Թոփ թեմաներ եւ լայքեր

Ինքնասպանություններ, սպանություններ, հրդեհներ, ավտովթարներ, գողություններ։ Սա ցանկացած լրատվական կայքի համար ամենաբարձր վարկանիշ ապահովող լրատվությունն է, որը կլանում է ընթերցողին, թեեւ դրանք ամենեւին էլ մտքի աշխատանք, վերլուծություն չեն պահանջում եւ ընթերցվելուց կարճ ժամանակ անց էլ մոռացվում են։ Մոռացվում են, որովհետեւ հերթական պատահարն է իր մասին հիշեցնում եւ կրկին դիտումներ ապահովում ընթերցողի հետաքրքրասիրության, նյարդերի հաշվին։ Լավ են ընթերցվում նաեւ շոու բիզնեսի աստղերի կյանքին, գործունեությանը վերաբերող լուրերը, հայտնի մարդկանց՝ նախկին կամ ներկա պաշտոնյաների, նրանց զավակների մասին մամուլ սպրդող ցանկացած տեղեկատվություն՝ ամուսնացել են, ամուսնալուծվել են, ծեծկռտուքների մեջ են հայտնվել եւ այլն։ ԱԺ պատգամավորներ, հանրային գործիչներ կան, որոնց հետ ցանկացած թեմայով բլից-հարցազրույց հայտնվում է լրատվական կայքերի թոփ-լուրերի շարքում, մի լավ զվարճացնում հարցազրույց վերցնող լրագրողին էլ, ընթերցողին էլ, մինչեւ... հաջորդ «մտքի փայլատակում»։ Այս ամենի կողքին «հաշտ ու համերաշխ» գոյատեւում են նաեւ հասարակական-քաղաքական կյանքին վերաբերող լուրերը, հարցազրույցները, վերլուծությունները, հրապարակախոսությունը։ Կյանք է, չես կարող շրջանցել։ Ինչպես լրատվությունն է բազմազան, այնպես էլ՝ դրա սպառողը։ Ապրիլյան պատերազմը խախտեց նաեւ ԶԼՄ-ներում հաստատված ավանդույթը, եւ պատերազմի թեման դարձավ ամենապահանջվածն ու ամենաընթերցվողը՝ մոռացնելով աստղերին ու նրանց կյանքի մանրամասները։ Որոշ ժամանակ անց ամեն ինչ կարծես թե վերադարձավ ի շրջանս յուր։ Վերադարձավ՝ իր հետ միաժամանակ առաջ քաշելով մի շարք հարցեր։ Մասնավորապես, թե ինչու են անապահով ընտանիքների զավակները մեկնում ճակատ, զոհվում եւ վիրավորվում, իսկ այդ ֆոնին այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյան իր որդու կամ դստեր ճոխ հարսանիքն է նշում թանկարժեք ռեստորաններում, եւ ԶԼՄ-ներում էլ ամենայն մանրակրկիտությամբ սփռվում են դրա լուսանկարները՝ ովքեր մասնակցեցին, ինչ արժողությամբ նվերներ հանձնեցին նորապսակներին։

Հաճախ տարբեր մասնագիտությունների, նախասիրությունների տեր մարդիկ տարակուսում են, թե ինչու է ԶԼՄ-ներում ամեն ինչ խառնվել իրար, ինչու են քաղաքական դժվարամարս վերլուծությունների, մշակութային կյանքը լուսաբանող նյութերի կողքին տեղ գտնում, օրինակ, Քիմ Քարդաշյանի ինտիմ կյանքի մանրամասները նկարագրող պատմություններ ու լուսանկարներ, ո՞վ է, ի վերջո, տվյալ թերթի կամ կայքի ընթերցողը, ի՞նչ պահանջներ է նա ներկայացնում։

Քավ լիցի, հակված չենք կարծելու, որ պաշտոնյաների եւ նրանց զավակների մասին հաճախ ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած լուրերը պետք է շրջանցվեն, աստղերի կյանքը չպետք է լուսաբանվի, եւ ընթերցողը պետք է ծանոթանա միայն Լեռնային Ղարաբաղի կարգավորման հեռանկարին վերաբերող քաղաքագետների տեսակետներին, կարդա տնտեսական «ծանր» վերլուծություններ։ Հայաստանում, ի վերջո, չկա բաժանում, այսպես կոչված՝ «էլիտար» մամուլի եւ տաբլոիդների (դրանք փոքր չափի թերթեր էին, որոնք հրատարակվում էին ԱՄՆ-ում, անցյալ դարասկզբին։ Տաբլոիդների համար սովորական, հնարովի եւ շինծու լուրերը, ասեկոսեները եւ սկանդալները սպառողներին գրավելու միջոց էին՝Թ. Հ.) միջեւ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր լսարանը, հասցեագրված է ընթերցողական որոշակի շրջանակների։ Այդ իսկ պատճառով էլ ընթերցողի համար դժվար է կողմնորոշվելը նույնիսկ տարիներ շարունակ լույս տեսնող թերթի կամ լրատվական գործունեություն ծավալող կայքի ընտրության հարցում։ Հատկապես երբ իրենց մասին որեւէ տեղեկատվություն չհրապարակող նորաբաց կայքերը կարող են սենսացիոն վերնագրերով, սակայն իրականում բովանդակազուրկ նյութեր հրապարակել, տարածել սոցցանցերում՝ ապահովելով ամենաշատ դիտումները։

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Մեկնաբանություն
X