Նժդեհի «դառը ճակատագիրը»

Գարեգին Նժդեհի կերպարը, նրա կյանքն ու գործը, ուզած թե չուզած, այսուհետ կապվելու է ՀՀԿ-ի հետ: Իբր թե կրելով նրա գաղափարախոսությունը, կրելով նրա կյանքի սկզբունքները: Յուրաքանչյուր առիթով ՀՀԿ-ականներից մեկը՝ մանր թե խոշոր, հիշատակում է Նժդեհի անունը, ցիտում նրան, հիշեցնում, թե ինքը որտեղից է գալիս, իր հոգու հեռավոր անկյուններում աֆորիզմներն ու մտքերն է գորովանքով փայփայում:

Ներկա իշխանության համար Նժդեհն այլեւս ամբարտակի է վերածվել՝ խխունջի պատյան, որի ճեղքից ծիկրակելն ու գլուխ թաքցնելն արդյունավետ միջոց է՝ էսթետիկական ու էթիկական խաբեություն: Այդպես է. ընտրելով Նժդեհին՝ ՀՀԿ-ի համար հազար անգամ հեշտ է հանդես գալ, վերարտադրվել ուժի, ազգի, գաղափարաբանության, հաջողության անունից, հեշտ է հորդառատ անձրեւների ժամանակ պատսպարվել այդ անվան տակ: Իհարկե, դրանով ՀՀԿ-ն իր դատարկամտությանը (որը պիտի լցնի փառաբանված ու հարգված ուժի, մասկուլինության ու ագրեսիայի ծանր քարերով) ինքն իրեն փորձում է բովանդակություն ու քաշ հաղորդել: Սակայն նույնիսկ Նժդեհն այս մարդկանց եւ այս, ոչ թե կուսակցությանը, այլ քրեածին կառույցին չի փրկի: Վերջին տարիներին Նժդեհին ՀՀԿ-ականները դարձրին կարիկատուրա, պամֆլետի ու ծաղրի առարկա: Նրանք այդպես էլ չհասկացան, որ այն, ինչ արտադրում են «զորավարի համար» կամ նրա անունից՝ ֆիլմ, պաստառ, որոշակի գրականություն, հիմա էլ՝ սահմռկելու աստիճան ապաշնորհ հուշարձան, շրջվում է ուղիղ իրենց ճակատին եւ ոչ մի կերպ չի ընդունվում հասարակության կողմից: Նժդեհի կյանքը վերածեցին ֆիլմի, դրանից հետո ուղիղ երեք ամիս քաղաքի տարբեր անկյուններում հանկարծ պայթում էր ծաղրական «Յա Գարեգին Նժդեհ» բացականչությունը: Ոչ թե Նժդեհին էին ծաղրում, այլ ծաղրում էին դերասանական շինծու խաղը:

Այժմ հերթն արձանինն է: Եվ, ահա, դեռ բացումը չարած՝ սկսվել է մեծն ծանակությունը: Թիրախը նույնն է՝ անտաղանդությունը, անճաշակությունը, գռեհկությունը, բայց թեման, ցավոք, կրկին Գարեգին Նժդեհն է:

Ռադիոալիքներից մեկով քաղաքապետի տեղակալին հարցնում են, թե գիտի՞ արդյոք, որ Նժդեհի արձանը դժգոհության ալիք է բարձրացրել հանրության մեջ, որ այն ավելի շատ նման է ոչ թե զորավարին, այլ Պետրոս Մեծին: Եվ պատասխանը. «Հուշարձանների ճակատագիրն է այդպիսին»: Սա մի չլսված, հանճարեղ պատասխան է, որ կարող է տալ իշխանության ներկայացուցիչը: Այս պատասխանն ամեն ինչ իր տեղն է գցում:

«Ճակատագիրն է այդպիսին՝ ի՜նչ արած»: Վաղը նույնկերպ, Աստված ոչ անի, եթե երկիրն էլ կորցնեն, վստահ եմ՝ հաջորդ օրը նույն բանն են հնչեցնելու. «Ի՜նչ արած, ճակատագիրն էր այդպիսին»:

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X