Սավչենկոյի սինդրոմը

Վերջին շաբաթվա ամենահետաքրքրական դեպքն Ուկրաինայի Զինվորական ուժերի ծառայող, ավագ լեյտենանտ, «Մի-24» ուղղաթիռի օպերատոր, Գերագույն ռադայի պատգամավոր, ակտիվիստ Նադեժդա Սավչենկոյի ազատ արձակումն էր, նրա վերադարձը հայրենիք:

2014 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում Նադեժդա Սավչենկոն գլխավորում էր Յուլյա Տիմոշենկոյի ղեկավարած «Բատկիվշչինա» կուսակցության ընտրական ցուցակը, որը քվեարկության արդյունքում անցել էր Ռադա: Ռուսաստանում Սավչենկոն մեղադրվում էր ծանր հանցագործությունների կատարման մեջ: Նա դատապարտվել էր 22 տարվա ազատազրկման: Այնուհանդերձ, Սավչենկոն դասական իմաստով ազատ չարձակվեց, այլ երկու երկրների նախագահների հեռախոսազրույցից հետո տեղի ունեցավ գուցե շատերի համար անակնկալ փոխանակում: Սավչենկոյին հանձնեցին պայմանավորվածությամբ, որ ազատ կարձակվեն ու Ռուսաստան կվերադարձվեն նաեւ Ուկրաինայում ավելի վաղ բանտարկված լրագրողներ Եվգենի Երոֆեեւը եւ Ալեքսանդր Ալեքսանդրովը: Ուկրաինացիները Երոֆեեւին եւ Ալեքսանդրովին համարում էին ռուսական հատուկ նշանակության ջոկատի զինծառայողներ, որոնք, նրանց պնդմամբ, Ուկրաինայի արեւելքում գաղտնի գործողություններ էին իրականացրել: Ինչեւէ, այս բավականին իրարամերժ, լաբիրինթոսային դատավարությունների եւ փոխադարձ մեղադրանքների ֆոնին ուշագրավ էր պարզապես հետեւել «հերոսության եւ հերոսացման» երեւույթի սկզբնավորմանը, ընդլայնմանը եւ վերջնական պայթյունին:

Ոտքն ուկրաինական հողի վրա դեռ չդրած, անգամ ինքնաթիռի մեջ, սկսվեց Սավչենկոյի ինքնահռչակման գերհուզառատ ոդիսականը (ինքնաթիռի մեջ արված սելֆիներն ու այլ պոզաները դեռ տարածվում ու տարածվում են): Հերոսությունը միշտ ուղղված է ուրիշներին. ուրիշները հերոսին պիտի տեսնեն, զգան նրա անխուսափելի ու ակնառու ներկայությունը, ցնցվեն այդ սրբազան ակնթարթից: Ուկրաինական նորընծա Ժաննա Դ’արկին հայրենիք բերեց նախագահ Պորոշենկոյի անձնական օգտագործման ինքնաթիռը:

«Բորիսպոլ» օդանավակայանում լրագրողների ու համախոհների առջեւ պայթեցին ոտաբոբիկ հերոսի ձայնն ու ճառաբանությունը: Սավչենկոն մոլեգին տեսք ուներ: Այդ կատաղախտը շարունակվեց անգամ այն պահին, երբ քնքուշ ժպիտով նրան մոտեցավ Տիմոշենկոն: Հերոսը Տիմոշենկոյին պարզեց միայն ձեռքը, ավել բան թույլ չտվեց (գրկախառնություն, պաչիկներ եւ այլն): Վերջապես, հաջորդ կադրում կանգնած է Պորոշենկոյի կողքին եւ ապա ստանում է Ուկրաինայի հերոսի շքանշանը՝ իր խոսքում շեշտելով «հին ճշմարտությունը», որ, ցավոք, խաղաղության են հասնում միայն պատերազմի միջոցով: Սավչենկոյի սինդրոմը (հերոսության սինդրոմը) մոլորակի տարբեր անկյուններում շարունակվում է: Ահա, ժամանակակից մարդու սրբազան առաքելությունը՝ ծնվել հերոսանալու համար, բայց չմոռանալ ցույց տալ գործընթացի ողջ կինոն, որ մյուսներն էլ սովորեն, թե ինչպես պիտի մարդկային կյանքին գոնե մի ծանրակշիռ իմաստ հաղորդել:

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X