Մենք գիտեինք, ԱԳՆ-ում չգիտեին։ Կարդացեք «Հրապարակ»

Երեկ հետաքրքիր հեռակա բանավեճ է ծավալվել ՀՀ ԱԳՆ բարձրաստիճան ղեկավարության եւ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի միջեւ: Պրն. Սվիտալսկին, նախօրեին, ԵԺԿ-ի հիմնադրման 40-ամյակի կապակցությամբ Երեւանում կայացած միջոցառմանը, լրագրողների հարցերին է պատասխանել եւ ի թիվս այլնի ասել է, որ ԵՄ-ՀՀ նոր համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններում կան բարդություններ: Պրն. Սվիտալսկին բանակցություններում առկա բարդությունների մասին հայտարարել է բազմիցս:

Հայաստանում այնքան լրագրող եւ պատգամավոր կա, որոնց եթե հաջողվում է Եվրամիությունը Եվրախորհրդից տարբերել, արդեն իրենց ուժերից վեր ձեռքբերում է, որ օրինաչափ է, եթե նրանք Սվիտալսկու խոսքերից զարմանան եւ հաջորդ օրը Աժ-ում գտնվող ԱԳՆ ղեկավարներից փորձեն պարզել, թե ինչ բարդությունների մասին է խոսքը: Անսովորն այն է, թե այդ հետաքրքրվելուն ի պատասխան ինչ է հայտարարել ՀՀ ԱԳ փոխնախարարը ՝ Կարեն Նազարյանը, որը ԵՄ-ի հետ Հայաստանի գլխավոր բանակցողն է: Նազարյանն Աժ-ում հայտարարել է. «Ես չգիտեմ ինչ բարդությունների մասին է խոսում պարոն Սվիտալսկին…»: Այնուհետեւ ահագին խոսել է եւ վերջում եզրափակել. «Ի դեպ նշեմ, որ ոչ բոլոր բանակցային հանդիպումներին է, որ պարոն դեսպանը մաս է կազմել, և գուցե նրա բացակայությունն է պատճառ հանդիսացել նման մեկնաբանության»: Այսինքն՝ ամեն ջանք գործադրել է, որ տպավորություն ստեղծի, իբր ԱԳՆ-ում իսկապես չգիտեն ինչի մասին է խոսքը:

Ստացվել է այնպես, որ ՀՀ-ԵՄ բանակցություններում առկա բարդությունների մասին (խոսքն այդտեղ, մասնավորապես, քաղաքական խնդրի մասին է), ինչին իբր անտեղյակ են ԱԳՆ-ում, մենք «Հրապարակում» տեղյակ ենք: Ընդսմին տեղյակ ենք եղել դեռ ՀՀ-ԵՄ բանակցությունների մեկնարկից առաջ՝ անցյալ տարվա նոյեմբերին, եւ այդ մասին գրել ենք (Ժյուլ Վեռնը ՀՀ-ԵՄ կապերի կոնտեքստում, Հրապարակ, 13 նոյեմբերի, 2015թ.), ճիշտ է՝ առանց հղում անելու կամ տեղեկատվության աղբյուր նշելու:

Երկրորդ անգամ արդեն փետրվարին ենք առկա բարդության մասին գրել, երբ ԵՄ պատվիրակության ղեկավարը՝ Պյոտր Սվիտալսկին «Հրապարակին» ընդարձակ հարցազրույց տվեց («Ամեն հայ ի ծնե ձեռներեց է եւ դա ամենամեծ ռեսուրսն է», «Հրապարակ», 25 փետրվարի, 2016թ., բնագիրը՝ “We Are keen To Support the Armenian People”, hraparak.am, 29 փետրվարի, 2016թ): Հարցազրույցում մեր ուղիղ հարցին պրն. Սվիտալսկին բաց տեքստով պատասխանել էր, թե ինչ քաղաքական խնդիր է առկա ՀՀ-ԵՄ բանակցություններում: Հարցազրույցի այդ հատվածը ստորեւ արտատպում ենք ԱԳ փոխնախարար Նազարյանի եւ խնդրին անտեղյակ մնացյալ պաշտոնյաների համար:

«Պյոտր Սվիտալսկի - …Բանակցային գործընթացի ավարտի առնչությամբ պրն. Նալբանդյանը եւ Բարձր ներկայացուցիչ Մոգերինին համաձայնեցին, որ չեն սահմանվի վերջնաժամկետներ, բայց երկու կողմերն էլ կանեն առավելագույնը, որպեսզի բանակցություններն ընթանան հաջողությամբ եւ ավարտին հասնեն որքան հնարավոր է շուտ: Ամեն դեպքում, ոչ ոք չի ակնկալում, թե բանակցությունները կարող են ավարտվել 2016-ի տարեվերջից շուտ: Ժամանակը ցույց կտա, թե դա երբ կլինի: Բայց բանակցվող հարցերի ծավալը եւ ընդգրկումը բավականին մեծ են, առկա են թե քաղաքական, թե տեխնիկական խնդիրներ, ինչպես, օրինակ, առեւտրային միջավայրի բարելավումը, օտարերկրյա ներդրումների ապահովությունը, էներգետիկ սեկտորի զարգացումը եւ այլն:
Լ. Պ. - Ներեցեք, խնդրում եմ, ի՞նչ քաղաքական խնդիրների մասին է խոսքը... դա կարծես նորություն է: Մի օրինակ չե՞ք բերի, եթե խնդրեմ...
Պյոտր Սվիտալսկի - Դիցուք, հայկական կողմը որոշ մտքեր ունի այն մասին, թե այս նոր համաձայնագիրը պետք է հաշվի առնի Հայաստանի հանձնառությունները եւ պարտավորությունները, որոնք բխում են ԵՏՄ եւ ՀԱՊԿ անդամակցությունից: Թե հայկական կողմի այդ խնդիրը երբ եւ ինչպես կհանգուցալուծվի, մեկ այլ հարց է, բայց դա չի կարող արագ պատահել: Եվրոպական կողմը հստակեցրել է, որ այս նոր համաձայնագիրը չի կարող ստորակայվել այլ պարտավորությունների, եւ դա ընդունված դրվածք է միջազգային իրավահարաբերություններում: Հայաստանի այս մոտեցումն ինչ-որ նորություն է, նման ոչինչ չի եղել, օրինակ, ԵՄ-Ղազախստան բանակցություններում: Ղազախստանը նույնպես ԵՏՄ եւ ՀԱՊԿ անդամ է, բայց ԵՄ-ի հետ նրանց Ընդլայնված գործընկերության եւ համագործակցության համաձայնագրում նման դրույթ չի ներառվել: Սա հստակ քաղաքական պրոբլեմի օրինակ է, որը միեւնույն ժամանակ նաեւ իրավական խնդիր է եւ պետք է հանգուցալուծվի: Ինչպես արդեն ասացի, չենք կարող ասել, թե երբ եւ ինչպես, բայց դա չի լինի շուտով»:

Հանուն արդարության պետք է ասել, որ այնուամենայնիվ այստեղ կա մի նրբություն: Նրբությունն այն է, որ ԵՄ պաշտոնական հայտարարություններում պրն. Սվիտալսկիի նշած բարդությունների մասին դեռ խոսք չի եղել: Ավելին, 2015-ի դեկտեմբերի 7-ի բանակցությունների նախօրեին մենք բացառիկ հարցազրույց էինք տպագրել այն ժամանակ Հայաստանի հետ ԵՄ գլխավոր բանակցող եւ EEAS–ում Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Գունար Վիգանդի հետ («Ակնկալում ենք բանակցությունների սահուն եւ արագ ընթացք», 3 դեկտեմբեր, 2015թ.): Պրն. Վիգանդը անդրադառնալով բանակցություններից ակնկալություններին՝ նույնպես բարդությունների մասին չէր հիշատակել:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X