Միքայել Մանվելյան. Յերեվան

Հատվածներ համանուն անավարտ վեպից

Նա Աստաֆյանով բարձրանում էր պլանի վերի մասը, ուր գտնվում էր նրա մի հարկանի տունը՝ իր ձեռքով տնկած պարտեզով շրջապատված: Երբեմն էլ ծանոթներից խուսափելու համար, որ չկանգնեցնեն, ձիաքարշ էր նստում, որ մի քանի տարի էր, ինչ երկաթուղու կայարանից Աստաֆյանով ձգվում էր մինչեւ պլանի գլուխը: Գետնից հազիվ մի թիզ բարձր անիվներով, ճռճռան տանիքով ու դողդոջուն կողերով ձիաքարշի վագոնը քարշ էր գալիս զանգերի անախորժ զնգոցով: Այն քաշում էին երկու նիհար, ցանցառ պոչերով ձիեր: Հաճախ էր պատահում, որ վագոնը դուրս էր ընկնում երկաթգծից, ու մեջը նստողները դուրս էին թափվում ու ահագին աղմուկով ու չարչարանքով, ծիծաղ ու հռհռոցով՝ վագոնը ռելսերի վրա դնում, հետեւից բրթում, որ առաջ շարժվի, ապա վազում ու նստում:

Այդ հարմարությունից քչերն էին օգտվում: Ունեւորներն արժանապատվությունից ցած էին համարում եւ թեթեւ սրընթաց կառքերով էին տեղից տեղ գնում, իսկ չքավորները գերադասում էին ոտով գնալ, ավելի շուտ՝ հասնել եւ չենթարկվել արկածների կամ կոնդուկտորի քմահաճույքներին, որ երբեմն 5-10 րոպե կանգնեցնում էր վագոնը՝ ծանոթի սպասելու կամ խանութից բան-ման առնելու: Վարպետ Մինասին դեռ ոչ մի անգամ չէր հաջողվել ձիաքարշով տուն հասնել. հուսահատվելով՝ կես ճանապարհին իջնում էր եւ ոտով շարունակում ճանապարհը՝ նզովելով ձիաքարշն էլ, հնարողին էլ: Վարպետի տունը ոչնչով չէր տարբերվում Յերեւանի մյուս սովորական տներից, նրանց նման գորշ էր ու խղճուկ, հատակն ու կտուրը հողից, երկաթապատ վանդակավոր պատուհաններով, միակ առանձնահատկությունը կարմիր ներկած դուռն էր, մեծ-մեծ կոճականման գամերով եւ դեպի փողոց նայող երեք պատուհաններից մեջտեղինի վրա դրած կիտրոնի ծառով, որի կանաչ տերեւների միջից 11 հասուն կիտրոնները ոսկե ձվիկների նման ժպտում էին:

Եթե առաջին հանդիպած մարդուն հարցնեիր՝ «որտե՞ղ է վարպետ Մինասի տունը», նա առանց երկար մտածելու կասեր. «Էսպես պլանով վեր գնա ու ձախ կողմի կարմիր դուռը թակիր, մեջտեղի պատուհանի վրա էլ մի մեծ քարե տուն կա, դա էլ Թավրիզյանի տունն է»:
Անցորդներն ակամա կանգ էին առնում այդ պատուհանի առջեւ եւ հիացմունքով ներս նայում:

Կարմիր դուռը բացվում էր նախագավիթի վրա. այդ կիսամութ այվանից երեւում էր արեւի պայծառ լույսով ողողված պարտեզը: Փողոցով գիշեր-ցերեկ կարկաչող առուն շաբաթը երկու անգամ գլուխը թեքում էր աջ եւ ուղիղ ճանապարհը կորցրած, մոլորված՝ պտույտներ էր գործում եւ կարծես դժգոհ՝ համառում, ապա քրթմնջալով՝ ակամա ծռում ճանապարհը եւ, նախագավթի տախտակածածկ առվի միջից խուլ խոխոջելով, գնում էր կյանք տալու ծարավից պապակած ծառ ու ծաղկին:

Նրա պարտեզում տասնյակ տեսակ վարդեր են ծաղկում՝ շուշան, զամբախ, մեխակ ու սուսամբար ու էլի շատ տեսակի ծաղիկներ են աճում ու լցնում օդը բուրմունքով:
Փողոցի դռանը նրան դիմավորում է շատ ավելի երիտասարդ թվացող կինը՝ կապուտաչյա Սոնան, որը եթե վրացական ձեւով կապած գլխաշորեր չկրեր, կարելի էր կարծել, թե վարպետի աղջիկն է, որը դուրս է եկել փողոց տեսնելու, թե ինչ է բերել հայրը շուկայից՝ խուրմա՞, ծամո՞ն, թե՞ նողուլ:

«Խորհրդային գրականություն» հանդես, 1938թ. (6-7)

Արամ ՊԱՉՅԱՆԸ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X