Վերջապես ԼՂՀ խնդիրը մեռյալ կետից կշարժվի

Հինգշաբթի օրը միանգամից երկու հայտարարություն եղավ, որոնք երեւի «դարակազմիկ» նշանակություն կունենան Հայաստանի ներկա հանրապետության համար, բարեբախտաբար, այս անգամ՝ դրական առումով: Առաջինը ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հայտարարությունն էր Վիեննայում հաջորդ շաբաթ նախատեսվող Սարգսյան-Ալիեւ հանդիպման մասին, որին, հավանաբար, կմասնակցեն նաեւ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ ՌԴ ԱԳ նախարարները:

Հաջորդ շաբաթ կտեսնենք, թե հանդիպումն ինչ արդյունք կարձանագրի, բայց անձամբ ինձ թվում է՝ սա երեւի ամբողջ մի տասնամյակի կտրվածքով հատուկենտ լուրջ եւ երեւի միակ արդյունք գրանցող շփումը կլինի ղարաբաղյան խնդրի շուրջ: Հավանաբար, Վիեննայում կհայտարարվի Կազանի փաստաթղթի շուրջ սկզբունքային համաձայնության մասին կամ հաջորդ հանդիպման ամսաթիվ կհայտարարվի, որտեղ Կազանի փաստաթղթի համաձայնեցում կլինի: Ինչո՞ւ եմ այդպես կարծում: Առաջինը՝ որովհետեւ այլ պատճառով հազիվ թե ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ ՌԴ ԱԳ նախարարները հասնեին Վիեննա: Այդ մարդիկ չափից դուրս զբաղված են սկիզբ ու վերջ չունեցող տասնյակ հրատապ խնդիրներով՝ Սիրիայի պատերազմից, ISIS-ի դեմ պայքարից, Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումներից մինչեւ Եվրոպայում փախստականների հոսք, կոռուպցիայի դեմ պայքար, Ուկրաինայի հիբրիդային պատերազմ, որպեսզի հասնեն Վիեննա՝ դիցուք, Սարգսյանի եւ Ալիեւի փոխադարձ մեղադրանքները լսելու կամ նրանց ինչ-որ բան հորդորելու համար: Դա կարելի է հաջողությամբ սեփական մայրաքաղաքներից էլ անել:

Ապրիլյան էսկալացիայից հետո միջազգային դիվանագիտական շրջանակներում կարծես ամենքն էլ գիտակցում են, որ ԼՂՀ խնդրին պետք է վերջակետ դնել, եւ բանակցային սեղանին առկա Կազանի փաստաթղթից այն կողմ չարժե ժամանակ ու ջանքեր վատնել ու նոր հեծանիվ հայտնագործել: Հարկավոր է միայն, որ կողմերն այն ստորագրեն եւ դրան էլ կհասնեն:

Ալիեւը, ի տարբերություն հինգ տարի առաջվա, այս անգամ, գլուխը խոնարհած, սեղանին դրվող համաձայնագիրը կստորագրի, քանի որ 2011-ից ընդամենը հինգ տարի անց աշխարհն այնպես է շուռ եկել, ինչպես Ալիեւը չէր էլ կարող երեւակայել: 2011-ին Ալիեւը կպատկերացնե՞ր, թե Ռուսաստան-Արեւմուտք հակամարտություն կծագի, ինչի արդյունքում նավթի գները 4-5 անգամ կնվազեն՝ բարելի դիմաց 150 դոլարից հասնելով 30-40 դոլարի, դա քիչ է՝ ինչ-որ ISIS ասպարեզ կիջնի, որի երեսից իսլամն ու մահմեդականները կսկսեն մերժվել կամ սվիններով ընդունվել Արեւմուտքում, Մերձավոր Արեւելքում շիաներն ու սուննիները եղբայրասպան պատերազմի մեջ կթաղվեն, որի ավարտը չի էլ երեւում նույնիսկ սիրիական խնդրի կարգավորման դեպքում, Թուրքիան քաոսի կվերածվի, որտեղ քրդերի հետ բախումներին հնարավոր է ներքաղաքական բախումները գումարվեն շուտով, վերջապես՝ Ռուսաստանն էլ Արեւմուտքի եւ Թուրքիայի հետ վատթարացած իր հարաբերություններով խնդիր կդառնա Բաքվի համար… ոչ մի կողմից լույս չի երեւում Բաքվի համար, ինչն Ալիեւին թույլ տար չլուծված խնդիրների բեռ քարշ տալ՝ նաեւ փախստականների, ռազմական ծախսերի եւ ռազմական կորուստների տեսքով:

Ալիեւը հիմար չէ եւ հասկանում է, որ Հայաստանին վնասելու երկու տասնամյակ վարած քաղաքականությունն այժմ բումերանգի պես հարվածելու է իրեն։ Սեփական վնասները կանխելու համար Ալիեւն առաջարկվող համաձայնագիրը կստորագրի՝ ճիշտ, ինչպես ապրիլի 4-ին Ստեփանակերտը գնդակոծելու հոխորտանքից ընդամենը ժամեր անց հրադադարին համաձայնեց:

Ի դեպ՝ հիշում եմ, որ 2011-ին Կազանի հանդիպումից առաջ, երբ նույնիսկ միջազգային լրատվամիջոցները համաձայնագրի կետեր էին հրապարակում, հավատացած, թե համաձայնագիրը կստորագրվի, ինքս երբեք դրան չէի հավատում եւ գրել էի, որ Ալիեւը չի ստորագրի ԼՂՀ հարցով ոչ մի համաձայնագիր, ինչ էլ լինի դրա բովանդակությունը, որովհետեւ Ղարաբաղն Ալիեւին քիչ է հետաքրքրում: Ալիեւի նպատակը Հայաստանին վնասելն է, եւ նա երբեք համաձայնագիր չի ստորագրի ու Հայաստանին տնտեսապես վնասելու իր հնարավորությունները սահմանափակի:Եվ, իհարկե, չստորագրեց:

Ճիշտ նույն տրամաբանությամբ էլ այժմ համոզված եմ, որ Ալիեւը կստորագրի, նորից անկախ համաձայնագրի կետերի նրբերանգներից, որովհետեւ այժմ Հայաստանին վնասելու հնարավորությունները նվազել են եւ տեսանելի ապագայում շատ ավելի են նվազելու՝ Թուրքիայի ներքին ցնցումների, Ռուսաստանի թուլացման եւ Եվրոպայի հետ Հայաստանի շարունակվող եւ ընդլայնվելու հեռանկար ունեցող հարաբերությունների խորքին, մինչդեռ Ադրբեջանի համար չորս կողմում փլուզում է ու սպառնալիք՝ իսլամական աշխարհում, Եվրոպայում, Թուրքիայում, Ռուսաստանի հավակնություններում: Այդ փլուզվող իրականությունում միայնակ կանգնելու եւ ոչ մի ճամբարի չմիանալու համար Ալիեւին պետք է խնդիրներ չունենալ, մանավանդ՝ Ղարաբաղի խնդրի նման ամեն պահի սրվելու եւ Ադրբեջանի տնտեսական կայունությունը խորտակելու ընդունակ խնդիր:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X