Հիշելով անցյալը

Իսկապես հուզիչ է տեսնել, թե ինչպես են մեր հայրենակիցները, անգամ աշխարհի հեռավոր երկրամասերից, շնորհակալություն հայտնում Գերմանիայի Բունդեսթագին, որն ընդունեց եւ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ: Երախտիքի այս հատկությունն էթիկական բարձր որակների եւ սոլիդարության մասին է վկայում: Նույնիսկ մի պահ թվում է, թե անգամ երախտիք հայտնելու փաստագրությունն էլ պիտի սահմաններ ունենա, այլապես, ցնցելով պահանջատիրության ու վերհուշի դիրքերը, կարող է վնասներ կրել: Սակայն ժողովրդի ներքին բնույթը ոչ մի կերպ չես կասեցնի:

Այս երկու օրերի ընթացքում բազմաթիվ մեկնաբանություններ արվեցին, հրապարակվեցին վերլուծական, հանգամանալից հոդվածներ, տեղադրվեց Բունդեսթագի կողմից ընդունված բանաձեւի ամբողջական տեքստը, որի բովանդակությունը, քողարկված եւ ակնհայտ ուղերձները դեռ երկար ժամանակ քննարկման առարկա կդառնան: Վերլուծաբանների մի մասն այն կարծիքին է, որ Գերմանիան, այսպես ասած, իր շահերին հարմարեցված մի բանաձեւ է կառուցել, ուր ակնհայտ պահանջներ, ակնհայտ մեղադրանքներ Թուրքիայի հասցեին իսկապես չկան, այլ պարզապես բարոյական վարքի չափորոշիչ համակարգի կոնտեքստում Գերմանիան ընդունել է անցյալի իր բաժին մեղքը եւ հորդորում է շահագրգիռ կողմերին, կազմակերպություններին ավելի լայնախոհ գտնվել եւ, վերադառնալով դեպի աղետի պատմությունը, այն ավելի խորությամբ ուսումնասիրել: Թող այդպես լինի: Միեւնույն է՝ սա արդեն իրական քայլ է: Գուցե պաշտոնական Գերմանիայի վերջին տարիների ամենախիզախ քայլերից մեկը: Քաջ գիտակցելով, թե ինչ հետեւանքների կբերի նման որոշումը (իհարկե, հաշվի առնելով Գերմանիա-Թուրքիա վաղեմի բարեկամության պատմությունը, հաշվի առնելով թուրքերի քանակն իրենց երկրում, միանշանակ, գերմանացիների համար հեշտ չէր անել դա), այնուհանդերձ, Բունդեսթագի պատգամավորները, պատասխանատվություն վերցնելով, նախեւառաջ իրենց երկրի կենսագրության ոչ լուսավոր կողմերը քավությամբ վերջացնելու նպատակով, ահա, ընդունեցին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը եւ խնդիրն ուրիշ հարթության վրա դրեցին:

Շատ հետաքրքրական է, թե սրանից հետո ինչպես են ծավալվելու երկու «բարեկամ» տերությունների միջեւ փոխհարաբերությունները: Այս պահին խիստ կարեւոր է նաեւ, թե ինչ քաղաքական դիրքորոշում կցուցաբերի Հայաստանը, ինչպես կկառուցի իր հետագա մարտավարությունը:

Իսկ բանաձեւի ընդունումից հետո Թուրքիայում ալեկոծվում է նրա հեռավոր ու անդավաճան հիստերիան: Մի քանի վայրկյանում Գերմանիայի հասցեին են ուղղվում մտքում պահած ու փայփայած այն բոլոր հայհոյանքներն ու լուտանքները, որոնք նույնիսկ սիրտ հովացնելու ուժգնություն չունեն: Թուրքիայի ղեկավարներն իրենց անատամ անեծքներում ու վիրավորանքներում չեն զլանում Գերմանիային հիշեցնել նրա արատավոր անցյալը: Հիշեցնում են մի երկրի, որ վաղուց ընդունել է իր մեղքը եւ հատուցել դրա համար:

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X