Չդառնանք այնքան քաղաքակիրթ, որ Եղեռնը եւ մեր որոշ հարեւանների ով լինելը մոռացության տանք

Այն, ինչ տեսա հեռուստաէկրանից՝ ուղիղ եթերում, հուզիչ էր: Հուզիչ էին «Ավրորա» մրցանակի հանձնման ողջ արարողությունը, բեմադրման ռեժիսորական կուլտուրան, բանախոսների բարձր ինտելեկտը: Չափազանց հուզիչ էր մրցանակաբաշխությանը ներկայացված բոլոր չորս թեկնածուների կատարած անձնվեր գործունեությունը: Հուզիչ էր մրցանակակիր Մարգարիտ Բարանկիցեի ճիշտ ընտրությունը, որը հակամարտող թութսի եւ հուրո ցեղերի միջեւ տեղի ունեցող եղերագործությունից 30 հազար երեխա է փրկել: Ոչ պակաս հուզիչ էին բեմից եւ էկրանից Նոբելյան մրցանակակիրների հղած ողջույնի խոսքերը: Այսքանից հետո, բնականաբար, հուզիչ էր նաեւ, որ այդ ամենը կատարվում էր ոչ թե աշխարհով մեկ ճանաչված հոլոքոստի հայրենիքում (թեպետ դա էլ տրամաբանական է), այլ Հայաստանում: Անշուշտ, ներկայացուցչական այդ արարողությունն աշխարհին ավելի ճանաչելի եւ ընկալելի է դարձնում Մեծ եղեռնը (գենոցիդը): Իմիջիայլոց ասեմ, որ մի տեսակ անհասկանալի է, որ մենք «գենոցիդ» բառը չենք գործածում, սակայն ուրիշներից ենք պահանջում…

Հետո… Իսկ հետո… Ճշմարիտն ասած, այդ հետո-ն ինձ մտահոգում է: Նախեւառաջ այն պատճառով, որ քիչ չէ այն տեսակետը, որ ասում են, թե՝ հայեր, ի՞նչ եք դուդուկն առած՝ լացուկոծ անում: Տեսնո՞ւմ եք, թե աշխարհում ինչ է կատարվում՝ թութսի եւ հուրո ցեղերի եղերագործությունը, վկա՝ տրված մրցանակը: Հետաքրքիր է, չէ՞, որ որոշ հրեա գիտնականներ էլ գտնում են, որ 1915 թվականին եղածն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած դեպքեր են, լավ է, որ «դիպվածներ» չեն ասում: Իսրայելի քնեսեթն էլ (խորհրդարանը), բնական ու հասկանալի է, որ ԱՄՆ կոնգրեսի հետ միասին չի ճանաչում հայկական գենոցիդը: Հետո, նրանցից ոմանք էլ նշում են, թե միայն իրենք են գենոցիդ ապրել աշխարհում, եւ ակնարկում են, թե՝ հայեր, հերիք է մեզ հետ համեմատվեք ու «խանդի տեսարան սարքեք»: Դե մենք՝ հայերս, թութսի եւ հուրո ցեղերի գործով կզբաղվենք: Իսկ ոչի՞նչ, որ հայերը թուրքական այբուբենի հեղինակներն են, նրանց գիր ու գրականության, կինոյի, թատրոնի ստեղծողներն են: Ցավոք, դոնոր ազգ ենք, բոլորի համար ստեղծում ենք, ստեղծում, վերջը դատարկ նստում: Էլ չեմ ասում, որ երբեմն էլ Հռոմի պապից ավելի կաթոլիկ ենք դառնում:

Իմ մտահոգությունը հիմնականում այն է, որ այնքան քաղաքակիրթ չդառնանք, որ եղեռնի խորհուրդը, պահանջատիրությունը, մեր հարեւանների ով լինելը մոռանանք եւ միայն օսկարատիպի մրցանակաբաշխությամբ զբաղվենք: Դե, վերջում էլ, չի բացառվում, որ հայեր փրկած թուրքերին մրցանակ տանք, ինչպես այդ մասին ակնարկվեց հենց առաջին «Ավրորա» մրցանակաբաշխության ընթացքում:

Մի պահ պատկերացնենք, որ ցեղասպանությունից հրաշքով փրկված Ավրորան, նույն ինքը՝ սրբացած Արշալույս Մարտիկանյանը, կամոքն Աստծո վերակենդանանում է, եւ նրան ասում են, թե իր անունը կրող մրցանակը հետագայում հնարավոր է թուրքի տանք: Չէ՞ր ասի, թե միլիոնավոր թուրք ոճրագործների մեջ ասենք թե մի քանի տասնյակներ խղճմտանք են ունեցել ու հայ են փրկել, հետո ի՞նչ: Նախ ոճրագործը թող իր մեղքն ընդունի, ապաշխարի, էդ զուլումը ճանաչի, հետո ինչ ուզում եք՝ արեք: Կրկնում եմ, որ այդ մասին ես չէի մտահոգվի, եթե հենց առաջին իսկ մրցանակաբաշխության ժամանակ բեմից այս մասին խոսք չհնչեր եւ ապագա միջոցառման ուրվագիծը չնախանշվեր:

Դե, ինչպես գիտեք, վերջին մի քանի տարիներին միջազգային որոշ շրջանակներից թուրքերի հետ բարեկամության կոչեր են հնչում: Այդպիսի կոչեր հնչում էին նաեւ խորհրդային ժամանակներում Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերի ժամանակ: Հիմա ես վախենում եմ, որ այնքան քաղաքակրթվենք, որ եղեռնն ու մեր որոշ հարեւանների ով լինելն ուղղակի մոռացության տանք:

Ռոբերտ ՄԱԹՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X