով մարդկանցից ձայներ են շորթում, որ ապագայում լռեցնեն նրանց, հիշեցնեն «արատավոր անցյալը»:

Տեսականորեն, եթե Հրազդանում ապահովեին ընտրությունների օրինականությունը, գուցե սա եւս մշակված մարտավարություն լիներ, յուրատեսակ խայծ, որը ցույց կտար, թե որքան բան է ընկալվել, որքան բան են հասկացել:

«Որքանների» ժամանակն անցել է: Հրազդանում անցկացված խայտառակ ընտրությունները իշխանության համար չդիտարկենք որպես «խելքը գլուխը հավաքելու» փորձաշրջան՝ սխալ կլինի: Սա պարզապես հերթական եւ տեւական ապօրինությունն է, իշխանությունն էլ նույն իշխանությունն է:

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X