Հուլիսի 5-ի բացակայությունը

1991թ. Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնմամբ անխուսափելի դարձավ նոր՝ ազգային սահմանադրության ընդունումը։ Սահմանադրությունն ընդունվեց 1995թ. հուլիսի 5-ին՝ համաժողովրդական հանրաքվեով։ Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության օրը։ Սահմանադրությունն ամրագրեց Հայաստանի Հանրապետության բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական եւ սոցիալական պետության, հռչակեց մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, սահմանեց հանրապետության կառավարման ձեւը՝ հիմնված օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա։ Սահմանադրությամբ ձեւավորվեց կիսանախագահական կառավարման ձեւ՝ պետության գլխին՝ հանրապետության նախագահին վերապահված լայն լիազորություններով։

Պետության մայր օրենքի ընդունման օրը՝ հուլիսի 5-ը, բոլոր պետական տոներից մնաց ամենաաննշանը, ոչ երեւելին: Անգամ եթե դուրս գաք փողոց, հարցուփորձ անեք քաղաքացիներին, քչերը ձեզ կասեն, թե ինչու է Հայաստանում հուլիսի 5-ը համարվում ոչ աշխատանքային օր: Մայր օրենքի լինելությունը, նրա կարեւորագույն բնույթն այդպես էլ չդարձան քաղաքացիների, նաեւ պետական մարմինների, կրթական կառույցների կեցության եւ գիտակցության հիմնավոր տարրը: Տարիների ընթացքում պետության կողմից որեւէ հավաքական գործառույթ այդպես էլ չիրացվեց, որպեսզի ՀՀ Սահմանադրությունն իր կարեւորությամբ, այսպես ասած, հանրայնանա, դառնա ժողովրդական: Հակառակը՝ իշխանության կողմից պետության ղեկավարումը հակասահմանադրական կարգերով առաջնորդելով՝ մայր օրենքը ոտնահարվել է, մոռացության մատնվել եւ, ամենաահավորը՝ ծառայեցվել է եւ առայսօր էլ ծառայեցվում է միայն իշխանության տեւականությունն ապահովելու համար:

Սահմանադրական բարեփոխումների քողի տակ ծպտված իշխանությունը մայր օրենքի հետ վարվեց այնպես, ինչպես ուզում էր՝ պղծելով Սահմանադրության կենսագրությունն ու առաքելությունը: Այսու մայր օրենքը երջանկության եւ հարատեւության աղբյուր է ոչ թե պետության համար, այլ այդ պետությունը բանտարկած իշխանությունների, որոնք. փոփոխելով Սահմանադրության ատաղձը. իրենց երկարակեցությունը սահմանեցին, եւ եթե վաղն այսօրինակ փոփոխությունը հարմարավետ չլինի, իհարկե, մենք ականատես կլինենք նոր բարեփոխումների, եւ այսպես շարունակ:

Ցավալիորեն, հուլիսի 5-ը, կարելի է ասել, իշխանության, այլ ոչ թե ժողովրդի մայր օրենքի ընդունման օրն է: Գողացված օր, որի արդյունքն ակնհայտ է:

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X