Վերջացավ Brexit-ը, ետ դեպի Regrexit

Նույնիսկ այն մարդիկ, որոնք չգիտեին հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում անցկացվող հանրաքվեի մանրամասները, գիտեին դրա անունը՝ Brexit: Եվրոպայում որքան ասես գրում եւ կատակում էին, թե Brexit-ին կարող է հետեւել Frexit-ը, Grexit-ը եւ մյուս exit-ները: Եվրոպայից նեղացածներն էլ, ասենք՝ Ռուսաստանի նմանները, երեւակայությանն ուժ տալով, ճառում էին, թե իբր Brexit-ի արդյունքում եթե հաղթեն ԵՄ-ից դուրս գալու կողմնակիցները, դրանից կփլուզվի ԵՄ-ն:

Մինչդեռ եղավ հակառակը: Հանրաքվեում հաղթեցին ԵՄ-ից դուրս գալու կողմնակիցները, բայց դրա արդյունքում փլուզման ճանապարհին կանգնեց ոչ թե ԵՄ-ն, այլ Մեծ Բրիտանիան: Կատարյալ քաոսի մեջ հայտնվեց Միացյալ Թագավորության քաղաքական դաշտը: Գումարած՝ Միացյալ Թագավորության կազմում գտնվող սուբյեկտներն էլ հրապարակավ եւ պաշտոնապես հայտարարում են Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու եւ ԵՄ-ում մնալու ծրագրերի մասին:

Brexit-ի արդյունքների պաշտոնական հայտարարումից երեւի մեկ ժամ էլ չանցած, հունիսի 24-ի առավոտյան, ՄԹ վարչապետ Դեյվիդ Քամերոնը հայտարարեց, որ ինքը հրաժարական է ներկայացնում եւ կշարունակի պաշտոնավարել մինչեւ նոր վարչապետի ընտրությունը: Ըստ Քամերոնի, նոր վարչապետը պետք է մեկնարկ տա երկրի՝ ԵՄ կազմից դուրս գալու գործընթացին, քանի որ Քամերոնն ինքը ԵՄ կազմում մնալու կողմնակիցն էր, այդ արշավի առաջնորդը, հետեւաբար, ճիշտ անձը չէ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու գործընթացն իրականացնելու համար:

Այդպիսով, Քամերոնի կուսակցությունը՝ Tory-ները, մխրճվեցին ներկուսակցական ընտրությունների հորձանուտը, եւ չի էլ հասկացվում, թե ում պիտի ընտրեն: Հանուն վարչապետ դառնալու՝ ԵՄ-ից դուրս գալու ճամբարի այցեքարտ դարձած Բորիս Ջոնսոնը (Լոնդոնի երկարամյա քաղաքապետը եւ ՄԹ քաղաքական դաշտի թիվ մեկ dandy-ն) ասպարեզում չի երեւում: Մյուս հավանական առաջնորդը՝ ՄԹ ներքին գործերի քարտուղար Թերեզա Մեյն էլ անխախտ լռություն է պահպանում: Կարճ ասած՝ իշխանության վակուում:

Ընդդիմադիր ճամբարում՝ լեյբորիստների կուսակցությունում, էլ ավելի անտերունչ վիճակ է։ Երկուշաբթի հրաժարական ներկայացրին ստվերային կաբինետի 19 անդամներ, երեկ էլ Համայնքների պալատում Լեյբորիստների խմբակցությունն անվստահություն հայտնեց կուսակցության առաջնորդ Ջերեմի Կորբինին: Կատարյալ ներկուսակցական անիշխանություն:

Մինչ բրիտանական էսթաբլիշմենթի երկու հենասյուները՝ պահպանողական եւ Լեյբորիստական կուսակցությունները հայտնվել են անիշխանության ճիրաններում, Թագավորության սուբյեկտները, եւ առաջին հերթին Շոտլանդիան, իրենց ուղին են հարթում ԵՄ կազմում մնալու. կուզի՝ մեծ Բրիտանիայի հետ, կուզի՝ առանց Բրիտանիայի: Շոտլանդիայի եւ Ջիբրալթարի, չի բացառվում ժամանակի ընթացքում՝ նաեւ Հյուսիսային Իռլանդիայի հաղթաթուղթն այն է, որ իրենք կողմ են քվեարկել ԵՄ-ի կազմում մնալուն եւ ամենեւին չեն պատրաստվում Անգլիայի եւ Ուելսի քվեարկության հետեւանքները կրել:
Երեւում է՝ ստեղծված քաոսի հանգուցալուծումը լինելու են արտահերթ համընդհանուր ընտրությունները Միացյալ Թագավորությունում, որոնց կոնտեքստում էլ, հավանաբար, ԵՄ-ից դուրս գալու թեման կփակվի:

Տեսականորեն գուցե հնարավոր էր, բայց գործնականում նույնիսկ Միացյալ Թագավորության համար անհնար եղավ ԵՄ-ից դուրս գալը, քանի որ նման փորձն անհաղթահարելի մասնատում եւ վիհ առաջացրեց բրիտանական հասարակության մեջ: Brexit-ի հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո ընդամենը երկու օրում Համայնքների պալատին ուղղված նոր հանրաքվեի անցկացման խնդրագրին միացավ երեք միլիոն մարդ, երբ, ընդհանուր առմամբ, 100 հազար ձայնն էլ բավական է, որ քաղաքացիների բարձրացրած հարցը Համայնքների պալատում քննության առնվի:

Արդյոք կլինի՞ նոր հանրաքվե: Եթե լինի էլ, դա արդեն կլինի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, եւ գուցե արդեն ոչ թե քաղաքացիների ստորագրություններ հավաքած խնդրագրով, այլ կուսակցությունների նախընտրական պլատֆորմով, ինչպես բուն Brexit-ի պարագայում եղավ։ Այդուհանդերձ, բոլոր իրադարձություններից առաջ ընկնելով՝ բրիտանացիներին սրամտությունը բավարարել է նոր հանրաքվեի համար անուն հորինելու. արդեն լրատվամիջոցներին է հասել Regrexit անունը: Regrexit՝ ասել է թե regretting for exit, թարգմանաբար՝ ցավում ենք դուրս գալու համար:

Ինքս այն մարդկանց թվին չեմ պատկանում, որոնք հավատում են, թե Մեծ Բրիտանիան վերջնահաշվում իրապես դուրս կգա ԵՄ-ից: Եթե գտնվի Մեծ Բրիտանիայի մի սուբյեկտ, որ, ի վերջո, դուրս գա ԵՄ-ից, վախենամ, թե դա լինի միայն Անգլիան, լավագույն դեպքում՝ Ուելսը եւ Անգլիան, ինչը, չորս կողմից ԵՄ-ով շրջապատված լինելու պարագայում, կատարելապես կիմաստազրկվի:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X