Միքայել Մանվելյան. Յերեվան

Հատվածներ համանուն անավարտ վեպից

Հարեվաններ

Շուկայի դեմ դիմաց՝ ծածկի տակ, շարված են Յերեւանի խանութների բոլոր տեսակները:

Սիմոն Թավրիզյանի խանութը լի էր ամենաընտիր ապրանքներով: Նրա մեծ եղբայրը ժամանակին Թավրիզից թարմ ու ընտիր ապրանք էր հասցնում Ջուլֆայի վրայով: Ծածկված շուկայի այդ խանութը տոգորված էր համեմունքների բույրով: Դարչին ու մեխակ, զանջաֆիլ ու զիրա, ծամոն ու հինա... ինչ համեմունք ասես՝ կա Սիմոն Թավրիզյանի խանութում: Բացի համեմունքներից՝ տոպրակներով ու արկղերով փիստա, խուրմա, նուշ, սավզու կանաչ, քիշմիշ, սադրու եւ աքուլա բրինձ, լեբլեբի, նաբաթ, սպիտակ ու վարդագույն, թափանցիկ ու փայլուն, ինչպես ձմռան արեւից փայլփլող շիթեր: Ձյունի նման սպիտակ փխրուն նողուլ, փունջուղավոր կոնֆետներ՝ Օդեսայից, փոքրիկ գլուխներով շաքար:

Այդ խանութը հայտնի էր ամբողջ Յերեւանում եւ շրջակայքում, երբ հարսանիք, կնունք կամ հյուրասիրություն էր լինում, մանավանդ նոր տարուն, Սիմոն Թավրիզյանը գլուխ քորելու ժամանակ չէր ունենում, իսկ աշնանը առեւտուրը նորից աշխուժանում էր, երբ սկսվում էին սուջուխի շփոթ պատրաստելու օրերը: Այդ խանութը մրցում էր Յերեւանի բոլոր թուրք ու այլ մանրավաճառների հետ:

Միայն երեւանցիք չէին այդ խանութի հաճախորդները՝ Վաղարշապատ, Իգդիր, Օշական ու Աշտարակ, Ղամարլու ու Արտաշատ, մոտ ու հեռու բոլոր թուրք ու հայ գյուղերը նրա մոտ էին գալիս համեմունքներ կամ չոր մրգեղեն գնելու:

Սիմոն Թավրիզյանի արտաքինն ավելի մեծ ճոթեղենի խանութի կվայելեր, քան համեմունքների: Առողջ, բարձրահասակ, կզակը միշտ մաքուր սափրած, բեխերը խնամքով սրած, ամառ-ձմեռ բուխարական սրածայր մեծ գլխարկով, հագին՝ լաստիկ արխալուղ՝ արծաթ գոտիով, արծաթ ժամացույց՝ շղթայով, վաքսով, հայելու նման փայլուն, բութ ծայրով կոշիկներ: Քառասունհինգի մոտ մարդ էր, հանդարտ, ծանրաբարո, ինչպես կվայելեր արեւելյան մի վաճառականի: Չուներ ուրիշ խանութպանների կեղծ ժպիտն ու քծնանքը, խոսքի մեջ ժլատ միայն պաշտոնական անձանց մոտ էր փոքրանում, քծնում, շողոքորթում: Թե չէ գոռոզ էր, սիրում էր, որ իրեն քծնեն:

Նա անտրտունջ ենթարկվում էր բոլոր տեսակի տուրքերի, լավ գիտեր, որ հասարակ ոստիկանից սկսած մինչեւ գավառապետի աչքը պետք է քաղցրացնես, որ նրանց աչքն էլ քեզ վրա քաղցր լինի: Տուրքի, կաշառքի տվածը, փտած ու բորբոսնած, մկան կերածը բոլորը բարդում էր ապրանքի գնի վրա, թող հաճախորդը դարդ անի, իրեն ի՞նչ, ինքը կորցնելու բան չունի:

Այդ խանութին կպած էր դերձակ Մինասի փոքրիկ դերձականոցը: Դերձակ Մինասը միջահասակ, 35 տարեկանի մոտ մարդ էր, բարի ու համակրելի դեմքով:

Թավրիզյանի խանութն արդեն բաց էր, երբ վարպետ Մինասը մեծ տղայի հետ, դատարկ քթոցներով էշն առաջ արած, շուկայում վաճառելով մրգեղենը՝ եկավ: Նախքան խանութի դուռը բանալը նրանք իջեցրին դատարկ քթոցները էշի վրայից, որից հետո հայրը տղային կարգադրեց, որ էշը տանի պայտառ Համոյի մոտ պայտելու եւ, գրպանից հանելով բանալիները, մեքենայաբար փորձեց կողպեքը, բացեց դուռն ու գործի անցավ:

Թավրիզյանի եւ վարպետի խանութների ճիշտ կենտրոնում, ծածկից դուրս մի թթենի կար, տակը ջրհոր, որ չգիտեմ երբվանից եւ ինչու, մինչեւ բուկը լցված էր քար ու հողով, սատկած շուն կամ կատու էին գցել մեջը, թե ջուրն էր ցամաքել, ով գիտե… Այդ ջրհորից մի փոքրիկ կլոր փոս էր ազատվել, կարծես աղբանոց դառնալու, որ ջերմացնող արեւի տակ նեխի ու, խառնվելով Թավրիզյանի խանութից ելնող համեմունքների անուշ բույրին եւ վարպետ Մինասի արդուկի ծխին, արեւելքին հատուկ կոլորիտ տա:

«Խորհրդային գրականություն» հանդես, 1938թ. (6-7)

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X