Գեներալիտետի խնդիրը

Յուրաքանչյուր լուրջ պետության համար պատերազմից հետո, օրերից մի օր ռազմի դաշտում աչքի ընկած գեներալիտետի խնդիրն օրակարգային է դառնում: Հայաստանն այդ խնդիրը թերեւս չի լուծել, ընդհակառակը՝ այն գնալով ավելի ու ավելի է ցուցանվում, վերածվում հանրային քննարկման հիմնանյութի: Մանվել Գրիգորյանի պահվածքի շուրջ ծավալված այս խոսակցությունը միայն նրան չի վերաբերում, այլեւ Արցախյան պատերազմից հետո այս պետության մեջ հասարակական-քաղաքական գործունեություն ծավալած գեներալական ողջ բոմոնդին եւ, վերջապես, երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին՝ նախագահ Սերժ Սարգսյանին:

Նախ հիշենք, որ պատերազմի դաշտում առանձնակի, մյուսներից առանձնացված հերոսներ իսկապես չեն լինում: Հայաստանում «հերոսի» անվանակարգն Արցախյան պատերազմից հետո ի հայտ եկավ, դարձավ սոցիալ-հոգեբանական ստատուս, խխունջի պատյան, հանցավոր անձեռնմխելիություն եւ, ցավոք, ամենաթողություն: «Հերոս» է, ուրեմն իրավունք ունի սխալվելու: «Հերոս» է՝ ուրեմն կարող է նաեւ քաղաքականությամբ զբաղվել: «Հերոս» է՝ ուրեմն կարող է եւ բիզնեսով զբաղվել: «Հերոս» է՝ ուրեմն իրավունք ունի հասարակական գործունեություն ծավալել: «Հերոս» է՝ ուրեմն «ճշմարիտ է», «ուրիշ» է, «արժեք» է: «Հերոս» է՝ ոչինչ, պիտի ներել, չէ որ «հերոս» է:

Ահա, սրանք են այն նողկալի ու շինծու, մեր պետականաշինության սյուները կազմաքանդող էթիկական դրույթները, որոնք ձեւավորվեցին տարիների ընթացքում ու իսկական պատուհաս դարձան ժողովրդի գլխին: Վերջապես ե՞րբ պիտի լուծում տրվի այս խնդրին, ե՞րբ պիտի պետությունն իր ուսերից թափ տա այսօրինակ «հերոսության» ծանրացած, փտող փոշին եւ առաջ շարժվի: Այս մարդիկ ե՞րբ են հասկանալու, որ պետությունը, ժողովուրդը ոչ մի բանով պարտական չեն իրենց, որ շարքային քաղաքացին, որն ամեն օր բարեխղճորեն իր աշխատանքն է կատարում, պակաս հերոս չէ (պարզապես, ի տարբերություն իրենց, այդ քաղաքացին թալանով չի զբաղվել, հարստություն չի կուտակել, ուրիշի աշխատանքը չի գողացել):

Արդեն իսկ ակնհայտ է, որ մեր պետության զարգացման, նաեւ էթիկական վերընթացի համար գեներալիտետն այլեւս կոկորդի ոսկոր է, որին վիրահատական ճանապարհով հարկավոր է շուտափույթ հեռացնել: Եվ պետք չէ մարդկանց հիշեցնել, թե որ գեներալն ինչ ծառայություններ է մատուցել հայրենիքին: Ինչո՞ւ եք դա հիշեցնում, ո՞ւմ եք հիշեցնում: Ճշմարտությունը սա է՝ շատերի այդ «հերոսական կյանքից» այլեւս ոչինչ չի մնացել: Միակ արժեքն ու հերոսը Հայաստանում բնակվող քաղաքացին է, իսկ անցյալի հերոսություններով կուրացած անձինք այդպես էլ քաղաքացի չդարձան:

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X