Hagia Sophia-ն, Քլինթոնը, Թուրքիայի կործանման վախերը

Թուրքիան, մանավանդ նախագահ Էրդողանը, այնքան ներքին ու արտաքին խնդիրների մեջ են թաղված, որ թե Թուրքիայից, թե Էրդողանից սպասելի են ինչպես բանական, այնպես էլ, եւ նույնիսկ ավելի՝ հակաբանական եւ իռացիոնալ արարքներ: Բայց այն, ինչ Էրդողանը եւ Թուրքիան հասցրին անել ընդամենը մի քանի օրում, մայիսի 29-ից մինչեւ անցյալ շաբաթ, արդեն գիտակցության լիակատար խամրելու եւ վախերից պատեպատ զարնվելու ախտանիշ է:

Էրդողանի վախերն ու մանտրաները

Մայիսի 29-ին Թուրքիայում ծայրագույն ցուցամոլությամբ, մասշտաբայնությամբ ու աղմկարարությամբ նշվեց մարդկային պատմության ամենասեւ օրերից մեկի՝ 1453-ի մայիսի 29-ին Մահմուդ II սուլթանի առաջնորդած թուրք հրոսակների կողմից Կոստանդնուպոլսի գրավման տարելիցը: Այնպիսի մի ժամանակ, երբ ISIS-ի երեսից իսլամն ու մահմեդականությունը Եվրոպայի, առհասարակ քաղաքակիրթ մարդկության աչքի գրողն են դարձել, միայն գիտակցության հետ խնդիր ունեցողը քրիստոնյա աշխարհին ավելորդ անգամ կհիշեցներ Կոստանդնուպոլսի գրավման մասին, ինչը թուրքերի մասով քսենոֆոբիայի եւ իսլամաֆոբիայի հիմնապատճառն է:

Մինչդեռ Թուրքիայում դա արեցին: Էրդողանն էլ, բացահայտելով ներքին վախերն ու շարժառիթները, Պոլիսում ընթացող տոնակատարությանը հայտարարեց. «Մեր թշնամիները մեզ չեն ներում Պոլիսի գրավումը եւ ցանկանում են, որ մենք այստեղ չլինենք… բայց մենք տեղավորվել ենք Անատոլիայում եւ Թրակիայում եւ այստեղից չենք հեռանա»:

Իրականում հեռանալու կարիք էլ չկա, Թուրքիան տեղում էլ կարող է հաջողությամբ ոչնչանալ՝ քրդերի հետ քաղաքացիական պատերազմի եւ երկրի փլուզման արդյունքում: Պարզ է, որ թուրք-քրդական քաղաքացիական պատերազմում չեն հաղթի ոչ թուրքերը, ոչ քրդերը, մինչդեռ հաջողությամբ կավերվի ու կոչնչանա այսօրվա Թուրքիան: Գիտակցորեն Էրդողանը գուցե դրանից էլ վախենում է. դրա համար էլ, ինչպես մթության մեջ առաջացող մարդն է բարձրաձայնում՝ ես չեմ վախենում, հուսալով այդպես վախը խեղդել, այնպես էլ Էրդողանն էր մայիսի 29-ին միլիոն մարդ հավաքել Պոլիսի հրապարակում եւ չհեռանալու մանտրաներ կրկնում:

Սակայն ենթագիտակցական, զգայական հարթությունում Էրդողանի եւ Թուրքիայում շատերի վախը Կոստանդնուպոլսի մոտալուտ կորստյան եւ այսօրվա Թուրքիայի ոչնչացման մասին անհաղթահարելի, գրեթե սրբազան հիմք ունի՝ սնոտիապաշտությունը սուրբ գրքերի գուշակությունների հանդեպ: Այդտեղ է թաղված շան գլուխը:

Ղուրանն ակնարկում է Հիլլարի Քլինթոնի՞ն

Խնդիրն այն է, որ իսլամի սուննիական հավատամքի մեջ կան Մեծ եւ Փոքր նշաններ, որոնք ընկալվում են որպես ժամանակների ավարտի կամ սուննիզմի կործանման կանխանշաններ: Փոքր նշաններից մեկը, օրինակ, կանխատեսում է, որ մահմեդականները կկորցնեն իսլամի հասկացությունն ու իմացությունն այնքան, որ La Illaha Ila Allah («Չկա այլ աստված, ալլահից բացի») ասելու փոխարեն, առանց հասկանալու, կթութակեն՝ Allah, Allah: Այս մի նշանին իսլամական աշխարհում հաստատ հասել են:

Սուրբգրքային տասնյակ գուշակություններից մեկ ուրիշն էլ, որը դժվարանում եմ ասել՝ ուղիղ Ղուրանից է արտածվել, թե հետագայում են ձեւակերպել, վերաբերում է Կոստանդնուպոլսում իսլամի անկմանը: Սուննիական սնոտիապաշտությունը հավատացնում է, որ Պոլիսը կվերանվաճվի վասն քրիստոնեության, եւ դա կպատահի մի ժամանակ, երբ աշխարհը կղեկավարի կին: Ըստ որոշ տարընթերցումների, Պոլիսի վերանվաճողը կլինի կին, ըստ այլ տարընթերցումների՝ աշխարհն այդ ժամանակ կղեկավարի կին: Թուրքիայում լրջորեն խոսում ու երկյուղում են, որ աշխարհը կնոջ կողմից ղեկավարվելու մարգարեությունը վերաբերում է աշխարհի հզորագույն պետության՝ ԱՄՆ-ի կին նախագահ ունենալուն:

Դժվար չէ կռահել, թե որեւէ կանոնավոր, համալսարանական կրթություն չստացած Էրդողանը, որը կրթվել է կրոնական հաստատությունում՝ իսլամական քարոզիչ դառնալու համար, որքան է ենթակա Ղուրանի թարգմանությունների, այլեւայլ մեկնաբանությունների ազդեցությանը: Դրանց թվում՝ ժամանակների ավարտին վերաբերող գուշակությունների, որոնք էլ, ենթադրաբար, «թունավորում» են Էրդողանի գիտակցությունը՝ իռացիոնալիզմը դարձնելով մտքերի ու քայլերի միակ չափանիշ:

Մայիսի 29-ից ընդամենը օրեր անց՝ հունիսի 2-ին, Գերմանիայի Բունդեսթագը միաձայն ընդունեց Օսմանյան կայսրությունում հայերի, հույների եւ այլ քրիստոնյաների հանդեպ իրականացված ցեղասպանությունների բանաձեւը: Եվս մի քանի օր անց՝ հուլիսի 6-ին, Հիլարի Քլինթոնը հատեց ԱՄՆ դեմոկրատական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ պատվիրակների թվի շեմը: Էրդողանի արձագանքը քրիստոնեական Գերմանիային եւ Քլինթոնի ուրվագծվող հաղթանակին համարյա խելագարությունն էր. նա թույլատրեց, որ Ռամադանի ընթացքում (այս տարի տոնվում է հունիսի 6-ից հուլիսի 5-ը) Hagia Sophia-ում՝ ութ տասնամյակ առաջ թանգարանի վերածվելուց ի վեր առաջին անգամ, իսլամական կրոնական ծիսակարգեր կատարվեն եւ Ղուրանից սուրահներ ընթերցվեն՝ դա էլ հեռարձակելով հեռուստատեսությամբ:

Էրդողանի արարքը՝ չգիտես, ավելի սրբապղծությո՞ւն է, քրիստոնեությանը պատճառվող վիրավորա՞նք, թե՞ խելագարության ախտանիշ՝ փրփուրներից կառչողի հույս, որ գուցե Այա Սոֆիայում Ղուրանի ընթերցանությունն օգնի սուննիական մարգարեության կատարումից փրկվելուն: Մինչդեռ եթե հակառակը պատահի՞…:

Անգերազանցելի Hagia Sophia-ն

Hagia Sophia-ն հունարենից թարգմանությամբ նշանակում է «Սուրբ իմաստնություն»: Կոստանդնուպոլսի թագն ու պսակը հանդիսացող այս տաճարի հետ համեմատելի կամ հավասար ոչինչ չի եղել երկրագնդի վրա շուրջ 1000 տարի՝ ոչ շինության վիթխարիության, ոչ ճարտարապետական բարդության, ոչ ներքին հարդարման կատարելության, ոչ ծիսական առարկաների արժեքի առումով: Ի դեպ, ներկայիս Այա Սոֆիան նույն շինության հիմքից բարձրացող երրորդ տաճարն է, որ կառուցել է Հուստինիանոս կայսրը 532-37-ին: 532-ի Նիկայի ապստամբության ժամանակ ամբողջությամբ հրդեհի է մատնվում Այա Սոֆիայի երկրորդ տաճարը (կառուցված 415-ին), եւ Հուստինիանոս կայսեր հրամանով տասը հազար շինարարներ հինգ տարի շարունակ աշխատում են, որպեսզի երկինք հառնի երրորդ եւ անգերազանցելի Այա Սոֆիան:

1453-ին օսմանյան Մահմեդ II սուլթանը գրավում է Կոստանդնուպոլիսը, այն հռչակում է իր կայսրության մայրաքաղաք, բայց, բարեբախտաբար, Այա Սոֆիան չի ավերում: Տաճարի շուրջը չորս մինարեթներ են կառուցվում, ներսում, հետեւելով Ղուրանի պատվիրաններին, ներկով փակվում են որմնանկարների մարդկային դեմքերը, Մեքքայի ուղղությունը ցույց տվող, մզկիթի մուտքի նմանվող դրվագազարդ մի շինվածք է տեղադրվում տաճարի ներսում, Ղուրանի սուրահներից մեջբերումներով մի քանի ցուցատախտակներ են ամրացվում տաճարի միջնասյուներին, եւ կարծես վերջ՝ տաճարն սկսում է ծառայել իբրեւ մզկիթ: Եվ այդպես շուրջ հինգ հարյուր տարի, մինչեւ 1932թ., երբ Այա Սոֆիան վերածվում է թանգարանի:

Այսօր Այա Սոֆիայում (ինչպես ինքս եմ այն տեսել մեկ տարի առաջ) չկան թանկարժեք ծիսական պարագաներ, չկա գրեթե ոչ մի իր: 77մ երկարությամբ եւ 71մ լայնությամբ տաճարում միայն հատակը, պատերը, հիմնասյուները, միջնասյուները, գմբեթը, մուտքի դռները, ջահերն են, բայց նույնիսկ այդ կատարյալ դատարկության մեջ էլ անպատկերացնելի շքեղ է Այա Սոֆիան… Հատակը, պատերը, դռների ու պատուհանների շրջանակները, սյուները վերից վար ծածկված են Հուստինիանոս կայսեր հրամանով Այա Սոֆիայի համար բերված սպիտակ, կարմիր ու կանաչ գույների մարմարներով, որ հազարամյակների մեջ չեն կորցրել գույնը: Տասնյակ մետրերի բարձրությամբ, դրվագազարդ, մետաղաձույլ դռներնայսօր էլ կայսրական վեհություն են ճառագում: Գմբեթը ոչ միայն գեղարվեստի առումով է գլուխգործոց, այլեւ ճարտարապետության տեսակետից է անհավատալի արարչագործություն. այն գտնվում է հատակից 56-57 մետր բարձրության վրա, եւ տրամագիծը 31 մետր է:

Մեր ժամանակների միակ լրացումը Այա Սոֆիայում երեւի բյուրեղապակյա, հսկայական, շլացուցիչ ջահերն են: Եվ ամենակարեւորը՝ 1930-ականներին թանգարանի վերածվելուց հետո շատ խճանկարների, սրբապատկերների վրայից հեռացվել է ծածկող ներկը, եւ այսօր տեսնում ենք հունական սրբապատկերները: Անշուշտ, նաեւ հերթական անգամ մտորում, թե ինչի կնմանվեին աշխարհը եւ մարդկությունը, եթե չլիներ Հունաստանը եւ հունական մշակույթի կատարելությանը մոտենալու Եվրոպայի հազարամյակներ չավարտվող մաքառումը:

Պոլիսը, հոգեւորականները, Աստված

Սակայն ամենից ապշեցնող եւ անմոռանալի զգացողությունը Hagia Sophia-ում՝ տաճարի քրիստոնեական ու իսլամական շերտերի մեկուսիությունն է: Հարյուրամյակներ շարունակ այդ շերտերը գոյատեւում են կողք կողքի, բայց ոչ մի կերպ չեն միախառնվել, բավական է վերցնես իսլամական շերտը, եւ ոչ ոք չի էլ կռահի, թե Այա Սոֆիայում այն երբեւէ եղել է: Այդ առումով Այա Սոֆիան ասես Պոլիսի եւ, ընդհանրապես, Օսմանյան կայսրության կամ Թուրքիայի մանրակերտը լինի: Հարյուրամյակների թուրքական ներկայությունը չի կարողացել էությունը փոխել:

Եթե չլինեին ռուսները, եւ կյանքի կոչվեր Սեւրի դաշնագիրը, դժվար թե 1920-ին միջազգային քաղաքի կարգավիճակ ստացող Կոստանդնուպոլսում այսօր թուրքական հետք լիներ: Մինչդեռ երիցս նզովյալ ռուսների երեսից այսօր Պոլիսում ուղղափառ քրիստոնեությունից մնացել է միայն առաջնորդի՝ Հունաց Տիեզերական Պատրիարքի Աթոռը: Այդպես է. երբ պատերազմները ջնջում են զինվորականությանը, հեռանում են հողեղեն մահկանացուները, միշտ էլ, ի վերջո, ասպարեզում, ժամանակի եւ պատմության հետ անհավասար մարտում մնում է հոգեւորականությունը: Պոլիսում էլ այսօր սակավամարդ քրիստոնեական համայնքների խորքին կանգունը քրիստոնյա հոգեւորականներն են, Հայոց եւ Հունաց պատրիարքությունները… Ինչպես Հունաց Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Առաջինն է իր հազվագյուտ հարցազրույցներից մեկում ասել. «Մենք Աստծո ուժով եւ կամքով ենք այստեղ, նույնիսկ երբ հեռացել է մեր ժողովուրդը»:

Կա Պոլիսը, կա հոգեւորականությունը, կա Աստված: Եվ Էրդողանի ֆոբիաները, մանտրաներն ու Ղուրանի ընթերցանությունն Այա Սոֆիայում ոչինչ չեն խախտում այդ երրորդության մեջ: Դրանք ավելի շուտ աշխուժացրին Պոլիսում սուննիզմի կործանման մասին մարգարեությունների թեման:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X