Հետահայաց. «Ամեն թեմա սպասում է իր վիպասանին»

Հարցազրույց Ստեփան Ալաջաջյանի հետ

- Ինչպե՞ս եք աշխատում, ի՞նչն է ոգեւորում:

  • Աշխատում եմ ընդհատումներով, մտքումս երկար քննարկում եմ կերպարների հոգեբանական զարգացման հիմքերը, դեպքերի ու հերոսների տրամաբանական առնչությունները եւ այլն: Ինձ ոգեւորում է կերպարի միջոցով գեղարվեստական ընդհանրացման հասնելու, իմ ժողովրդին հուզող հարցերին պատասխանելու, նրա առաջընթացը գեղարվեստորեն հիմնավորելու հնարավորությունը:

- Բանաստեղծ Էնցեսբերգերն ասում է, որ ամեն գրող ականջում ի՛ր ընթերցողն ունի…

  • Որ յուրաքանչյուր գրող իր ընթերցողն ունի, ասված է վաղուց, միայն թե ոմանք այդ ընթերցողին տեսնում են «ոչ թե ականջում», այլ սրտում, հոգում, մտքում… Իմ կարծիքով՝ ստեղծագործելիս գրողը չի կարող ընթերցողին նկատի ունենալ: Ընթերցողն ի հայտ է գալիս, երբ ստեղծագործությունը պատրաստում են հրատարակության: Այդ ժամանակ հեղինակը նկատի է ունենում ոչ միայն մի՛ տեսակ, այլ մի քանի տեսակ ընթերցողների: Ամենից առաջ՝ պրոֆեսիոնալ ընթերցողը, այսինքն՝ գրականագետ-քննադատը, խստապահանջ բանասերը, ապա մասսայական ընթերցողը եւ, ի վերջո, «պաշտոնական» ընթերցողը: Իմ ընթերցողն իմ սերնդակիցն է: Ես միշտ հաշվի եմ նստում նրա հետ:

- Ի՞նչ եք պահանջում հայ ընթերցողից:

  • Գրողն ընթերցողին պահանջներ ներկայացնելու իրավունք չունի, այլապես ամեն մի գրող, նույնիսկ անտաղանդը, կպահանջի, որ բարձր գնահատեն իր ձախողված գործը: Գրողին այդպիսի իրավունք չպիտի տալ: Գրողն ունի խնդրելու իրավասություն: Եվ ես խնդրում եմ հայ ընթերցողից, որ գեղարվեստական երկի գնահատմանը մոտենա ոչ թե էժանագին զգացմունքների, այլ արվեստի եւ մտքի չափանիշներով, հայ գրողի ստեղծագործությունը գնահատի զարգացած դարավոր մշակույթի դիրքերից եւ ոչ թե չտեսի պես:

- Ինչպե՞ս եք պատկերացնում հայ գրականությունը 2000 թվականին:

  • Ազգային սահմանափակությունը թոթափած, ազգային սնապարծությունից ու գավառականությունից ազատված մի գրականություն, որն իր ընդգրկումով ու թեմաներով համընթաց լինի համաշխարհային գրականությանը՝ թե գեղարվեստական, թե գաղափարական մակարդակով:

- Ի՞նչ եք գրում այժմ եւ ի՞նչ ծրագրեր ունեք:

  • Աշխատում եմ նոր վեպի վրա, որը կավարտեմ աշնանը, եթե առողջությունս չխանգարի: Ծրագրեր շատ ունեմ: Գիտեմ, որ կան հարցեր, հատկապես հայ ժողովրդին հուզող, որոնց գեղարվեստական մարմնավորում չի տրված: Հայ ընթերցողն սպասում է իր ժամանակակցի կերպարի գեղարվեստական բացահայտմանը, իր հայրերի տառապանքի ու պայքարի ճշմարիտ պատկերմանը, մեր այսօրվա պետականության իմաստավորմանը, մեր պատմության հերոսական դրվագների վիպականացմանը:

Յուրաքանչյուր թեմա սպասում է իր վիպասանին: Իսկ վիպասանը ժամանակ է փնտրում դրանք իրականացնել:

Հարցազրույցը վարեց Ռուբեն Ֆիլյանը՝ «Գրքերի աշխարհ» ամսաթերթ, 1974թ.

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X