Մուզիլ. Հուշարձանները

Օրեր առաջ Աշոտ Ալեքսանյանի թարգմանությամբ Ռոբերտ Մուզիլի «Երեք կին» ժողովածուն թերթելիս կարդացի «Հուշարձաններ» վերնագրով էսսեն, որը հրաշալիորեն եւ կատարելապես մեկնում է Երեւանում վերջին օրերի հուշարձանային թեմայի ողջ բնույթը: Ստորեւ ներկայացնում եմ մի հատված Մուզիլի էսսեից:

Երբ մարդ հուշարձան-կոթողներին բարին է կամենում, նա պետք է անխուսափելիորեն հանգի այն անողոք ու անգութ հետեւությանը, թե նրանք մեր բնույթի դեմ ուղղված պահանջ-պարտադրանք են մեզ վրա դնում, որի իրագործման համար կարիք է զգացվում շատուշատ մասնահատուկ միջոցների ու նախապատրաստությունների։ Եթե մարդ ուզենա ավտոմեքենաների երթեւեկության անվտանգության համար նախատեսված նախազգուշական նշաններն այնպես աննկատելիորեն մի գույնի բերել, ինչպես հուշարձաններն են, այդ դեպքում նա հանցագործություն արած կլինի։ Նույնիսկ շոգեքարշերն էլ զիլ հնչեցնում են իրենց շչակները՝ առանց ցաքուցրիվ կամ հատուկ մտածված ձայնային նպատակներ հետապնդելու, անգամ փոստարկղերն էլ հաճախ հրապուրիչ գույներով են ներկում՝ առանց երկար-բարակ գլուխ ցավեցնելու դրանց միագույնության ինչ-ինչ խորախորհուրդ հնարավոր իմաստների շուրջ։ Մի խոսքով, այսօր հուշարձանները նույնպես պարտավոր են, ինչպես դա բոլորս ենք հարկադրաբար անում, շատ ավելի ճիգ ու ջանք թափել այս ուղղությամբ... Ճանապարհին հանգիստ կանգնել եւ անցնող-դարձողների հայացքներն իր վրա բեւեռել կարող է ամեն ոք։ Այսօր մենք հուշարձաններից պետք է շատ ավելին պահանջենք։

Հենց որ մարդ համակվում է այս խոհերով (որ շնորհիվ ինչ-ինչ նորահայտ հոգեւոր հոսանքների՝ գոյության պայքարում կամաց-կամաց սկսում է իր համար ուղի հարթել), հասկանում ես, թե ինչքան հետամնաց է մեր հուշարձանների արվեստը՝ համեմատած հայտարարագրերի ու գովազդների գործի կազմակերպման ժամանակակից փուլում ի հայտ եկած տեղաշարժերին: Ինչո՞ւ, օրինակ, հանքանյութից ձուլված հերոսն առնվազն գոնե այլ ասպարեզներում վաղուց անտի փորձված ու հնամաշ միջոցին չի դիմում, ասենք՝ լուսամուտի ապակուն մատով թխկթխկացնելուն: Կամ՝ ինչո՞ւ մի խումբ կազմող մարմարակուռ կերպարանքները միմյանց շուրջբոլորը չեն պտտվում, ինչպես խանութի ցուցափեղկերում զետեղված շատ ավելի դուրեկան առարկաները: Ախր, գոնե աչքերը բացուխուփ անեին... Ուշադրության արժանանալու համար գոնե պետք է պահանջ ներկայացվեր, որպեսզի դիմեին փորձված ու հուսալի մակագրությունների զինանոցին, ինչպես, օրինակ, «Գյութեի Ֆաուստն ամենալավն է» կամ «Հռչակավոր բանաստեղծ X-ի դրամատիկական գաղափարներն ամենաառաջադիմականն են»:

Դժբախտաբար, այդ քանդակագործները չեն ուզում: Ամեն ինչից երեւում է, որ նրանք չեն հասկանում բուռն շարժումներով հարուստ ու տագնապալից մեր ժամանակաշրջանը: Երբ նրանք քաղաքացիական հագուստով մի պարոնի են ներկայացնում, ուրեմն նա կամ անշարժ նստած է լինում մի աթոռի վրա, կամ, ահա, կանգնած է՝ ձեռքը բաճկոնի երկրորդ եւ երրորդ կոճակների միջեւ խրած, երբեմն էլ ձեռքին մի փաթեթ է ունենում բռնած, իսկ դեմքին ոչ մի դիմաշարժություն կամ որեւէ արտահայտություն չի խաղում: Նա սովորաբար այնպիսի տեսք է ունենում, ինչպես կարծրամիտ սեւամաղձոտները նյարդաբուժական հաստատություններում: Եթե հուշարձանների նկատմամբ մարդիկ հոգեպես կույր չլինեին եւ կարողանային նկատել, թե վերեւներում ինչ է տեղի ունենում, այդժամ, նրանց կողքով անցնելիս, նրանք պետք է որ ամբողջ մարմնով սարսռային, ինչպես՝ եթե խելագարանոցի պատվարից նույն զգացումը բխելիս լիներ: Շատ ավելի սահմռկեցուցիչ է, երբ քանդակագործը գեներալի կամ իշխանի է պատկերում: Դրոշը ծածանվում է ձեռքին, մինչդեռ ոչ մի քամի էլ չի փչում: Սուրը մերկացված է, եւ, սակայն, ոչ ոք դրանից չի սարսափում: Ձեռքը տիրականորեն առաջ է պարզված, բայց ոչ մեկի մտքով չի անցնում հետեւել ցույց տրված ուղղությունը: Նժույգն ինքն էլ, հուրհրատող ռունգերով, ցատկի պատրաստ դիրք ընդունած՝ ետեւի սմբակներին է բարձրացել ու զարմանքից ապուշ կտրել, որ մարդիկ ներքեւում փոխանակ մի կողմ քաշվեն, հանգիստ սրտով հացերշիկ են բերանները խոթում կամ լրագիր գնում: Աստված վկա, հուշարձանային կերպարանքները ոչ մի քայլ անգամ չեն կատարում եւ, սակայն, այդուհանդերձ, մշտապես faux pas են անում: Դա մի շատ հուսահատ դրություն է:

Ինձ թվում է, որ իմ այս դատողություններով ինչ-որ կերպ կարողացա նպաստել հուշարձանային կերպարանքներ եւ համանման այլ իրողություններ հասկանալուն: Գուցե մեկնումեկն այս պահից սկսած տեսնում է արդեն նրանց, որ կանգնած են իր ճանապարհին: Բայց այն, ինչը, չնայած դրան, անհասկանալի է մնում, ինչքան էլ որ երկար այդ մասին մտածես, այն հարցն է, թե ինչու այդ դեպքում, եթե իրերի վիճակն այդպիսին է, հենց միայն հատկապես նշանավոր մարդկանց են հուշարձաններ կանգնեցնում: Դա կարծես, պարզ ասած, մի չար խաղ լինի: Եվ որովհետեւ կյանքում նրանց այլեւս երբեք չես կարող վնաս հասցնել, կարծես մնում է միայն խորտակել նրանց. վզից մի հուշարձան կախ տալով՝ ուղիղ գծով՝ Մոռացության ծովի մեջ:

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X