Հոլմսյան բացահայտումներ

1. Աշխարհի Հոլմսը

Եթե աշխարհը դիտարկենք որպես գրական ժանր, այնուամենայնիվ, այն կվերակերպվի գրականությանը եւ աշխարհին վերանայելու հերթական մի մեկնաբանության: Սակայն այլ տարբերակ չկա, չէ՞ որ խոսքը գրականության միջոցներով աշխարհի համար ստեղծված ամենահայտնի խուզարկու Շերլոկ Հոլմսի մասին է: Հոլմս վերապրեց եւ շարունակ վերապրում է Կոնան Դոյլին: Այսօր Լոնդոնի Բեյքր-սթրիթ «աներեւույթ» փողոցն իրականության բացարձակ առհավատչյան է, դետեկտիվության պարականոն ուղենիշը, մտապատկերում՝ նիհար, բարձրահասակ, ծխով պարուրված, բուն մասնագիտությամբ, հավանաբար կամ մոտավորապես, կենսաքիմիկոսը, որի միտքը կազմավորվում է միայն այն ժամանակ, երբ վերջապես բացահայտվում են հանցագործության շարժառիթն ու կատարման կենսագրությունը:

Գրականությունը, ինչպես Դոն Կիխոտին, Ռոբինզոն Կրուզոյին, Գուլիվերին եւ Կանդիդին, այնպես էլ Շերլոկ Հոլմսին արժանիորեն տվել է աշխարհի քաղաքացիության անձնագիր, ազատ տեղաշարժվելու բացառիկ հնարավորություն՝ վերածելով նրան շարունակական մեթոդի: Հավերժական վերադարձի «առասպելն» այլեւս Հոլմսի ճակատագիրն է: Անգամ մեծ ցանկության դեպքում հանցագործությունները բացահայտելուց եւ արդարադատությունը վերականգնելուց հետո Հոլմսին դժվար թե թույլ տան վերադառնալ Բեյքր-սթրիթում գնվող իր բնակարան, փռվել բազմոցին, զրուցել դոկտոր Վաթսոնի հետ՝ վայելելով նոր լցրած ծխամորճը: Աշխարհը, որպես հանցագործություն, պիտի բացահայտվի, ուստի Հոլմսը շարունակում է իր գործը մոլորակի գրեթե բոլոր անկյուններում ստեղծվող տասնյակ վեպերում, պատմվածքներում, ֆիլմերում ու անիմացիաներում:

2. Հոլմսի աշխարհը

Երբ Կոնան Դոյլը Հոլմսի մասին պատմությունների շարքն ավարտեց նրա մահով, ընթերցողները զայրացան եւ հեղինակին ողողեցին նամակներով: Դրանք ցասումով լի նամակներ էին: Մարդիկ արդարություն էին պահանջում՝ վերակենդանացնել հռչակավոր խուզարկուին եւ նրան նոր հանցագործություններ բացահայտելու հնարավորություն տալ:

1958 թվականին «Հայպետհրատի» «Արկածային գրադարան» մատենաշարը լույս ընծայեց «Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին» ժողովածուն. մոխրագույն կտորանման կազմով, կենտրոնում դոկտոր Վաթսոնի եւ Շերլոկ Հոլմսի մատիտանկարն է: Ինքս, սիրելի գրքի ընթերցանության ժամանակ միջնամասերում հանդիպելով «Հոլմսի վերջին գործը» պատմվածքին, վախճանականության զգացողությունից հուսահատվել էի՝ մտածելով, որ էլ երբեք չենք հանդիպի: Սակայն պրոֆեսոր Մորիարտիի հետ կենաց-մահու գոտեմարտի բռնված Հոլմսը հայտնվեց հենց հաջորդ պատմվածքում, եւ ամեն ինչ տեղն ընկավ: Կոնան Դոյլն այլընտրանք չուներ, քան կյանքի կոչել հազարավոր ընթերցողների հիրավի ազնիվ պահանջը, հետեւաբար, Հոլմսի արկածները շարունակվեցին: Հոլմսյան պատմությունները եզրափակելով 56 պատմվածքով եւ 4 վեպով՝ Կոնան Դոյլը միայն նոր էր նախասահմանում նրա աշխարհը: Չլիներ Շերլոկ Հոլմսը, չէր ծնվի նաեւ Կոնան Դոյլը: Գրականության պատմության մեջ սա այն դեպքերից է, երբ հեղինակը կերպարից է սերում, իսկ աշխարհը՝ կերպարից: Եվ այդ աշխարհի անվերջության գաղտնիքը թովչանքն է, Հոլմսի անհատականությունը, նախասիրությունները, հանցագործություններ բացահայտելու պոետիկան. «Հոլսմի ոչ միայն աշխատանքում, այլեւ հոգեբանության մեջ ոստիկանական ոչինչ չկա: Նա ավելի շուտ պոետ է ու արվեստագետ: Նա կրքոտությամբ սիրում է երաժշտությունը, հատկապես Հայդնին եւ Վագներին, ինքն էլ հրաշալի ջութակ է նվագում:

Ջութակահար Սարասատեի համերգը նրա համար մեծ իրադարձություն է: Խոսակցության մեջ նա հաճախ մեջբերումներ է անում Հորացիոսից, Պետրարկայից, Հաֆեզից, Ֆլոբերից: Ընդհանրապես, նա բարձր կուլտուրայի մարդ է. մի քանի գիտական աշխատություններ ունի հոգեբուժության եւ քիմիայի մասին: Նրան խորթ չէ նաեւ փիլիսոփայական մտածողությունը («Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին», Երեւան, 1958թ., «Հայպետհրատ»:

Քաղվածքը՝ Կոռնեյ Չուկովսկու առաջաբանից, էջ 14) - ահա, անգամ նրա մարմինը, ժեստերը, խորհելու եւ խոսելու կերպը կազմավորում են մի երկրամաս, ուր հարափոփոխ բնակչի գրեթե անհնար է պատկերացնել: Ակադեմիզմը, առեղծվածայնությունն ու վերացականությունը խորթ են Հոլմսին: Նրա կերպարի քնարականությունը հարադրվում է գիտական մտքի հստակությանը՝ հավասարակշռության մեջ պահելով զգացմունքի եւ հորինվածքի մեծ տատանումներին: Տալ հավերժական աշխարհի պատրանք. ահա թե ինչով է զբաղված Հոլմսը: Այսօրինակ հավերժությունից ո՞վ կհրաժարվի: Եվ, ուրեմն, աշխարհը Հոլմսից հետո ընդամենը Հոլմսի աշխարհն է:

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X