Քաղաքագրություն. արձանախմբերի գրոհը

Վերջին տասնամյակի ընթացքում Երեւանի համայնապատկերը, նրա ժամանակն ու տարածությունը խեղեցին ոչ միայն «նորագույնի» համարում ունեցող բարձրահարկ շենքեր-շինությունները, որոնք փոխարինեցին արժեքավոր հին կառույցներին, որ պատմություն ու ավանդույթ ունեին, այլեւ հավերժորեն արձանացած «արձանները»:

Դրանց այլանդակությունն ու ապաշնորհությունը պարզապես հեղեղել են քաղաքը: Չկա մի թաղամաս, որտեղ ոտք դնելիս չբախվես մի այդպիսի «գլուխգործոցի»: Համազասպ Բաբաջանյանի նորընծա արձանն այս շղթան է շարունակում եւ վերահաստատում իշխանության անցյալի ու ներկայի հոգեխանգարմունքը: Թվում է՝ այս արձանի մակետը, ձուլումը պատրաստել է ոչ թե քանդակագործը այլ, ասենք, Տարոն Մարգարյանը, ավելի հեռուն գնանք՝ Սեյրան Օհանյանը կամ այլ հանրահռչակ պաշտոնատար անձինք: Ես համոզված եմ, որ այս «արարչագործության» միագումար գործընթացին մասնակցել են գրեթե բոլորը, եւ, իհարկե, նրանք համոզված են, որ արվածը բացառիկ արժեք է, քաղաքի բնույթին ու փիլիսոփայությանը լիարժեքորեն համապատասխան, որ այն վերարտադրում, ցուցահանում է մարշալի կյանքի ու գործի ողջ դրամատիկ կողմը:

Եվ ո՞վ պիտի կասեցներ նմանօրինակ արձանի տեղադրումը կամ, առհասարակ, լինելիությունը՝ Տարոն Մարգարյա՞նը, թե՞ քաղաքապետարանի կազմած համապատասխան հանձնաժողովը: Վերջին տարիներին հիշո՞ւմ եք թեկուզ կիսով չափ ճաշակավոր մի շինություն, արձան, կառույց, որը հեղինակած ու հիմնադրած լինեն: Երբ Երեւանի դրամատիկական թատրոնի առջեւ տեսնում ես շապիկով ու չստերով նարդի «քցողին» (ես ոչ մի դեպքում չեմ արհամարհում նարդի խաղացողներին), որի հարաբերակցությունը Դրամատիկական թատրոնի շենքի հետ երեւակայական է, եւ ոչ մի ճիգով այդպես էլ չես ընկալում: Աբովյան փողոցի վրա տեղակայված դուդուկի վարպետների արձանախումբը, որ, մեղմ ասած, փչացրել է փողոցի այդ հատվածի պատկերը, իմ թաղամասում՝ Արաբկիրում, Կոմիտասի եւ Փափազյանի խաչմերուկում տեղակայված Վահրամ Փափազյանի հուշարձանը, որ, բացի տհաճությունից ու անհարմարությունից, ուրիշ ոչինչ չի պարգեւում: Խաչատրյան-Փափազյան խաչմերուկի հարակից հատվածում տեղադրված Արամ Խաչատրյանի անհասկանալի, բովանդակությունից զուրկ կիսանդրին, եւ այսպես շարունակ:

Մենք ցավում ենք, շատ ժամանակ ծիծաղում ու հեգնում՝ տեսնելով այս շնորհազրկության տոնահանդեսը, իսկ այդ ընթացքում շարունակաբար պղծվում, աղավաղվում է մեր քաղաքը, եւ մենք չենք կարողանում փրկել նրան:

Մեր ծիծաղն ու հեգնանքը մեզ ոչ մի տեղ չեն տանում, ոչինչ չեն վերափոխում:

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X