Երեխա չլինելու իրավունքը

Էլիաս Կանետիի «Կուրություն» վեպում այսպիսի արտահայտություն կա․ «Երեխաների հանդեպ համակրանքը թունավորեց աշխարհը»: Ինչ խոսք, բավականին բարդ եւ վիճարկելի միտք է: Երեխաների անպաշտպան լինելն առանձնացնում է նրանց, դնում էթիկական ավելի բարձր պատվանդանի վրա: Մեր քաղաքակրթության որոշ հատվածների համար երեխայի կյանքն ավելի արժեքավոր է, քանի որ, ըստ նրանց, ի տարբերություն միջին տարիքի մարդկանց եւ, առավել եւս՝ տարեցների, երեխան ապագա ունի: Սա ժամանակակից կյանքի ամենատխուր ու կեղծ ուտոպիաներից մեկն է: Մարդկային կյանքի անցյալը, անգամ նրա ներկան, մեծ հաշվով, դուրս է մղված կեցության այն պարույրից, որտեղ, թվում է, հավասարություն պիտի լիներ: Ապագան, որ գոյություն չունի, ուրեմն ապագայի պատրանքն իր պարկուճի մեջ է ներառել երեխայի կյանքը: Այն ինչ-որ տեղ կյանքից էլ կարեւոր է դառնում, աշխարհից խույս տալով՝ դառնում է աշխարհի կենտրոն՝ կլանելով ամեն ինչ:

Երեխան սկսում է փոխարինել Աստծուն, վերածվում է կրոնի, քանի որ իբր թե այս աշխարհից չէ, չի ապրում. դեռ պիտի ապրի: Իսկ նրանք, ովքեր ապրել են՝ տարեց մարդիկ, թող որեւէ հույս չունենան, թե կարժանանան համահավասար ուշադրության: Որքան էլ աշխարհում լավ պայմաններով ծերանոցներ կառուցվեն, միեւնույն է՝ ժամանակակից աշխարհակարգի համար, այդ աշխարհակարգի «փիլիսոփայության» համար նրանք վերջացած են: Բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ նաեւ Հայաստանում, ծերությունը հարգի չէ, ծերությունը չի ներվում: 35-ից հետո աշխատանք գտնելն այստեղ դժվարանում է: Պիտի երիտասարդ լինես, «կյանքով լեցուն», անկնճիռ, դզած-փչած, պարտադիր «սիրուն», իսկ աղջիկները՝ պարտադիր սեքսուալ: Այսօրինակ մասկուլին, սեքսիտական հասարակարգի մեջ, իհարկե, «երեխասիրությունը», «ապագայապաշտությունն» ավելի շեշտված տոնայնություն են ձեռք բերում:

«Ինչ անում ենք, էրեխեքի համար ենք անում»… ահա, Հայաստանում ամենահարգի ու շինծու արտահայտություններից մեկը, որ խորքում փորձ է անում արդարացնել իր անօրինությունը, իր հանցավոր գործունեության ողջ կենսագրությունը: Այսօր այս սարսափելի արտահայտության տակ թաքնվում է իշխանությունը, իշխանության գրեթե ողջ վերնախավը: Այս արտահայտությամբ են մեծանում ու սնվում նրանց զավակները՝ շարունակելով խայտառակության ավանդույթը:

Պաշտպանության կարիք ունեն ոչ միայն երեխաները, այլեւ մարդիկ, ովքեր պաշտպանության կարիք ունեն: Եվ այդ մարդիկ նաեւ երեխա չլինելու իրավունք ունեն:

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X