Դիմացինի սխալը

Ծանր, իսկապես ծանր ապրիլ էր բոլորիս համար: Եվ այս ծանրությունը, ինչ խոսք, շարունակվում է: Ոչինչ չես կարողանում անել, կենտրոնանալ, վերադարձնել այն կեցությունը, որով ապրում էինք մինչ ապրիլի 1-ը: Լարվածությունը նույնն է մնացել: Որքան էլ ասում ենք՝ «բոլորս մեր գործին», այնուամենայնիվ, «մեր գործը չի ստացվում», քանի որ բոլորս համակ ուշադրությամբ հետեւում ենք սահմանից եկող լուրերին՝ շունչներս պահած, հույսով, որ նոր օրն իր հետ նոր կորուստ չի բերի, վերջապես կդադարեն կրակոցները: Բայց, ցավոք, մեր ցանկությունը եւ իրականությունը գոնե այս պահին անհամադրելի են:

Պայմանավորված բանավոր հրադադարից հետո ադրբեջանական կողմից նորից կրակում են՝ օգտագործելով գրեթե բոլոր զինատեսակները: Եվ ամենաողբերգականը՝ համարյա ամեն օր զինվոր է զոհվում: Որքա՞ն է այս ամենը շարունակվելու: Իրականում ի՞նչ է նշանակում հրադադարի պահպանում՝ բանավոր պայմանավորվածությամբ: Ոչինչ հայտնի չէ: Կանխագուշակումներին տրվելու ժամանակ չկա: Այս ամենը մի փոքր նման է խարխուլ ուղերձի՝ «ձեզ ասում ենք մի կրակեք», եւ թվում է՝ այս երկկողմանի բանավոր պայմանավորվածությունը որեւէ լրջախոհ հենարան չունի:

Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը ոչ մի պայմանավորվածություն էլ չի պահպանում: Միայն, ասենք, ուղղաթիռներ եւ այլ վերջնազենքեր մեջտեղ չեն հանում: Դեռ չեն հանում՝ հարմար առիթի դեպքում այդ լկտիությանն էլ կգնան: Կրկին անգամ լարվածությունը գագաթնակետին է հասել, առհասարակ, չի թվում, թե այսպես կշարունակվի: Ադրբեջանը պիտի պատասխան տա իր կողմից կիրառված յուրաքանչյուր արկի ու փամփուշտի համար, որոնք խլում են մեր զինվորների կյանքը: Պատժի անխուսափելիությունն ինչ-որ մեթոդներով վերջապես պիտի աշխատի, քանի որ այլ տարբերակ չկա:

Ամենատխուրը՝ այս ծանր օրերի ողջ ծանրությունը պայթում է մեկմեկու դեմքին նետած «ազգի դավաճան, դավադիր, ազգի տականք, ազգի նողկանք» եւ այլ ֆանտասմագորիկ պիտակների բազմացմամբ եւ տարածմամբ: Նյարդերը, գիտակցությունը, իրատեսական միտքը՝ ամեն ինչ տեղի է տալիս: Եթե անգամ գիտենք ճշմարտությունը, գիտենք դիմացինի սխալը, սխալի հետեւանքները, հայհոյանքներն ու վիրավորանքները չեն կարող վերափոխություն անել, ընդհակառակը՝ ավելի են սրելու, խստացնելու հույզերն ու զգացմունքները, ավելի են խճճելու մեզ շրջապատող բովանդակ իրականությունը, հիմարության վրա հիմարություն են ավելացնելու:

Այս գերնյարդային, սպասողական, «ոտը կախ» օրերին անգամ ճշմարիտ խոսքը, վերլուծությունը, ենթադրությունները, մեծ ցանկության դեպքում, կարող են այլ կերպ ընկալվել: Ուրեմն այս պարագայում սթափությունն ու զսպվածությունն իսկապես կարող են հրաշքներ գործել:

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X