Սերժ Սարգսյանը վերջապես խոսեց եւ գործեց

Չնայած Երեւանում, Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունին, որը մինչեւ եղելության բացահայտումը իր վրա էր սեւեռել համարյա բոլորի ուշադրությունը, շաբաթվա սկզբից ի վեր Հայաստանի գլխավոր news-maker-ը, այնուամենայնիվ, նախագահ Սերժ Սարգսյանն է՝ թե խոսքի, թե գործի առումով:

ՊՆ-ում պաշտոնանկությունները

Ապրիլի 2-5-ին ԼՂՀ եւ Ադրբեջանի միջեւ տեղի ունեցած սահմանային բախումներում ՀՀ քաղաքացիությամբ տասնյակ զինվորականների ու աշխարհազորայինների զոհվելուց հետո, վերջապես, մի համարժեք եւ ճիշտ քայլ կատարվեց Հայաստանում, այն է՝ պաշտոնանկ արվեցին ՀՀ պաշտպանության փոխնախարար եւ երկու վարչությունների, թե զորքերի պետեր, գեներալական կոչումներով ՝ Ա. Միրզաբեկյան, Ա. Կարապետյան, Կ. Մուրադյան: Հայտնի է, որ հիշյալ անձինք պաշտոնանկ արվեցին ՀՀ նախագահի հրամանագրերով, բայց առանց պատճառների հստակեցման: Հնարավոր է պատճառը անգործությունը կամ պարտականությունների անպատշաճ կատարումն է եղել, ինչի արդյունքում ապրիլին շուրջ ինը տասնյակ զոհեր եղան հայկական կողմում: Նույնքան հնարավոր է՝ հիշյալ անձինք պաշտոնանկ են արվել պետական միջոցների յուրացումների կամ վատնումների համար:

ՀՀ ՊՆ ղեկավար կազմում, ԶՈւ գլխավոր շտաբում այնքան զբաղեցրած պաշտոններին չհամապատասխանող անձինք կան, որ եթե երեքի փոխարեն երեսունը կամ երեք հարյուրն էլ պաշտոններից ազատվեն, նույնիսկ արդարադատության առաջ կանգնեցվեն՝ անգործության կամ հանցագործությունների ամբաստանությամբ, դժվար թե զարմացող գտնվի: Վատ է միայն այն, որ բովանդակ ՊՆ-ում, զինվորների դիակների ետեւում թաքնվող անհամար գեներալների թվում չգտնվեց գոնե մեկը, որ սեփական հրաժարականի դիմում ներկայացներ՝ ապրիլյան տասնյակ զոհերին ի տես: Նման վարքի համար առանձնակի մտավոր, հոգեւոր ու բարոյական անկման պետք է հասած լինել, ինչը, երեւում է՝ տարածված մի բան է ՀՀ ՊՆ ղեկավար կազմում եւ ոչ միայն:

Վերջապես, ՊՆ-ում գոնե Միհրան Պողոսյանի չափ էթիկա ու ճկունություն չունեն, որ վերահաս պաշտոնանկությունից առաջ իրենք քայլ կատարեն ու հրաժարականի դիմում ներկայացնեն: Գոնե եռյակ պաշտոնանկություններից հետո մնացյալը հետեւություն անեն, եւ մի քանի դիմումներ գրվեն: Չնայած՝ անփառունակ հեռացվելը ՊՆ պաշտոնյաներից շատերի դեպքում երեւի ճակատագրի ավելի ճիշտ տնօրինություն է:

Bloomberg-ին տված հարցազրույցը

Սերժ Սարգսյանն իր նախագահության ութ տարիների ընթացքում երեւի միայն երկու անգամ է այնպիսի հիմնարար ու հեռահար խոսք ասել, որ իրադարձությունների հորձանուտում ուղղակի շրջադարձ է նշանավորել: Մի անգամ՝ ներքաղաքական կյանքում, անցյալ տարվա փետրվարին, երբ ՀՀԿ հավաքում հրապարակավ որակազրկեց եւ քաղաքական հանգստի ուղարկեց Գագիկ Ծառուկյանին: Երկրորդ անգամ՝ արտաքին քաղաքական հարաբերություններում, անցյալ շաբաթավերջին՝ Bloomberg-ին տված հարցազրույցում:

Երկու դեպքում էլ Սարգսյանին իր խոսքի համար անհնար է արժանին չմատուցել եւ չհարգել, անկախ հանգամանքից, թե ընդհանրապես իբրեւ նախագահ իրեն որքանով ես ընդունում: Bloomberg-ին տված հարցազրույցի սղագրությունը երեւի բոլորն են կարդացել: Այդտեղ ամեն ինչ էր հետաքրքիր, այդ թվում՝ ապրիլի 2-5-ի առնչությամբ գնահատականները, դիտարկումները, մանրամասները:

Բայց, կարծում եմ, հարցազրույցի ծանրության կենտրոնն այլ հատվածում էր, Կազանի փաստաթուղթ կոչված համաձայնագրի բովանդակությունն զգալիորեն գաղտնազերծելու մեջ: Վերջապես, Հայաստանի հասարակությունը պաշտոնական ատյանից լսեց եւ պատկերացրեց, թե ԼՂՀ խնդրի ինչ կարգավորում է դրված սեղանին: ԼՂՀ-ն Ադրբեջանին է վերադարձնում ԼՂԻՄ-ից դուրս գտնվող հինգ շրջաններ, ուր կարող են վերադառնալ եւ բնակություն հաստատել տեղահանված ազերիները (իրականում կվերադառնան, թե ոչ՝ այլ հարց է), ԼՂՀ-ն նախկին ԼՂԻՄ տարածքում (գուցե ներառյալ Լաչինում եւ Քարվաճառում) օժտվում է հատուկ կարգավիճակով կամ պահպանում է ներկա անկախ կարգավիճակը մինչեւ պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեի անցկացումը: Վերջապես, ԼՂՀ-ի եւ վերադարձված ադրբեջանական շրջանների միջեւ տեղակայվում են խաղաղապահներ, որպեսզի բացառվեն նոր բախումները:

Թվում է՝ վերը շարադրված քայլերն ու արդյունքն առանձնապես չեն տարբերվում 1997-98-ին սեղանին եղած ԼՂ խնդրի կարգավորման փուլային կամ փաթեթային տարբերակներից: Եվ չէին էլ կարող տարբերվել ոչ միայն քսան, այլեւ նույնիսկ քառասուն կամ ութսուն տարի հետո: Դրա համար էլ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մեծագույն սխալն ու մեղքը Հայաստանի ժողովրդի եւ պատմության առջեւ այն է, որ նա 97-98-ին երկրում չճնշեց պետական հեղաշրջման փորձը, համաձայնություն չտվեց փուլային կամ փաթեթային տարբերակին եւ դրանք չստորագրեց՝ վերջակետ դնելով ԼՂ խնդրին: Փոխարենը հրաժարվեց նախագահի պաշտոնից եւ երկիրը մատնեց քսանամյա այնպիսի քաղաքական զրկանքների ու տնտեսական վնասների, որ դրանց համեմատ ԼՂ խնդրի կարգավորումը չէր կարող գերադասելի չլինել: Այժմ պարզ դարձավ, որ 15 տարի անց Կազանում կանգնած ենք եղել եւ ներկայում էլ կարծես գտնվում ենք այնտեղ, ուր կանգնած էինք Տեր-Պետրոսյանի հրաժարականի օրերին՝ միայն ավելի գիտակից ու ամբոխավարությունը թոթափած: Եվ փառք Աստծո:

Ինչ-որ տեղ ճակատագրի հեգնանք է, որ այժմ 97-98-ի փուլային կամ փաթեթային լուծումներին դեմ հանդես եկած անձանցից մեկը՝ Սերժ Սարգսյանն է կանգնած դրանցից շատ չտարբերվող փաստաթուղթ ստորագրելու հրամայականի առջեւ: Անձնական դրամայի առումով դա հետաքրքիր է, բայց էականը, ի վերջո, համաձայնագրի ստորագրումն է: Թե Ալիեւն ինչու չի համաձայնել Կազանի համաձայնագրին, բազմաթիվ ենթադրություններ կարելի է անել, բայց որքան նավթի գներն իջնեն, այնքան գիտակցությունն ու իրականությունը նրան կհարկադրեն համաձայնել եւ փաստաթուղթն ստորագրել: Ափսոս միայն, որ Ալիեւի բթամտության թե արկածախնդրության երեսից նաեւ հայեր են զոհվում:

Ռուսաստանը կարող է լինել ցանկացած կողմում

Երկրորդ ուշագրավ բացահայտումը Bloomberg-ին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանի դիտարկումներն են Ռուսաստանի առնչությամբ եւ հեղափոխական ֆրազը, թե ինչու Ռուսաստանը կխուսափի լայնամասշտաբ բախումից: «Մենք՝ ռազմավարական դաշնակից, Ադրբեջանը՝ ռազմավարական գործընկեր: Այսպես նրանք պահպանում են հավասարակշռությունը: Եվ եւ Հայաստանում կա որոշակի հասարակական դժգոհություն, եւ Ադրբեջանում կա որոշակի հասարակական դժգոհություն: Բայց եթե նրանք կողմ դարձան, երկու երկրներից մեկում դժգոհությունը շատ-շատ ավելի մեծ է լինելու, իսկ դա նրանց պետք չէ»:

Ասել է թե՝ որքան հավանականություն կա, որ լայնամասշտաբ պատերազմի պարագայում Ռուսաստանը հայտնվի Հայաստանի կողմում, նույնքան էլ հավանականություն կա, որ հայտնվի Ադրբեջանի կողմում: Այդքանը աշխարհի առջեւ բարձրաձայնում է Հայաստանի նախագահը, դա նշանակում է ուղղակի ապահարզան Ռուսաստանից: Վերջապես… 150 տարի Հայաստանին ու հայ ժողովրդին պատճառած անհաշվելի վնասներից հետո այս երկրում իրերն ու Ռուսաստանի քայլերն իրենց անունով կոչեցին:

Իհարկե, իրականում դժվար թե լայնամասշտաբ պատերազմ լինի, եւ դժվար թե Ռուսաստանը կողմ դառնա, բայց, ինչպես 2000 տարի առաջ Հուլիոս Կեսարն է ասել, «Ավելի էական է Հռոմի ոգու սահմաններն ընդարձակելը, քան Հռոմեական կայսրության սահմանները»: Սերժ Սարգսյանը, դժվար թե պատահաբար, ընդարձակեց Ռուսաստանից անկախության սահմանը: Իսկ որքան մտավոր ու հոգեւոր առումով անկախ եւ հեռու լինենք Ռուսաստանից, այնքան քաղաքակիրթ մարդկությանն ինտեգրվելու մեծ շանս կունենանք՝ իհարկե, առանց շտապողականության ու ցնցումների, բայցեւ առանց «սեպտեմբեր 3»-յան salto mortale շարժումների:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X