Պետական «հեղաշրջում» Թուրքիայում

«Սա պետական հեղաշրջում է՝ կատարված նախագահական պալատից», - մայիսի 4-ին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հրաժարականից հետո հայտարարեց Թուրքիայի հիմնական ընդդիմադիր կուսակցության՝ CHP-ի առաջնորդ Քեմալ Քիլիչդարօղլուն:

Կատարվածը «հեղաշրջում» որակեց նաեւ Թուրքիայի խորհրդարանում հաջորդ ընդդիմադիր կուսակցության՝ քրդամետ HDP-ի ղեկավար Սելահաթին Դեմիրթաշը: Մեկ օր անց՝ մայիսի 5-ին, երկրում գործող սահմադրական կարգի փաստացի դադարեցման մասին հայտարարեց արդեն նախագահ Էրդողանը, բնականաբար դա մատուցելով որպես ուղղակի մանդատով ընտրված նախագահի իշխանության հաստատում:

Թե Քիլիչդարօղլուն, թե Դեմիրթաշը ավելի քան ճիշտ են իրենց գնահատականներում, քանի որ փաթեթավորումից էություն չի փոխվում: Պետական հեղաշրջումը պարտադիր չէ, որ աֆրիկյան Սիերա-Լեոնեի սցենարով ընթանա, որը մի փոքրիկ երկիր է Ատլանտյան օվկիանոսի ափին, ադամանդի հանքանյութի նշանակալի պաշարներով, եւ որտեղ տասը տարի շարունակ՝ 1990-2000-ականներին, պետական հեղաշրջումներ ու քաղաքացիական պատերազմ է ընթացել: Երկրում համարյա տարին մեկ, մայրաքաղաքում եւ ադամանդի հանքավայրերով հարուստ շրջաններում նույն պրիմիտիվ սցենարով հեղաշրջումներ են իրականացվել՝ մի տաս-քսան զինվորական ներխուժել են գլխավոր իշխանական նստավայր, սպանել կամ ձերբակալել են օրվա իշխանություններին եւ հայտարարել են, որ այսուհետ իշխանությունը իրենք են՝ զուգահեռ դադարեցնելով սահմանադրության կամ օրենքների գործողությունը եւ հաստատելով նոր կանոններ: Ներխուժումները, սպանություններն ու հեղաշրջումները կատարվել են հիմնականում մայիս ամիսներին, երբ երկում սկսվում է տրոպիկական անձրեւների սեզոնը, եւ գետահուներից պեղված ու մեծ հորերում լցված ադամանդի հանքանյութը, անձրեւաջրերով մաքրվելուց հետո, պատրաստ է դառնում վաճառքի:
Թուրքիան իհարկե Սիերա-Լեոնե չէ, որեւէ մեկը ատրճանակ չի պահել Դավութօղլուի վրա, բայց միեւնույնն է մի մարդու՝ Ռեջեփ Թայիբ Էրդողանի կամքով նա հեռացել է այն պաշտոնից եւ պատասխանատվությունից, որ ստանձնել էր ուղիղ, համընդհանուր ընտրությունների արդյունքում, իրեն եւ իր առաջնորդած կուսակցությանը տրված ավելի քան 23 միլիոն քվեի արդյունքում: Երբ մեկ մարդու կամքը (ընդսմին ապօրինի կամքը, քանի որ Թուրքիայի գործող սահմանադրությամբ նախագահը պետք է լինի քաղաքականապես չեզոք եւ չխառնվի կուսակցությունների ու կառավարության գործերին) առոչինչ է դարձնում 23 միլիոն քվեով ստանձնած պատասխանատվությունը եւ պաշտոնավարությունը, դա հեղաշրջումից բացի այլ անուն չունի:

Ի միջի այլոց, Էրդողանը ոչ միայն Դավութօղլուին է հեռացրել, այլեւ երեկ հայտարարեց, որ ոչինչ չպետք է Թուրքիային ետ պահի նախագահական իշխանակարգի անցնելուց, երկրում սահմանադրորեն հաստատված խորհրդարանական իշխանակարգը չի գործելու, քանի որ ինքը 2014-ին առաջնային մանդատով ընտրվելով Թուրքիայի նախագահ, արդեն փաստացի հաստատել է նախագահական իշխանակարգ, եւ մնում է սահմանադրությունը համապատասխանեցնել իր ստեղծած իրականությանը… Կատարյալ խելագարություն, որը խորհրդարանական իշխանակարգի բոլոր ջատագովներին (իսկ նրանք, դատելով 2015-ի խորհրդարանական ընտրություների արդյունքներից, կազմում են ընտրողների մեծամասնությունը), չի թողնում այլ ընտրություն, քան միավորվել գործող սահմանադրության շուրջ եւ Էրդողանի դեմ:

Մի իրադրությունում, երբ երկրով մեկ, օրեկան տասնյակ զոհերի վիճակագրությամբ բախումներ են ընթանում քրդերի հետ, երբ երեք միլիոն փախստական կա երկրում եւ նրանց համար ԵՄ-ից օգնություն ստանալու խոստումները դեռ մնում են խոստում, երբ միջազգային դաշնակիցների հետ հարաբերությունները անհնարինության չափ վատացել են, հակառակորդների հետ դիմակայություններն էլ վերածվել են բացահայտ թշնամանքի, երբ երկրում հարյուրավոր լրագրողներ, գիտնականներ ու ակտիվիստներ են հետապնդվում ու ձերբակալվում, երբ երկրի խորհրդարանում պատգամավորների անձեռնմխելիություն օրենսդրորեն պաշտպանելու համար բռնուցքներն են գործի դրվում, այդ իրավիճակում երկրում քվեների կեսից ավելիին տիրապետող քաղաքական ընդդիմությանը միավորել ու հանել քո դեմ՝ սահմանադրության դեմ ոտնձգություններով, իրոք խելագարություն է…

Մնում է միայն տեսնել այդ խելագարությունը Էրդողանի՞ վերջաբանը կմոտեցնի, թե՞ Թուրքիայի ներկա հանրապետության:

Մեկնաբանություն
X