Հեռվից մոտենալու բարդույթը

Ապրիլյան ծանր եւ Հայաստանի համար հույժ կարեւոր դեպքերից հետո գոնե մեկ անգամ Սերժ Սարգսյանը պիտի հանդես գար, հրավիրեր ասուլիս կամ էլ իր նախընտրած լրագրողների հետ հանրային ձեւով պարզաբանումներ տար՝ վերջապես ճշգրտեր որոշակի հարցերի պատասխաններ:

Երբ երկրի ղեկավարը Bloomberg գործակալության միջոցով է իր ժողովրդին տեղեկացնում, որ պատերազմը «ցանկացած պահի» կարող է բռնկվել, որ կան հակամարտության կարգավորման համար բանակցությունների փոքր հեռանկարներ, մի տեսակ տարօրինակ եւ տխուր պատկերի առաջ ենք կանգնում:

Հայաստանում չի մնացել գեթ մի մարդ, որի համար նախագահի հայտարարությունն անակնկալ է, եւ այսպիսի բան հղելը՝ մտնելով Bloomberg գործակալության ամբարտակի տակ, կարծես իմաստ էլ չունի: Փաստորեն, խնդրին հեռվից մոտենալու բարդույթը մնում է չհաղթահարված: Մինչեւ ապրիլի մեկն էլ Հայաստանում մարդիկ գիտեին, որ պատերազմը ցանկացած պահի կարող էր սկսվել՝ տեսնելով, թե ինչպես է սպառազինվում Ադրբեջանը, թե ինչպես են «բարեկամ, ոչ բարեկամները» թույլ տալիս, դրդում եւ օժանդակում այդ հանցավոր գործընթացին: Այս տարիների ընթացքում էր պետք քաղաքական կամք ու ատամ ցույց տալով՝ բարձրաձայնել ու կասեցնել զենքի վաճառքը, իսկ հիմա սրա համար Ռուսաստանից նեղվելը մի տեսակ ժամկետանց խռովկանության է նման, որին ոչ ոք բանի տեղ չի դնում:

Վստահաբար, Հայաստանում մարդիկ կարիք ունեին լսելու նախագահի խոսքը: Եթե անգամ դիվանագիտական ռազմավարական համատեքստում կան հարցեր, որոնք չեն բարձրաձայնվում, դա ամենեւին չի նշանակում մեջտեղից իսպառ դուրս բերել տարընթերցման ենթակա մյուս խնդիրները: Երկրի գերագույն գլխավոր հրամանատարը գոնե մասամբ պիտի պատկերահանի իր անելիքների ընթացքը, որպեսզի մի օր հանկարծ անակնկալները մարդկանց շոկի մեջ չգցեն, որպեսզի մարդիկ գոնե որոշակիորեն տեղյակ լինեն սպասվող քայլերի մասին: Որքա՞ն կարելի է հույս դնել, ապավինել շշուկներին, բամբասանքներին, «ըսի-ըսավներին», որքա՞ն կարելի է միֆականացնել, ասքերի վերածել, բուն ճշմարտությունից հեռացնել մեզ շրջապատող իրականությունը:

Ընդհանրապես, քաղաքականությունից էթիկա պահանջելը, մեղմ ասած, անքաղաքավարություն է, բայց կան բաներ, որոնք, ի վերջո, պետք է պարզաջրվեն: Եվ դրանով խնդրի շուրջ համախմբումը, ուժերի կոնսոլիդացիան, ելքեր որոնելն ու գտնելն ավելի ճկուն եւ դյուրին կդառնան:

Արամ Պաչյան

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X