Գեղարվեստական նոր ֆիլմ՝ «3 շաբաթ Երեւանում»

Օգոստոսի 4-ին հայ հանդիսատեսի դատին կհանձնվի «3 շաբաթ Երեւանում» ֆիլմը, որը պատմում է լիբանանահայ եւ իրանահայ երկու ընկերների մասին, որոնք գալիս են Հայաստան, որպեսզի իրենց գործընկերոջ հետ միասին ֆիլմ նկարահանեն Երեւանում: Ընկերները Հայաստան են գալիս մեծ ակնկալիքներով, սակայն շուտով հասկանում են, որ ամեն ինչ չէ, որ նախատեսվածի պես հարթ է անցնում, եւ առնվազն միամտություն էր հավատալն իրենց տրված բոլոր խոստումներին:

Վահե Բերբերյանի գրած սցենարը, որի հիմքում Նարբե Նազարյանի պատմությունն է, ներկայացնում է ֆիլմի հեղինակների արկածները Երեւանում եւ նրանց երկուսի փորձերը՝ հաղթահարելու իրենց երազանքի իրագործման ճանապարհին եղած դժվարությունները: Ֆիլմը լի է հումորով, անկանխատեսելի շրջադարձերով եւ հետաքրքիր կերպարներով, որոնց մարմնավորել են դերասաններ Աշոտ Ղազարյանը, Նարեկ Դուրյանը, Խորեն Լեւոնյանը եւ Լեւոն Հարությունյանը: Էպիզոդային դերերով հանդես են եկել շոու բիզնեսի ճանաչված աստղեր Թաթա Սիմոնյանը, Նունե Եսայանը, Ինգան եւ Անուշը, Էրիկը, Քրիստինե Պեպելյանը, Շուշան Պետրոսյանը, Արամոն եւ այլք: Ֆիլմի պրոդյուսեր Վահիկ Փիրհամզեիի խոսքով, որը Բերբերյանի հետ հանդես է եկել նաեւ որպես ֆիլմի համահեղինակ, նա վաղուց էր նախատեսում համատեղ նախագիծ իրագործել իր ընկերների՝ Թոխատյանի եւ Բերբերյանի հետ, եւ «3 շաբաթ Երեւանում» ֆիլմը հոյակապ նախագիծ դարձավ համագործակցության համար: Հրանտ Թոխատյանի կարծիքով էլ, որը նաեւ ֆիլմի պրոդյուսերներից է, նախագիծը հոյակապ միջոց դարձավ՝ ներկայացնելու երեք տարբեր ծագումով կերպարների մի ավարտուն, անկեղծ եւ չափազանց հաճելի կինոնկարում, որտեղ պատկերված է հայ մշակութային ինքնությունը:

Ֆիլմը հանդիսատեսին կներկայացվի նախ Երեւանում, ապա՝ ԱՄՆ-ում, իսկ այնուհետեւ՝ Հայաստանի բոլոր խոշոր քաղաքներում եւ համայնքներում:

Մեկնաբանություն
X