Ետ տվեք իմ ախպորը, ետ բերեք իմ զինվոր բալին. Վանաձորում հողին հանձնեցին 19-ամյա զինվորին

Վանաձորում այսօր հողին հանձնեցին 19-ամյա ժամկետային զինծառայող Հայկ Սամվելի Մինասյանին: Այն, ինչին ականատես եղանք, բառերով հնարավոր չէ նկարագրել. Որդուն կորցրած մոր տառապանք, եղբորը կորցրած քույրերի աղերսագին լաց՝ «ետ տվեք իմ ախպորը, ետ բերեք իմ զինվոր բալին» կանչերով:

Ներկա էին հարյուրավոր քաղաքացիներ, ծանոթ-անծանոթներ, շարքային զինվորներ ու սպայական կազմից անդամներ, ովքեր հազիվ էին զսպում իրենց՝ փորձելով ամեն կերպ թաքցնել արցունքները: Հայկի դին արդեն բակում էր, շուրջը հավաքված էին ընտանիքի անդամներն ու ծառայակից ընկերները, մայրն աղերսագին որդուն էր կանչում, իսկ քույրերը միայն մի բան էին խնդրում՝ «արթնանալ» մղձավանջային երազից:Մորը հանգստացնել ներկաներից որևէ մեկը չէր համարձակվում, ի՞նչ ասել կամ ինչպե՞ս մխիթարել, երբ ցավն համընդհանուր է, բոլորինը:

Զոհված զինվորի շուրջ, դագաղի կողքին հավաքվել էին նրա տարեկիցները՝ ծառայակից ընկերները, ովքեր ի զորու չէին զսպել արցունքներն ու լուռ հեկեկում էին: Մեկ էլ ամբոխի մեջից լսվում է մի տղամարդու խրոխտ ձայն՝ ուղղված Հայկի մորը՝ հանգիստ մնա մի փոքր, էս զինվոր բալեքդ երեսիդ են նայում, մեղք են երեխեքը: Անսահման ցավի մեջ գտնվող կինը օրհնում է հավաքված բոլոր զինվորներին, խնդրում, որ չբազմապատկեն մայրերի ցավն ու ողջ-առողջ տուն վերադառնան, «թող իմ որդին վերջին զոհը լինի»,-խնդրեց նա:

Վանաձորի թիվ 4 դպրոցի աշակերտները ծաղիկներ էին խոնարհում անցնող ճանապարհի ողջ երկայնքով, Հայկ Մինասյանն այդ դպրոցում էր սովորել: Հավաքվածները միայն մի ցանկություն ունեին, թող այսուհետ առավոտները չսկսվեն «ցավում ենք ու հպարտանում» խոսքերով:

Մեկնաբանություն
X