Ալիեւը գլուխը կախել է եւ համաձայնում է

Երեկ Վիեննայում կայացած հանդիպումների շարքն աննախադեպ էր ԼՂՀ խնդրի գոնե վերջին տասը տարվա պատմության մեջ: Վերջին անգամ ԼՂՀ խնդիրը միջազգային ուշադրության եւ դիվանագիտական ջանքերի կենտրոնում եղել էր երեւի հինգ տարի առաջ՝ Կազանում, բայց Կազանը համեստ իրադարձություն էր երեկվա Վիեննայի համեմատ: Կազանում Մինսկի խմբի եռանախագահող երկրների ղեկավարությանը ներկայացնում էր միայն ՌԴ նախագահը։ Իսկ երեկ Վիեննայում էին ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ ՌԴ ԱԳ նախարարները, որոնք հանդիպում էին Սարգսյանի եւ Ալիեւի հետ, Եվրամիության երկրների անունից նրանց էր հանդիպում նաեւ Ֆեդերիկա Մոգերինին: Հասկանալիորեն նման գերբարձր դիվանագիտական ակտիվությունը հնարավոր էր միայն բեկում կամ տեղաշարժ արձանագրելու նախաշեմին: Թվում է՝ այդպես էլ եղել է:

Մինչ երեկ երեկոյան ՀՀ նախագահականը տեքստեր էր տարածում, թե Սերժ Սարգսյանն ինչ է ասել Մոգերինիին կամ Քերրիին (երբ իրականության մեջ նշանակություն ունի միայն այն, թե ինչ են ասում Սարգսյանին), ամերիկյան դիվանագիտական աղբյուրներից միջազգային լրատվամիջոցներից մեկով՝ «Ռոյթերսով» տարածվեց, որ ըստ էության Սարգսյանը եւ Ալիեւը Վիեննա են հրավիրվել «մադրիդյանի սկզբունքներին» վերջնական համաձայնություն տալու եւ հաջորդ հանդիպմանը համապարփակ համաձայնագիրը բանակցելու համար:

ԱՄՆ դիվանագետը ասել է. «Մենք ցանկանում ենք տեսնել այնպիսի արդյունք, երբ նախագահները կհամաձայնեն որոշակի քայլերի, որոնք կնվազեցնեն լարումը: Մենք ցանկանում ենք, որ երկու կողմերն էլ հանձն առնեն հանդիպել՝ համապարփակ կարգավորումը բանակցելու համար: …Պետքարտուղար Քերրին խնդրելու է նախագահներին մոտ ապագայում հանդիպել այդ համապարփակ համաձայնության վրա աշխատելու համար»:

Դիվանագետն ասել է, որ հանդիպման ընթացքում ժամանակ չի լինի խորանալ էության մեջ, թե հակամարտությունն ինչպես պետք է կարգավորվի, բայց ավելացրել է. «Կան սկզբունքներ եւ տարրեր, որոնք բանակցությունների հիմքն են, եւ դրանք երկար ժամանակ սեղանին են, հետեւաբար, այս երեկո ցանկանում ենք, որպեսզի քննարկմանը երկու կողմերն էլ վերահաստատեն իրենց հանձնառությունն այդ տարրերին եւ սկզբունքներին եւ դրանք հաստատեն որպես առաջ շարժվելու հիմք»:

Պետդեպի ներկայացուցիչը նաեւ ասել է, որ երկու կողմերը նախկինում մոտ են եղել կարգավորմանը «եւ այնքան էլ հեռու չեն» նրանից, ինչ տեսք կարող է ունենալ համաձայնությունը:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X