Միքայել Մանվելյան. Յերեվան

Հատվածներ համանուն անավարտ վեպից

Չնայած բոլոր նորություններին, որ երկաթուղու գալը բերեց, Յերեւանի արտաքինը դարձյալ մնաց անփոփոխ: Նույն կեղտոտ ծուռումուռ փողոցները, գորշ կավաշեն տները. գարնան ու աշնան անձրեւներից շատ փողոցներ ուղղակի անանցանելի էին դառնում. «Էշն ընկնի՝ կխեղդվի»,- ասում էին երեւանցիները, եւ էշերն էլ, որպեսզի չխեղդվեն, մայթերի վրա էին քայլում, եւ մարդիկ ճանապարհ էին տալիս այդ գլուխը կախ անասուններին:

Կառքերի, անասունների, մարդկանց ոտի տակ տրորված կեղտը, խառնվելով ցեխի հետ, խավիծի նման կնճռոտում ու ճպճպում էր խորդուբորդ փողոցներում: Շուկայից հեռու չէր անգլիական այգի կոչված պուրակը, որ դարձել էր թափառական քոսոտ շների հավաքատեղի, եւ որտեղից օր ու գիշեր լսվում էին նրանց գզվռտոցը, կլանչն ու կաղկանձը:

Շուկայի մոտով է անցնում դեպի Վաղարշապատ, Աշտարակ, Իգդիր եւ այլ տեղեր տանող խճուղին: Դեռ Շուստովի գործարանին չհասած մի փոքրիկ հրապարակի վրա իրար են խառնվել խարխլված, կեղտոտ ու պատառոտված կառքեր, օմնիբուսներ, եւ եթե չլինեին նիհար ձիերը՝ լծված այդ կառքերին, կարելի էր կարծել, որ հնացած, անպետքացած կառքերի շուկա է: Չնայած այդ խղճուկ, կողերը դուրս ցցված ձիերին եւ ոչ վստահելի կառքերին, այնուամենայնիվ, կառապանները, երեսուն-հիսուն կոպեկով, չորս մարդ՝ կառքի մեջ, մեկը՝ իր կողքին, մեկը՝ իր ոտների մոտ, իսկ յոթերորդին, եթե կառքի նստողները չէին ուզում իրենց նեղել, նստեցնում էր նրանց ոտները դնելու տեղում, իսկ ոտները կախում էին կառքից:

Նա ամենեւին չէր մտահոգվում, որ տեղ չի հասցնի, կամ լավագույն դեպքում երեք ժամի փոխարեն հինգ-վեց ժամ կտեւի ճանապարհորդությունը: Շուստովի գործարանն անցնելուց խճուղին սկսում է իջնել, եւ քանի գնում՝ վայրէջքն ավելի է սրվում, ոլորապտույտ զիգզագներով իջնում է մինչեւ Խոջափլավի կամուրջն ու էլի սկսում վեր բարձրանալ մինչեւ Սարդարի այգին, որից հետո ընկնում է երկու կողմից բարձրացող պարսպապատ այգիների մեջ։ Սարդարի այգու վերելքի գլխից Զանգվի մյուս ափին, քերծի գլխին դեռ կանգուն է եւ Յերեւանի Սարդարի պալատը, եւ բերդի կավե հաստ պարիսպները:

«Խորհրդային գրականություն» հանդես, 1939թ. (10-11)

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X