Պատերազմների վերադարձը

Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը հստակորեն կանխորոշեց, թե ապագայում քաղաքակրթության ավելի խոհեմ հատվածն ինչի դեմ պիտի կոնսոլիդացնի իր ուժերը, ինչի դեմ պիտի պայքարի՝ արմատախիլ անելով նացիզմ-ֆաշիզմ չարիքը, որ այլեւս երբեւէ մարդկությունը չվերապրի այն սարսափելի ավերը, որն ամբողջովին փոխեց մարդկային գիտակցության եւ այդ գիտակցության արարքի հանդեպ եղած բոլոր պատկերացումները։

Երկրորդ աշխարհամարտի օրերին եւ դրա ավարտից հետո էլ քաղաքակրթության ավելի խոհեմ հատվածը գիտեր, որ նացիզմը՝ այդ մահվան ու ստրկացման գաղափարախոսությունը, չի կարող գոյություն ունենալ, այն պիտի ոչնչանա, պիտի սպառվի ու ամբողջովին ջնջվի, եթե մարդկությունը որոշել է ապրել ու արարել։

Առաջին փուլում կարծես այդպես էլ եղավ։ Առաջին փուլի ավարտից հետո նեոնացիզմը, ֆաշիստական երեւումները շեշտված չէին, սակայն ոչ մի դեպքում չէին հեռացել ու չեն հեռացել: Ումբերտո Էկոյի «Հավերժական ֆաշիզմի» վարկածը կա եւ ամեն առիթով հիշեցնել է տալիս իր մասին. «Ուռ-ֆաշիզմի» համար չկա կյանքի համար պայքար, այլ կա կյանք՝ հանուն պայքարի։ Եթե այդպես է, ապա պացիֆիզմը համարժեք է թշնամու հետ եղբայրացմանը։ Պացիֆիզմը դատապարտելի է, քանզի կյանքը հավերժական պայքար է։

Միաժամանակ կա նաեւ Ահեղ դատաստանի բարդույթը։ Քանի որ թշնամին պիտի ոչնչացվի եւ կոչնչացվի, հետեւաբար՝ տեղի կունենա վերջին մարտը, որի արդյունքում տվյալ շարժումը ձեռք կբերի աշխարհի հանդեպ լիակատար իշխանություն։ Այսօրինակ «համապարփակ որոշման» լույսի ներքո էլ ենթադրվում է համընդհանուր խաղաղության դարաշրջանի՝ Ոսկե դարի գալուստը։ Սակայն սա հակասում է հարատեւ պատերազմի մասին թեզին, եւ դեռեւս ոչ մի ֆաշիստական առաջնորդի չի հաջողվել լուծում տալ այս ձեւավորված հակասությանը... Ամեն մեկին եւ յուրաքանչյուրին դաստիարակում են այնպես, որ դառնա հերոս։

Առասպելներում հերոսը հանդես է գալիս որպես բացառիկ, արտասովոր մի արարած, մինչդեռ «ուռ-ֆաշիզմի» գաղափարախոսության մեջ հերոսականությունը բնականոն երեւույթ է։ Հերոսականության պաշտամունքն անմիջականորեն կապված է մահվան պաշտամունքի հետ։ Պատահական չէ, որ ֆալանգայի անդամների նշանաբանն էր՝ Viva la muerte։ Սովորական մարդկանց ասում են, թե մահը ցավալի է, բայց այն պետք է դիմավորել արժանապատվորեն։ Հավատացյալ մարդկանց ասում են, թե մահը գերբնական երանության հասնելու տանջալից միջոց է։ «Ուռ-ֆաշիզմի» հերոսը տենչում է մահ, որը նրա համար կանխորոշված է որպես հերոսական կյանքի լավագույն փոխհատուցում։ «Ուռ-ֆաշիզմի» հերոսն շտապում է մեռնել։ Փակագծերում նշենք, որ այդ հերոսական անհամբերության ընթացքում նա առավել հաճախ սպանում է մյուսներին»:

Եվ այսպես շարունակ: Եթե ժամանակին նացիստական Գերմանիան, ֆաշիստական Իտալիան, նրանց դաշնակիցները մոլորակի եւ քաղաքակրթության գոյությանն սպառնացող չարիք ու դժբախտություն էին համարվում, ապա այսօր այդ երկրներին փոխարինում են եւ ԱՄՆ-ն, եւ Ռուսաստանը, եւ Չինաստանը, եւ Իսրայելը, եւ Թուրքիան, Ադրբեջանն ու այլ երկրներ, որոնք իրենց մեջ ներառում են նույն կայսրականության, ֆաշիզմի ու նացիզմի ակնհայտ տարրեր, բացահայտ դրսեւորումներ:

Երկրորդ աշխարհամարտից հետո խելագար տեմպերի հասնող սպառազինությունը, միջուկային, կենսաբանական զենքերի ստեղծումն այդ նույն մահվան փիլիսոփայության կրկնությունն ու այդ ավանդույթի շարունակությունն է: Այսօր աշխարհում ապրող շատ ու շատ երիտասարդներ համակրում եւ համալրում են «Իսլամական պետություն» կոչված ահաբեկչական խմբավորման շարքերը, քանի որ դա նրանց հնարավորություն է տալիս այս «անհերոսական» ժամանակներում «հերոսանալ», որոշակիորեն «իմաստավորել» իրենց «անիմաստ» կեցությունը:

Ադրբեջանական բանակի ներկայացուցիչները մտնում են հայկական գյուղ, սպանում են տատիկ-պապիկների, կտրում նրանց ականջները, միայն այն բանի համար, որ նրանք հայ են, իսկ «հայը» չարիք է ու «պիտի բնաջնջվի»: Պատերազմների վերադարձը սպասեցնել չի տալիս, շարժառիթները նույնն են՝ կրոն, ռասա, իմպերիալիստական մղումներ, ատելություն ազգային պատկանելության հողի վրա եւ այլն: Եթե ժամանակին մեծ տերությունները գիտեին, թե իրենց համատեղ ջանքերն ինչի դեմ են ուղղված, գիտեին «չարիքի ճիշտ տեղը», ապա այսօր միմյանց են մեղադրում՝ մերժելով համատեղ ջանքի հույժ կարեւոր գործառույթը: Իսկ այդ ընթացքում կործանվում են պետականություններ, քարտեզի վրայից երկրներ են ջնջվում, մարդիկ են ցեղասպանվում:

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X