Ալի բոմայե

Այն սերունդը, որը տեսաձայնագրությունների ու միֆերի միջոցով է ճանաչում անցյալի հանրահռչակ մարդկանց, կարող է միայն պատկերացնել, մոտենալ տվյալ ժամանակների էությանը, այնուհանդերձ, մինչեւ վերջ ըմբռնել չի կարող: 20-րդ դարի երկրորդ կեսը ոչ միայն սառը պատերազմն էր, ուսանողական այլ տարատեսակ հեղափոխությունները, այլեւ, կարելի է ասել, հեղեղն էր, պայթյունը սպորտի, որ տարիների ընթացքում պիտի քաղաքակրթության հիմնարար ժամանցը դառնար, փոխարիներ անձնական ընդվզումներին ու սոցիալական բողոքներին, կրոնից եւ ինչ-որ առումով պետությունից առաջ անցներ:

Մուհամեդ Ալիի մահով ասես եզրափակվում է այդ ժամանակների վերջին ռաունդը, մեծ շնչառությունը, որն առայսօր երեւելի է: Ամերիկացի նշանավոր արձակագիր Նորման Մեյլերը, որն Ալիի եւ Ջորջ Ֆորմանի հայտնի մենամարտի մասին գիրք էր գրել, այսպես է նրան բնորոշում. «Ալին իր ժամանակի մարզիկն է, որովհետեւ ինքն է կերտում այդ ժամանակը: Նրա շոուն գայթակղում եւ վանում է: Նա ԱՄՆ-ի գլխավոր «Ես»-ն է, հանրային մարդու, լրատվամիջոցների արքայազնը»:

Ալին ռասիզմի դեմ պայքարող մարտիկներից էր: Նա ատում էր պատերազմը, աշխարհի բանակները: 1967 թվականին պաշտոնապես հրաժարվեց զինվորական ծառայությունից եւ ընդամենը մեկ ժամ անց Նյու Յորքի նահանգի Մարզական հանձնաժողովի կողմից զրկվեց բռնցքամարտիկի արտոնագրից: Հանձնաժողովը հրաժարվեց նրան աշխարհի չեմպիոն ճանաչել: Համալսարաններում նա հանդես էր գալիս վիետնամական պատերազմի խիստ քննադատությամբ՝ դրսեւորելով հռետորական ճկուն ու բարձր արվեստ: Ալիի հախուռն, աննկուն բնավորությունը, նրա պոետիկ ու խաղացկուն կերպարը երիտասարդական շրջանակներում մեծ համակրանքի էր արժանանում։ «Ես մարտի էի դուրս գալիս, որպեսզի արժանանամ աշխարհի չեմպիոնի կոչման, որպեսզի կարողանամ դուրս գալ փողոց եւ ասեմ այն, ինչ գալիս է մտքիս: Ես ուզում էի գնալ գործազուրկ մարդկանց մոտ, որոնց համար թմրանյութն ու աղքատությունն իրենց առօրյա կյանքի անբաժան մասն էին: Ես ուզում էի չեմպիոն դառնալ, որը հասանելի էր բոլորի համար: Ես հույս ունեի ոգեւորել ուրիշներին, որպեսզի նրանք սկսեին տնօրինել իրենց ճակատագիրը եւ ապրեին հպարտ ու նպատակասլաց»,- ասում էր Մուհամեդ Ալին, որին կյանքի վերջին տարիներին անգամ պարկինսոնյան դաժան հիվանդությունը չկոտրեց:

Ալին 20-րդ դարի այն մարզիկներից էր, որը համաժողովրդական սեր էր վայելում նույնիսկ իր թշնամիների կողմից. «Երբ ես ազատություն եմ ուզում, դուք իմ հակառակորդներն եք»:
Այսպիսին էր չեմպիոնը: Ալի բոմայե:

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X