«Ավրորայի» գործոնը

Ապրիլի 24-ին Մարգարիտ Բարանկիցեն (Բուրունդիի Խաղաղության տուն (Maison Shalom) խնամքի տուն եւ REMA հիվանդանոց) հռչակվեց «Ավրորա» անդրանիկ մրցանակի դափնեկիր՝ ճանաչման արժանանալով այն բացառիկ ազդեցության համար, որ ունեցել է Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին հազարավոր կյանքեր փրկելով եւ խնամելով որբերին ու փախստականներին։ Ընտրող հանձնաժողովի համանախագահ, հոլիվուդյան աստղ Ջորջ Քլունիից ընդունելով «Ավրորա» մրցանակը՝ Մարգարիտ Բարանկիցեն ասաց.

«Մեր արժեքները մարդկային արժեքներն են: Երբ դուք ունեք կարեկցանք, արժանապատվություն ու սեր, ապա ոչինչ չի կարող վախեցնել ձեզ, ոչինչ եւ ոչ ոք չի կարող կանգնեցնել ձեզ: Որեւէ բան չի կարող հաղթել սիրուն՝ ոչ բանակները, ոչ ատելությունը, ոչ հետապնդումները, ոչ սովը, ոչինչ»։ Որպես «Ավրորայի» դափնեկրի, Բարանկիցեին շնորհվելու է 100 հազար ԱՄՆ դոլարի պարգեւ, իսկ դափնեկիրն ինքը շարունակելու է նվիրատվության շղթան՝ ուղղորդելով 1 մլն. ԱՄՆ դոլարի դրամաշնորհն այն կազմակերպություններին, որոնք ոգեշնչել են իրեն գործելու։

Գործարար Ռուբեն Վարդանյանի «Ավրորա» մարդասիրական ամենամյա մրցանակի ստեղծումը եւ մրցանակի բուն արարողությունը վերջին տարվա լրջագույն իրադարձություններից մեկը դարձավ: Նախ՝ մրցանակի ինքնին հումանիստական բնույթը, ապա արեւմտյան լրատվամիջոցներին ուշադրության հրավիրելու կարեւոր հանգամանքը (The guardian-ը, The telegraph-ը, International Business Times-ն արդեն անդրադարձել են Երեւանում տեղի ունեցած մրցանակաբաշխությանը) Հայաստանը, որպես աշխարհի քաղաքացի, համաշխարհային հանրույթի կարեւոր մաս լինելը, որն իր վերաբերմունքն է հղում, իր երախտիքն է հայտնում մոլորակի տարբեր անկյուններում ապրող եւ գործող այն մարդկանց, ովքեր ցեղասպանությունների, աղետների ժամանակ վտանգի տակ դնելով սեփական կյանքը՝ փրկել են հարյուրավոր մարդկանց… Այս ամենը, ինչ խոսք, նպաստավոր պայմաններ է ստեղծում, որպեսզի Հայաստանը, Հայոց եղեռնը ուշադրության կենտրոնում հայտնվեն: Եվ տա Աստված, որ այդպես լինի:

Այնուհանդերձ, ապրիլյան վերջին դեպքերից հետո՝ ղարաբաղյան հակամարտությունը, հակամարտության խաղաղ կարգավորումը, բանակի սպառազինությունը, Հայաստանի ներքին ռեսուրսները. սրանք են, որ մեզ համար մնում են առաջնագծում, որպես գերհրատապ խնդիրներ, որոնցից կախված է Հայաստանի ողջ ապագան: Եվ այս հրատապ խնդիրները մեզ հորդորում են որոշակի կապ տեսնել (կամ գոնե մտածել այդ կապի մասին) «Ավրորա» մրցանակաբաշխության եւ Հայաստանում ստեղծված ոչ թեթեւ իրականության միջեւ: Հիմա գուցե այդ կապն աներեւույթ է, գուցե դա միայն մեր ցանկությունն է, որ նման ակներեւ իրադարձությունը ոչ թե տեսականորեն, այլեւ գործնականորեն սատարի, օգտավետ լինի մեր պետության առջեւ ծագած լրջագույն փորձությունների հաղթահարմանը: Այլապես մրցանակաբաշխության լոկ արձանագրությունը պարզապես կհամալրի դրանց շարքը, իսկ դրա կարիքն այս պահին ամենաքիչն ունենք, քանի որ արագ գործելու, աղետներին դիմակայելու համար պատրաստվելու ժամանակ կարծես շատ չի մնացել:

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X