Քաղաքագրություն. Ձերբակալված շենքը

Անգամ եթե Ազգային ժողովի շենքի ստեղծման անցյալի փաստագրական պատմությունը շատ ժամանակ չենք վերհիշում, այնուհանդերձ, նրա նորագույն շրջանը մտել է արյունահեղության ու մռայլ զգեստավոր համատեքստի մեջ: Ընկերներով Բաղրամյան փողոցով շրջելիս ու շենքի, նաեւ նրան շրջապատող գեղեցիկ այգու մասին մտորելիս նորից ու նորից եկանք այն եզրակացության, որ այս շենքի միակ փրկությունը պարիսպներից ազատագրվելն է եւ հնարավորինս շուտ: Չնայած Ազգային ժողովի շենքը Հայաստանի գլխավոր գործող կարեւորագույն կառույցն է եղել, որտեղից ղեկավարվել են պետությունն ու պետական մարմինները, սակայն այդպես էլ ժողովրդին չի պատկանել:

«Ազգային ժողովի շենքի կառուցումն սկսվել է 1948թ. եւ ավարտվել 1950թ.: Շենքի նախագծումը կատարվել է 1947 թվականին: Նախկինում այն եղել է ՀԿԿ ԿԿ շենքը: Հայաստանի Նախարարների խորհուրդը 1991թ. մայիսի 1-ին ընդունեց «ՀԿԿ Կենտկոմի նախկինում զբաղեցրած շենքը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին հատկացնելու մասին» հ. 314 որոշումը, որով ՀՀ Գերագույն խորհրդին հանձնվեց նախկինում ՀԿԿ Կենտկոմի զբաղեցրած շենքը: Տեղափոխությունն այս շենք կատարվել է 1991թ. մայիսին: Շենքի գլխավոր ճարտարապետն է Մարկ Գրիգորյանը: Նա եղել է Երեւանի գլխավոր ճարտարապետը, այնուհետեւ՝ «Հայարդնախագիծ» ինստիտուտի տնօրենը…

Այսօր կարծիքներ են հնչում, թե Ազգային ժողովի դիմացի այգին կարելի է դարձնել հասարակական այգի՝ հանելով կամ դեպի խորքը տանելով չուգունե ցանկապատը: Սակայն հարցն այն է, որ այդ կանաչազարդ տարածական միջավայրը ճարտարապետական համալիրի բաղկացուցիչ մասն է, առանց որի այդ ինքնատիպ կառույցը, անկասկած, կունենա գեղագիտական մեծ կորուստ: Ազգային ժողովի համալիրն իր պարամետրերով իրավամբ կարելի է դասել խորհրդային շրջանի բարձրարժեք ճարտարապետական հուշարձանների թվին: Իսկ անցյալի ճարտարապետական հուշարձանները հարկավոր է պահել ու պահպանել: Չուգունե ցանկապատն անցյալում էական դեր է խաղացել որպես դեկորատիվ արվեստի տարր, դիտվել է որպես փոքր ճարտարապետության արտահայտչամիջոցներից մեկը: Ինչ վերաբերում է հասարակական այգու գաղափարին, ապա այդ հարցը կարելի է մասնակիորեն լուծված համարել, քանզի Ազգային ժողովի ղեկավարության նախաձեռնությամբ այդ տարածքում պարբերաբար կազմակերպվում են տարբեր բնույթի միջոցառումներ, եւ մուտքը բոլոր ցանկացողների համար դառնում է ազատ»:

Ահա, Ազգային ժողովի պաշտոնական կայքում ԱԺ շենքի պատմության եւ նրա ազատագրման վերաբերյալ այսպիսի լղոզված դիրքորոշում կա: Ինչ խոսք, չուգունե ցանկապատն իսկապես գեղեցիկ է, նաեւ երկարուձիգ տարիների ընթացքում ձուլվել է, միավորվել շենքի ամբողջականությանը, բայց նաեւ չընկնենք ծայրահեղության գիրկը եւ ցանկապատի բացակայությունը չդիտարկենք որպես հսկայական, անդառնալի կորուստ: Ցանկության դեպքում հնարավոր լուծումներ կգտնվեն: Կրկնում եմ՝ շենքը համաժողովրդականության, հանրամատչելիության կարիք ունի: Այդպես է ստացվել: Եվ դրա վրա աչք փակելն անիմաստ է: Մի շենք, որի ներսում դավադրաբար սպանվել են երկրի վարչապետը, ԱԺ նախագահն ու պատգամավորներ, չի կարող նախկին կյանքով ապրել, ասես ոչինչ չի եղել: Երեւի չի մնացել մի երեւանաբնակ, որ հայացք նետի շենքին ու չզգա դավաճանության եւ սպանության խարանը:

Գրում են. «Ազգային ժողովի ղեկավարության նախաձեռնությամբ այդ տարածքում պարբերաբար կազմակերպվում են տարբեր բնույթի միջոցառումներ, եւ մուտքը բոլոր ցանկացողների համար դառնում է ազատ»: Ակնհայտ է, որ այդ «տարբեր բնույթի միջոցառումներն» ԱԺ շենքը գրաված ՀՀԿ-ականների հերթական փիառ կոմպանիայի մասն են կազմում (երբ Հովիկ Աբրահամյանը, իրեն ձմեռ պապի տեղ դրած, մի քանի ժամով բացում էր ԱԺ ցանկապատի դուռն ու ներս թողնում թոռնիկներին՝ իրենց պապիկ-տատիկներով… ազատականություն ասելով՝ երեւի սա են հասկանում): Այլ տարբերակ չկա՝ ԱԺ շենքի մարդացման գործընթացը պիտի օրակարգային խնդիր դառնա:

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X