Հունիսին ԼՂՀ-ի վերաբերյալ համաձայնագիրը կստորագրվի՞

Երբ ապրիլի 4-ին դադարեցին ռազմական գործողությունները ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ, անշուշտ, չեղավ որեւէ պաշտոնական տեղեկություն, թե ինչպես դա պատահեց: Սարգսյանը հավատացրեց, թե ադրբեջանական կողմն էր զանգել Մոսկվա եւ խնդրել ՌԴ-ին միջնորդել, որպեսզի հրադադար հաստատվի, Ալիեւին էլ եթե լսենք՝ հայկական կողմից էին Մոսկվա զանգել: Իրականում, հավանաբար, Մոսկվա չէին զանգել ոչ Բաքվից, ոչ էլ Երեւանից, այլ նրանից հետո, երբ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հեռախոսային խոսակցություններ ունեցավ Սարգսյանի եւ Ալիեւի հետ, ռազմական գործողությունները երկու կողմից էլ դադարեցվեցին: Դրանից հետո, միանգամայն հնարավոր է, Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ կոորդինացիայի արդյունքում, արդեն հրադադարն ամրապնդելու համար ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը Բայդեն-Ալիեւ, Բայդեն-Սարգսյան խոսակցություններից բխող հաջորդ քայլն էր կատարել՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈւ շտաբի պետերին հրավիրել էր Մոսկվա՝ դեմառդեմ հրադադարը հաստատելու:

Հրադադարի հաստատումից հետո քաղաքական հաջորդ քայլը պետք է լիներ ԼՂՀ խնդրի հանգուցալուծման արագացումը, ինչից ելնելով էլ՝ Սարգսյանը եւ Ալիեւը մայիսի 16-ին հրավիրվեցին Վիեննա: Վիեննայի հանդիպման լուսանկարից բոլորին ակնհայտ դարձավ, որ ԱՄՆ-ն ստանձնել է ԼՂՀ խնդրի կարգավորման խմբավարությունը, ինչի համար, վստահաբար, ուրախ եւ շնորհակալ են եւ Մոսկվան, եւ Փարիզը:

Ստորեւ չորս մեջբերումներ են ամերիկյան դիվանագետների խոսքերից, որոնցից ակներեւ է, որ հրադադարից եւ Վիեննայի հանդիպումից հետո Վաշինգտոնը ԼՂՀ խնդրի կարգավորման գործընթացն առաջնորդում է դեպի մադրիդյան սկզբունքների հիման վրա կազմված եւ տարիներ շարունակ բանակցությունների սեղանին գտնվող համաձայնագրի ստորագրում: Ակնհայտորեն, միջազգային իրադրության ու ճնշումների ներքո այժմ Ալիեւը համաձայնել է մադրիդյան սկզբունքներին:

Վիեննա, 16 մայիսի, 2016թ., հանդիպումից ժամեր առաջ - ԱՄՆ պետքարտուղարության դիվանագետ. «Մենք ցանկանում ենք տեսնել այնպիսի արդյունք, երբ նախագահները կհամաձայնեն որոշակի քայլերի, որոնք կնվազեցնեն լարումը: Մենք ցանկանում ենք, որ երկու կողմերն էլ հանձն առնեն հանդիպել՝ համապարփակ կարգավորումը բանակցելու համար: …Պետքարուղար Քերրին խնդրելու է նախագահներին մոտ ապագայում հանդիպել այդ համապարփակ համաձայնության վրա աշխատելու համար: …Հանդիպման ընթացքում ժամանակ չի լինի խորանալու հակամարտության կարգավորման մանրամասներում. կան սկզբունքներ եւ տարրեր, որոնք բանակցությունների հիմքն են, եւ դրանք երկար ժամանակ սեղանին են, հետեւաբար, այս երեկո ցանկանում ենք, որ քննարկմանը երկու կողմերն էլ վերահաստատեն իրենց հանձնառությունն այդ տարրերին եւ սկզբունքներին եւ դրանք հաստատեն որպես առաջ շարժվելու հիմք»: Պետդեպի ներկայացուցիչը նշել էր, որ երկու կողմերը նախկինում մոտ են եղել կարգավորմանը «եւ այնքան էլ հեռու չեն» նրանից, ինչ տեսք կարող է ունենալ համաձայնությունը:

Հանդիպումից ժամեր հետո եղավ հաջորդ հայտարարությունը. «Վիեննա, 16 մայիսի, 2016թ., - ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրը, ներկայացնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, այսօր հանդիպեցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ՝ առաջ տանելու համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը:
Նրանք վերահաստատեցին, որ չի կարող լինել հակամարտության ռազմական լուծում: Համանախագահները պնդեցին 1994-ի եւ 1995-ի հրադադարի համաձայնագրերը հարգելու անհրաժեշտությունը:

Նախագահները վերահաստատեցին հրադադարի եւ հակամարտության խաղաղ կարգավորման իրենց հանձնառությունը: Հետագա բռնությունների ռիսկը կրճատելու համար նրանք համաձայնեցին հնարավորինս կարճ ժամկետում ամբողջացնել ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմը: Նախագահները նաեւ համաձայնեցին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առկա գրասենյակի ընդլայնմանը: Վերջապես, նրանք համաձայնեցին շարունակել անհայտ կորած անձանց տվյալների փոխանակումը Կարմիր խաչի հովանու ներքո, ինչի հանձնառությունը նախագահներն ստանձնել էին 2014թ. հոկտեմբերին, Փարիզի գագաթնաժողովում:

Նախագահները համաձայնեցին քննարկումների հաջորդ փուլի շուրջ, որը կկայանա հունիսին, փոխադարձաբար համաձայնեցվող վայրում եւ նպատակաուղղված կլինի համապարփակ կարգավորման բանակցությունները վերսկսելուն» (The Presidents agreed on a next round of talks, to be held in June at a place to be mutually agreed, with an aim to resuming negotiations on a comprehensive settlement)։

Վաշինգտոն, 17 մայիսի, 2016թ. – ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբի. «Այս կապակցությամբ՝ երկու խոսք: Նկատի ունեմ, ես որոշ նկատառումներ կհայտնեմ, սակայն ամենքին կոչ եմ անում այցելել մեր վեբ-կայքը եւ ծանոթանալ համատեղ հայտարարությանը, որով վերջում բոլորը հանդես են եկել: Այդ հայտարարությունից շատ հստակ երեւում է, թե ինչ է քննարկվել, նաեւ հանդիպման բոլոր մասնակիցների ցուցաբերած կառուցողական մոտեցումը եւ վարքը: Երկու նախագահներն էլ հանձն առան հարգել հրադադարը, ներդնել վստահության ամրապնդման կարեւոր միջոցառումներ եւ հաջորդ ամիս սկսել բանակցություններ, որը կարող է տանել համապարփակ կարգավորման: Նրանք, մեր կարծիքով, ցուցաբերեցին քաղաքական կամք՝ շարժվելու ստատուս-քվոյից այն կողմ եւ կատարելու քայլեր, որից կշահեն տարածաշրջանի բոլոր ժողովուրդները: Հետեւաբար, ինչպես պետքարտուղարը հասկանալի դարձրեց, Միացյալ Նահանգները, մենք մեր կողմից պատրաստ կլինենք այդ ճանապարհին նրանց ըստ ամենայնի աջակցելու:

Այսպիսով, դա դրական հանդիպում էր եւ քայլ էր ճիշտ ուղղությամբ: Եվ այժմ բոլորը պետք է ստանձնած հանձնառություններն իրականացնելու ծանր աշխատանքին լծվեն»:

Երեւան, 18 մայիսի, 2016թ. - ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլս. «Համանախագահները, իմ երկրի կառավարությունը լիահույս են, որ այդ հանդիպումը կբերի դրական արդյունքներ եւ կհանգեցնի նրան, ինչին մենք բոլորս ձգտում ենք՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի համակողմանի կարգավորման»։

Ասել է թե՝ բոլորը դեպի համաձայնագրի ստորագրում։

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X