Միքայել Մանվելյան. Յերեվան

Հատվածներ համանուն անավարտ վեպից

Երեւանի բոմոնտը չինական պարիսպներով բաժանված էր Աստվածածնա ուխտավորներից, մանր առեւտրականներից եւ այգեպաններից: Նրանք արհամարհանքով էին նայում եւ վիրավորական էին համարում խառնվել այդ խաժամուժ ամբոխին:
Նրանք ունեին իրենց ոչ մեծ շրջանը եւ գրեթե ամեն օր մեկի տանը հավաքված՝ թուղթ էին խաղում, պարում, ապա լուսացնում ճոխ սեղանների առաջ: Այդ շրջանում ֆրակ ու ցիլինդրի էլ կհանդիպեիր: Ամեն մեկը, որ բախտ էր ունենում գեթ մի ամիս լինել Թավրիզ, Բեռլին կամ մի այլ արտասահմանյան քաղաքում, հետը պարտք էր համարում ցիլինդր բերել եւ առաջին օրերին այդ գլխարկով փողոց դուրս գալ: Թեեւ ինքն էլ շատ լավ տեսնում էր, որ այդ կավաշեն տների, ծուռումուռ փողոցների, լուլաքարերի, դարչնի եւ զանջաֆիլի, թեյի, ծածկված շուկայի, ղանթարի միջավայրում այդ փայլուն գլխարկը դիսոնանս էր մտցնում, բայց Փարիզից դուրս գալու հանգամանքն այնքան ուժեղ էր, որ, նրանք չնայած փոքրիկ տղաների «հոյ-հոյ»-ներին եւ մեծերի ծաղրին, որ հազիվ էին զսպում ծիծաղները, որ չփռթկան, էլի մի քանի օր համառում էին, բայց վերջը ստիպված թաքցնում այդ փայլուն գլխարկը, գեղեցիկ հատուկ ֆուտլյարի մեջ դնում մի անկյունում, մինչեւ կամաց-կամաց շրջելով բոլոր անկյունները՝ գտնում էր իր տեղը, բարձրանում պահարանի գլուխը, այնտեղից երբեք չիջնելու պայմանով:

Այդ շրջանի կանայք Թիֆլիսի եւ Բաքվի կանանցից հետ չմնալու համար Մոսկվայից էին ստանում իրենց զգեստներն ու գլխարկները: Հաճախ չէր, բայց պատահում էր, որ Փարիզից բերված հագուստի էլ կհանդիպեիր: Նրանք ամեն կերպ աշխատում էին իրենց ազնվատոհմ լինելը արդարացնել:

Ընտանեկան զվարճությունից ձանձրացած տղամարդիկ իրենց խրախճանքը երբեմն Գրանտ օտել էին տեղափոխում, երբ լուր էին ստանում, որ նոր կոկոտներ են ստացվել: Օրգիաներ, աթենական գիշերներ էին սարքում՝ հիշելով մեծ քաղաքներում իրենց անցկացրած անմոռանալի օրերը:

«Խորհրդային գրականություն» հանդես, 1939թ. (10-11)

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X