Հոլմսյան բացահայտումներ

Խուզարկուի հայտնությունը Երեվանում

« - Հետքերը չտրորել,- զգուշացրեց նշանավոր խուզարկուն եւ հանկարծ անձայն ծիծաղեց, ինչպես միայն ինքը կարող էր: Նրան ուղեկցում էին միլիցիայի տեղամասային տեսուչ Սրապը եւ երիտասարդ գրավիչ մի կին, որի դեմքը գունատ էր ու թախծոտ: Կինը մեծ ջանքերով էր զսպում արցունքները, վախենալով փչացնել կոպերի եւ թարթիչների բաց մանուշակագույն ներկը: Նկատելով, որ հռչակավոր խուզարկուն լուռ ծիծաղում է, կինը ցնցվեց.

  • Դուք ինչ-որ բա՞ն նկատեցիք, պարոն Հոլմս»:

Այսպես է սկսվում հայ արձակագիր, երգիծաբան, դրամատուրգ Արտաշես Քալանթարյանի «Շերլոկ Հոլմսը՝ Հրազդանի ձորում» կարճ պատմվածքը։ Այն զետեղված է «Ինչո՞ւ տրորեցիր ծաղիկները» գրքում (Երեւան, 1988թ., «Արեւիկ»): Շերլոկ Հոլմսը հայ գրականության ասպարեզ է մտել դեռ դարասկզբին՝ 1911թվականին Պոլսում լույս տեսած Երվանդ Օտյանի «Ապտյուլ Համիտ եւ Շեռլոք Հոլմս» պատմաարկածային վեպով: Օտյանի վեպում Հոլմսը կիրառվում է ավելի շատ որպես կաղապար, որոշակի հանգույցներ թելադրող եւ իր էությամբ դրանց վրա ներգործող ոչ առաջնային, այլ մտաբերվող նյութ, իսկ, ահա, Արտաշես Քալանթարյանի պատմվածքում գլխավոր գործող անձը, որի շուրջ կառուցվում է ողջ պատմվածքը, հենց նշանավոր խուզարկուն է: Հեղինակը Բեյքր-սթրիթից նրան տեղափոխել է Երեւան՝ Հրազդանի ձոր, որտեղ դեռ չպարզված հանգամանքներում, քեֆ-ուրախության ժամանակ, հանցագործություն է կատարվել:

«Նշանավոր խուզարկուն երկար ժամանակ տարակուսած մեկ լրագրերին էր նայում, մեկ տեսուչ Սրապին եւ այնպիսի հուզմունքով էր ծխում ծխամորճը, որ նրա դեմքը մի քանի վայրկյան չէր երեւում ծխի քուլաների մեջ:

  • Հըմ,- ի վերջո փնթփնթաց նա,- ո՞վ կկռահեր: Երեկոյան թերթը՝ առավոտյան: Սրամիտ է մտածված: Սա վկայում է, որ մենք գործ ունենք կանխամտածված հանցագործության հետ... լավ, շարունակենք: Այստեղ խնջույքի են հավաքված եղել քառասունութ հոգի: Նրանց հետ եղել է նաեւ անգլիացի կիսագրագետ մի պատանի՝ Փոխոս արտառոց ազգանունով:

  • Պողոսն է, Պողոսը,- բացականչեց գրավիչ կինը,- քրոջս տղան է, անգլիական թեքումով դպրոցում է սովորում: Բայց Դուք ինչպե՞ս իմացաք այդ, պարոն Հոլմս:
    Հոլմսը ներողամտաբար ծիծաղեց իր անձայն ծիծաղով:

  • Դա դժվար չէր իմանալ, տիկին: Այդ Փոխոսն իր անունը դանակով փորագրել է, ահա, այս ծառի բնին: Եվ քանի որ հայտնի է, որ մարդիկ պատին կամ ծառին գրում են իրենց աչքերի ուղղությամբ, ապա դժվար չէ եզրակացնել, որ նա կամ պատանի է եղել, կամ լիլիպուտ:

  • Ապշեցուցիչ է,- անսքող հիացմունքով բացականչեց թովիչ կինը»:

Հրազդանի ձորում գրեթե ֆարսային իրականության մեջ հայտնված խուզարկուն, որի հետ հանցավոր արարքի մանրամասներն են փորձում բացահայտել խորհրդային միլիցիայի ներկայացուցիչ՝ տեղամասային տեսուչ Սրապը եւ մի «երիտասարդ, գրավիչ կին», Արտաշես Քալանթարյանի պատմվածքում ակնհայտորեն ներկայացված է երգիծաբանական համատեքստում: Եվ բուն հանցանքը, որն իր բոլոր նախանշաններով հանդերձ դեռ ենթադրյալ է, եւ Հոլմսը ասես կենսուրախ զավեշտախաղի մեջ են: Քալանթարյանը «պատմական» Հոլմսից խիստ շեշտված բաներ պահպանել է: Նրան ճանաչելի դարձնող սիմվոլներից ամենահատկանշականներն են՝ ծխամորճը. «Հոլմսի գլուխը կրկին մի քանի վայրկյան կորավ ծխամորճից ելնող խիտ ամպերի մեջ»:

Ձեռնափայտի մասին հիշողությունը. «- Երդվում եմ ձեռնափայտովս, որ մոռացել եմ հետս բերել,- վշտացած ասաց խուզարկուն,- որ սա ամենամութ գործն է իմ հետախուզական գործունեության մեջ»: Դոկտոր Վաթսոնի անվան հիշատակումը. «- Ա՜հ,- բացականչեց Հոլմսը:- Ինչո՞ւ ինձ հետ չէ դոկտոր Վաթսոնը, որ հայհոյեր երկուսիս փոխարեն»: Թվում է՝ նշանները ոչ միայն ճանաչել են տալիս Հոլմսին, այլեւ ոգեկոչում են այն փառահեղ անցյալը, որ գրվել է նրա խառնվածքը ջրի երես հանող այս ինքնատիպ դեկորներով: Խաղի, աբսուրդի եւ երգիծանքի ճնշման տակ պատմվածքն ազատագրվում է հոլմսյան բացահայտումների տրամախոհական լարվածությունից, նաեւ մելամաղձության եղանակից, որը Հոլմսի ներաշխարհի երեւելի մասն է: Ինչ խոսք, նաեւ իր սրամտությամբ հայտնի խուզարկուն, այնուամենայնիվ, Քալանթարյանի պատմվածքում ամբողջովին տրվում է humour noir-ի ամենաթողությանը. «Լսվեց սրտակեղեք մի ճիչ, ընկնող մարմնի ձայն եւ ահասարսուռ մի հեկեկոց: Հոլմսը եւ Սրապը շրջվեցին անմիջապես: Նշանավոր խուզարկուն ձեռքը տարավ դեպի ատրճանակը, բայց ոչ ոք չկար: Միայն ջահել ու գրավիչ կինն էր ծնկել գետնին, նախապես ոտքերի տակ լրագիր փռելով:

  • Բայց իմ ամուսինը, իմ ամուսինը, որտե՞ղ է նա: Տվեք ինձ իմ ամուսնուն,- հեծկլտում էր նա:

-Օ՜, մի՞թե սա նրա ազնիվ արյունն է:

  • Բայց դա խոճկորի արյուն է, տիկին,- անգլիական նրբավարությամբ նկատեց Հոլմսը»:

Գրական աշխարհը՝ առանց Հոլմսի

19-րդ դարում որոշակի արձակի որոշակի կանոններով ստեղծված Շերլոկ Հոլմսը, ժամանակների փոփոխություններին համընթաց, իր հետ վերցնելով եղած ու չեղած նոթերի ողջ տրցակը, աստիճանաբար նորովի է սահմանվում՝ լքելով գրական աշխարհի մայրական տարածքը: Արտաշես Քալանթարյանի «Շերլոկ Հոլմսը՝ Հրազդանի ձորում» պատմվածքն այդ բնական տարածությունից դեպի նոր տարածություն անցման ակնթարթի, այդ երկուսի արանքում գցված կամրջի առարկայացումն է: Ընդամենը մեկ հարվածով հատվում է Հոլմսին գրականությանը կապող պորտալարը, եւ նա արդեն կինոյի տարածքում է: Խուզարկուն արդեն պատկանում է կինոյի աշխարհին.

«- Կա՛նգ առ,- այդ վայրկյանին լսվեց ահեղագոչ մի ձայն: Սրապը քարացավ տեղում ու ետ նայեց: Հոլմսն ու գրավիչ կինը եւս վախեցած շրջվեցին դեպի ձայնը: Վազելով՝ նրանց էր մոտենում կարճահասակ, գիրուկ մի մարդ՝ ծանր հեւալով եւ վանդականախշ թաշկինակով սրբելով ճակատի քրտինքը.

  • Կա՛նգ առ,- գոռաց նա կրկին:- Այդ ի՞նչ եք անում, ի՞նչ եք ձեզանից բաներ հնարում: Դու ի՞նչ ես չափազանցնում,- բղավեց նա կնոջ վրա:- Ի՞նչ ես ողբերգություն խաղում: Ո՞վ է տեսել, որ կինն այդքան սրտանց լաց լինի կորած հարբեցող ամուսնու համար: Ձեւականորեն մի քիչ թնկթնկա, հերիք է: Դուք, ընկեր Եղոյան,- ասաց նա, դիմելով Հոլմսին,- հոյակապ եք, այդպես էլ կշարունակեք: Իսկ ձեզ, ընկեր Նազարյան, ո՞վ է թույլ տվել սցենարից դուրս խոսքեր ասել: «Զազրախոսել» բառն այստեղ կա՞... կա «ծառերը ջարդել», «կանաչը տրորել», «արձանը հաշմել»...

  • Դե, էդ բոլորն առանց զազրախոսելու կլինի՞,- նեղացած ասաց Սրապը,- բա էլ որտե՞ղ մնաց դերասանի ստեղծագործական ինքնուրույնությունը, ընկեր ռեժիսոր:

  • Վերջ տուր քննադատությանը,- բղավեց ռեժիսորը,- ժողովում չես: -Նա ուժգին ծափ տվեց ու գոռաց.

  • Ուրեմն՝ բոլորը սկզբից: Ուշադրություն…Գնացի՜նք…

  • Վա՜խ, վա՜խ,- հայերեն հառաչեց անգլիացի նշանավոր խուզարկուն»:

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X