ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը. Վարշավան՝ 30-րդ հարկից

Այսօր Լեհաստանի մայրաքաղաքում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որն արդեն հասցրել է որակվել ամենակարեւորը՝ Սառը պատերազմի ավարտից ի վեր: Ինքս երբեւէ նախկինում ՆԱՏՕ-ի գագաթնաժողով լուսաբանելու առիթ չեմ ունեցել, բայց խիստ կասկածում եմ, թե 1990-ականներից ի վեր որեւէ համաժողով, որեւէ երկրում այնպես ոգեւորել է հյուրընկալ երկրին եւ ժողովրդին, ինչպես հուլիսի 8-9 գումարվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վարշավայում: Ողջ քաղաքն այդ իրադարձությամբ է ապրում, ամենուր ՆԱՏՕ-դրոշներն են եւ անթաքույց հորդացող ուրախություն:

Ընդսմին, դա միանգամայն հասկանալի է: Վերջապես ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգերը տեղադրվում են Լեհաստանում, մոտ 40 000-անոց ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժեր են դրված Արեւելյան Եվրոպայի վեց հրամանատարական կենտրոնների տրամադրության տակ, եւ այժմ, ՆԱՏՕ-ի բացվող համաժողովում կհաստատվեն Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում եւ Լեհաստանում չորս ՆԱՏՕ զորագնդերի մշտական հերթակայման ծրագրերը: Դրանցից մեկը լինելու է ԱՄՆ զորագունդ, մյուսը՝ գերմանական, երրորդը՝ բրիտանական, չորրորդը՝ կանադական: Թող այսուհետ Ռուսաստանի մտքով միայն անցնի Մերձբալթիկայի կամ Լեհաստանի սահմանը խախտել, դա կնշանակի ԱՄՆ-ի, Գերմանիայի կամ Մեծ Բրիտանիայի, ասել է թե՝ ուղղակի ՆԱՏՕ-ի դեմ ռազմական գործողություններ սկսել: Ինչպես նախագահ Օբաման է ասում. «Հավատում եմ, որ Պուտինն այդ աստիճան հիմար չէ…»:

Ամփոփելով ՆԱՏՕ-ի՝ 2014-ի Նյուպորտի եւ 2016-ի Վարշավայի գագաթնաժողովների միջեւ ընկած երկամյա ժամանակաշրջանը՝ ակնհայտորեն 2014-ին Ղրիմ ներխուժելու արդյունքում Ռուսաստանը եւ Պուտինը ստացան ոչ միայն ՌԴ տնտեսությունը ծնկի բերած եւ հետագա փլուզման տանող տնտեսական սանկցիաներ, ոչ միայն Ռուսաստանը գործնականում հեռացվեց որոշիչ միջազգային կառույցներից՝ դատապարտելով մեկուսացման, այլեւ, ինչն ամենաէականն է, քաջալերողը Ռուսաստանն այժմ իր եվրոպական սահմանին տեսնում է զինտեխնիկայի եւ զինուժի այնպիսի կուտակում եւ բազմապատկման ներուժ, ինչպիսին նույնիսկ Առաջին ու Երկրորդ համաշխարհային պատերազմների տարիներին, երեւի, չէր տեսել:

Ինչի՞ համար է այդ ամենը: Ռուսաստանի զսպման՝ deterrence-ի քաղաքականության, ինչպես ՆԱՏՕ-ի նոր տերմինաբանությունն է կոչում այն: ՆԱՏՕ-ն ընդամենը երկու տարում կարողացավ իր արեւելյան թեւը ամրացնել այնքան, որ դժվար թե Ռուսաստանն այլեւ համարձակվի զսպված չմնալ եւ քիթը հանել իր արեւմտյան սահմաններից դեպի ՆԱՏՕ-ի պաշտպանության ներքո գտնվող տարածքներ: Մեծ սիմվոլիզմ կա նրանում, որ ՆԱՏՕ-ի աննախադեպ ամրացումը Արեւելյան Եվրոպայում՝ իբրեւ նվաճված արդյունք, հայտարարվում եւ տոնվում է հենց այն քաղաքում, որտեղ մի ժամանակ ԽՍՀՄ կոչված երկիրը իր անհետացած Վարշավյան պակտն էր ձեւավորում: Այսօր Վարշավյան պակտի բոլոր երկրները ոչ միայն թոթափել են ԽՍՀՄ ազդեցությունը, ոչ միայն հաջող եւ ինքնիշխան երկրներ են, այլեւ իրենց ռազմական ներուժն են զարգացնում, նաեւ՝ ի տես Ռուսաստանի, նաեւ՝ Ռուսաստանից պաշտպանվելու, իսկ անհրաժեշտության դեպքում, ինչու ոչ, նաեւ հակահարված ու հարված հասցնելու համար: Նման հաջողության ու առաջընթացի համար ինչպե՞ս չուրախանալ եւ ինչպե՞ս այն չտոնել:

Այնպես որ, Վարշավայում թեւածող տրամադրությունները միանգամայն հասկանալի են: Նաեւ՝ Վարշավայի քաղաքագլխի նախաձեռնությունը, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը մեկնաբանող լրագրողներին երեկ հրավիրել էր ընդունելության մի շենքում, որը կոչվում է Մշակույթի եւ գիտության կենտրոն, եւ այնքան ատելի Խորհրդային Միության նվերն է եղել Լեհաստանին: Այժմ այստեղ տոնվում էր Լեհաստանի ազատությունն ու պաշտպանվածությունը թե պատմություն դարձած ԽՍՀՄ-ից, թե դրա հոգեզավակ, մերօրյա Ռուսաստանից: Ընդունելությանը նաեւ հնարավորություն կար կենտրոնի 30-րդ հարկից դիտել Վարշավայի համայնապատկերը: Այդ համայնապատկերը, գուցե, ամենատպավորիչը չէր, որ կյանքում առիթներ եմ ունեցել դիտելու, բայց Վարշավայում տիրող ուրախությունը, հանդիսավորությունն ու տոնականությունը միանգամայն համեմատելի էին երկնաքերի բարձրության հետ, որտեղից դիտում էինք Վարշավան:

Այսօր՝ երեկոյան, հավանաբար գագաթնաժողովի որոշ արդյունքներ արդեն հայտնի կլինեն, եւ հնարավոր կլինի դատել, թե դրանք որքանով են ամրապնդում ՆԱՏՕ-ի դիրքերը ոչ միայն Լեհաստանում, այլեւ՝ ողջ Եվրոպայում:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X