Քաղաքականություն

Էթիկա խաղացնելը

Մենք արդեն գիտենք, որ պատերազմը կարող է ներել ամենադաժան ու ոչ լեգիտիմ իշխանությանը, մանավանդ, երբ այդ իշխանության օրոք հաղթանակներ են տոնվում: Հաղթական ավարտով պատերազմը, իհարկե, նույնիսկ երկար ժամանակով ունակ է պարզաջրել ամենաապօրինի իշխանության երեսը: Բայց նույնիսկ այդ դեպքում էլ շատ մարդիկ հոգու խորքում գիտակցում են, թե ինչ հանգամանքներում, ճակատագրի նախախնամությամբ է վերափոխվել հարստահարող կառավարման համակարգի բնույթը, վերափոխվել է իրենց աչքերում, այլ ոչ ճշմարտության:

Եվ օրերից մի օր ամեն ինչ նորից է սկսվում, երբ հնանում է պատերազմական օրերի խրոնոլոգիան, եւ կեցությունն իր նախնականության հունն է բռնում, առօրյա հոգսերը դուրս են գալիս առաջնագիծ, եւ այսպես շարունակ:

Դիցուք, Հովիկ Աբրահամյանի «խելքի գալու եւ բարեխղճության» ճառն ուղղամտության դիրքերից ծնվեց, բայց արդյոք մենք պիտի համաձայնե՞նք, հանդուրժող գտնվե՞նք այդ ճառի (շատերի համար այս օրերին հասկանալի ու ցանկալի) տոնայնությանը:

Ահա, փողոցներում ու բակերում արդեն լսելի է «ոչինչ, գոնե հիմա խելքի գան» վտանգավոր արտահայտությունը: Իսկ գուցե խելքի գալու համար բավականին ո՞ւշ է: Հովիկ Աբրահամյանի ու իշխանության «ծուռ վիզ մարդու, խելքի էկողի» ոճը պարզապես հերթական անգամ ամրացնում է ձախողված իշխանության կացությունը:

Ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գծում որքան տեւի լարվածությունը, որքան տեւի պատերազմական դրությունը, պատերազմի սպասումը, այնքան իշխանությունն ավելի հեշտությամբ եւ ճկունությամբ է վավերացնելու իր կյանքը: Բոլոր ասպարեզներում երկիրը փակուղու առջեւ կանգնեցրած մարդիկ շատ լավ են հասկանում, որ լրիվ ժամանակն է այս «պատերազմական, կիսապատերազմական» առիթը ճիշտ ձեւով օգտագործելու: Եվ օգտագործում են:

Պատերազմական էթիկա խաղացնելով՝ աշխատում են մոռացության մեջ լռեցնել տարիների ապօրինությունը եւ ղեկավարման իսպառ ամլությունը, որի արդյունքում ներկա պահին մեծ պատերազմի շեմին ենք: «Քավության նոխազներ» են փնտրում-գտնում, ազատում են աշխատանքից, ազատում են իրենց կողմից ստեղծված մարդկանց, ցույց են տալիս, թե ինչ-որ բան են կարգավորում: Սա բացարձակ այլակերպություն է, կազմակերպված դավադրություն մի ողջ ժողովրդի հանդեպ, որին, իհարկե, տարիների ընթացքում անհաշվելի անգամ խաբել են եւ սերտել խաբեության հասնելու բոլոր ձեւերը:

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X