ՆԱՏՕ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարը պատասխանել է «Հրապարակի» հարցին

Ընթացիկ շաբաթը Ռուսաստանի համար սեւ շաբաթ էր։ Այս երկիրը հարվածներ ստացավ մի քանի ատյաններից։ Նախ՝ ռուսները մեղմ ու քաղաքավարի ֆրանսիացիներին հասցրին այնտեղ, որ ռուս ֆուտբոլասերներին, որոնք Ֆրանսիայում պարզապես խուլիգանությամբ էին զբաղված, ձերբակալեցին, կալանավորեցին, անգամ ազատազրկեցին: Երեկ էլ Ռուսաստանին սպորտի աշխարհից դուրս մղեցին՝ Ռուսաստանը ներկայացնող բոլոր աթլետներին արգելվեց մասնակցել օգոստոսին կայանալիք Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերին, քանի որ ապացուցված համարվեց, որ Ռուսաստանը հետեւողականորեն, պետական կառույցների իմացությամբ, կեղծել է հակադոպինգային թեստերի արդյունքներն իր համարյա բոլոր մարզիկների համար: Լրագրողի սադրիչ հարցին, թե Ռուսաստանի հանդեպ նման արգելք կիրառելն արդյոք քաղաքական շարժառիթ չունի՞, IAAF-ից պատասխանեցին, որ IAAF-ում (Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցացիա) որոշումներ կայացնող մարմինը բաղկացած է 28 երկրների ներկայացուցիչներից, բոլոր մայրցամաքներից, եւ նրանք միաձայն են կայացրել Ռուսաստանի հավաքականին որակազրկելու որոշումը:

Բայց սա շաբաթվա ընթացքում Ռուսաստանին հասցված ամենազորեղ հարվածը չէր: Երեկ ռուս հասարակությունը նաեւ տեղեկացավ, որ, չնայած Վլադիմիր Պուտինի՝ մայիսին Հունաստան կատարած այցի առթիվ հրապարակված հոդվածով սկիզբ առած՝ Եվրոպային քծնելու եւ հարաբերությունների կարգավորում մուրալու շարունակական ջանքերին, ԵՄ-ն նորից երեկ եւս 1 տարով երկարաձգեց Ղրիմի հանդեպ սահմանված պատժամիջոցները։ Դա նշանակում է, որ ՌԴ-ի հանդեպ կես տարի երկարաձգված պատժամիջոցներն էլ, հավանաբար, կձգվեն մինչեւ մյուս ամառ: Թե դա ինչ ավերիչ հետեւանքներ է ունենում Ռուսաստանի տնտեսության համար, ոչ միայն այդ երկրի քաղաքացիները, այլեւ մեռելածին ԵՏՄ-ի մյուս անդամ երկրներն էլ հրաշալի զգում են:

ՆԱՏՕ-ի նախարարական գագաթնաժողովը

Բայց ամենաէական հարվածը, որ ընթացիկ շաբաթ հասցվեց Ռուսաստանին, այնուամենայնիվ, Բրյուսելից էր եւ ՆԱՏՕ-ից: Հունիսի 14-15-ին Բրյուսելում կայացավ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների գագաթնաժողովը, որն ամփոփիչ եւ նախապատրաստական հավաքն էր հուլիսին Վարշավայում գումարվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ: 2014-ի սեպտեմբերի Ուելսի գագաթնաժողովից հետո, հաշվետու երկամյա շրջանում ՆԱՏՕ-ի արեւելյան թեւի պաշտպանության առումով փայլուն արդյունքներ գրանցվեցին: Ռուսաստանը որքան էլ պատեպատ զարնվեց, միեւնույն է՝ ոչինչ չկարողացավ անել, ՆԱՏՕ-ն 40 հազարանոց արագ արձագանքման, այդ թվում՝ 13 հազարանոց գերարագ արձագանքման ուժեր ձեւավորեց անցած երկու տարում, եւ Արեւելյան Եվրոպայի 6 երկրներում՝ Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Բուլղարիայում, հիմնեց հրամանատարական կառույցներ, որոնք կոչված են կոորդինացնելու վերը նշված Արագ արձագանքման ուժերի գործողություններն ընդդեմ Ռուսաստանի, եթե անհրաժեշտություն ծագի՝ մարդուժից մինչեւ զինտեխնիկա:

Եվ, ինչպես հայտնի դարձավ ՆԱՏՕ նախարարական գագաթնաժողովից, այժմ ՆԱՏՕ-ն նույնկերպ գերհզորացնելու է իր ներկայությունը Սեւ ծովում, հավանաբար՝ որպեսզի Ռուսաստանը զսպանակի պես զսպված մնա նաեւ այդտեղ: Այլ քայլեր Ռուսաստանին զսպելու ուղղությամբ նույնպես քննարկվել են նախարարական գագաթնաժողովում, որոնք որոշումների տեսքով, բնակնաբար, հայտնի կդառնան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում:

Ավելացնեմ միայն այն, որ երկուշաբթի՝ հունիսի 13-ին, նախարարական գագաթնաժողովի նախօրեին, ՆԱՏՕ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարը՝ դեսպան Դուգլաս Լյութը, Բրյուսելում հեռախոսային ասուլիս էր անցկացնում: Ասուլիսի մասին Երեւանում ամերիկյան դեսպանատան ծանոթներիցս մեկը տեղեկացրեց. չէի կարծում, որ եթե հարց ուղարկեմ, դա ասուլիսի ընթացքում կհասցնեն ընթերցել, երբ տասնյակ, հարյուրավոր հարցեր են լինում, էլ չասած նրանց մասին, ովքեր անմիջականորեն կզանգեին, քանի որ հեռախոսային ասուլիս էր:

Ի պատասխան մեր հարցի

Ինչեւէ, հաճելիորեն զարմացա, երբ պարզվեց, որ իմ ուղարկած երկու հարցերից մեկը տրվել էր դեսպանին, ընդ որում՝ հենց դեսպանի ներածական խոսքից հետո։ Ուղղակի «Հրապարակի» հարցով էի սկսել լրագրողական հարցերը՝ նույնիսկ Der Spiegel-ի, BBC-ի հարցերը թողնելով դրանից հետո: Մեր հարցն այն մասին էր, թե, ըստ դեսպան Լյութի, ինչպե՞ս են փոխվել Ռուսաստանի պահվածքը եւ գործողությունները Եվրոպայում 2014-ի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից ի վեր՝ դրանք ավելի վտանգավո՞ր են դարձել, թե՞ հաշտվողական: ՆԱՏՕ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի պատասխանն էր, որ Ռուսաստանի պահվածքում ինքը չի տեսնում փոփոխություն, այլ, ավելի շուտ՝ շարունակականություն: «Կարծում եմ՝ Ռուսաստանի պահվածքը 2014-ից ի վեր ես կբնութագրեի հիմնականում կայուն: Այսինքն՝ ըստ իս, 2014-ից հետո վերջին երկու տարում Ռուսաստանի պահվածքում ավելի շարունակականություն է եղել, քան փոփոխություն:

Ինչո՞ւ եմ այդպես ասում: Ռուսաստանը շարունակում է անօրինականորեն բռնագրաված պահել Ղրիմը: Ռուսաստանն իր վստահորդ ուժերի միջոցով շարունակում է ապակայունացնել Դոնբասը՝ Հարավային Ուկրաինայում: Ռուսաստանը շարունակում է ընդարձակ զինավարժություններ անցկացնել Վիեննայի փաստաթղթի պարամետրերից, թափանցիկություն ապահովող միջոցառումներից դուրս: Ռուսաստանը շարունակում է իրեն ցույց տալ՝ ծածանելով ագրեսիվ եւ անպատասխանատու մի դոկտրին: Եվ Ռուսաստանը շարունակում է արդեն շաբլոն դարձած անպատասխանատու վարքագիծը միջազգային ջրերում եւ օդում։ Եթե նայեք այս հինգ-վեց ցուցիչներին, ապա Ռուսաստանի վարքում մեծ չափի շարունակականություն կտեսնեք»,- ասել էր դեսպան Լյութը՝ ի պատասխան մեր հարցի: Բնագրով. Well, I suppose that I would characterize that as mostly Russian behavior since 2014 has been consistent. So I think there’s more continuity since 2014 over the last two years than there has been change in Russian behavior.
Why do I say that? Russia continues to occupy illegally Crimea. Russia continues to destabilize by way of proxy forces the Donbas in Eastern Ukraine. Russia continues to conduct large exercises outside of the parameters, outside of the transparency measures of the Vienna Document. Russia continues to flaunt doctrine which is aggressive and irresponsible. And Russia continues to act irresponsibly with regard to routine interactions at sea and in the air in international sea space and air space.

So if you look at those five or six features, you’ll see a good deal of continuity in Russian behavior.

Իմիջիայլոց, մեր երկրորդ հարցն էլ վերաբերում էր Թուրքիային, բայց երեւի Ռուսաստանի վերաբերյալ հարցն ասուլիսի մոդերատորին ավելի կարեւոր էր թվացել՝ այդ հարցն էր ընթերցել:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X