Էդմոն Մարուքյանը չունի այն լծակները, որ ինձ առաջ մղի. Քրիստ Մարուքյան

Hraparak.am-ի հարցերին պատասխանում է հոկտեմբերի 2-ին Վանաձորում տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քաղաքապետի թեկնածու առաջադրված «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր, Լոռու մարզային խորհրդի անդամ Քրիստ Մարուքյանը։

-Պարոն Մարուքյան, «Լուսավոր Հայաստանը» նույնիսկ մեկ տարվա պատմություն չունի, նորաստեղծ կուսակցություն է։ Ձեզ չի՞ զարմացնում, որ իր կարճատեւ գոյության ընթացքում «Լուսավոր Հայաստան»-ին հաջողվեց միանգամից «թափ հավաքել»։
-Բայց ինչու՞ պետք է զարմացնի, երբ մեր կատարած աշխատանքներից երեւում է, թե ինչ ենք արել, ինչպես ենք թափ հավաքել։

-Դուք ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի եղբայրն եք։ Այդ հանգամանքը Ձեր մեջ չի՞ առաջացնում անհարմարավետության զգացում, որ Վանաձորում կուսակցությունը հենց Ձեզ առաջադրեց որպես քաղաքապետի թեկնածու։
-Եթե միակ խնդիրը ազգակցական կապն է, կարծում եմ, որ դրական ազդեցություն կթողնի։ Չեմ կարծում, թե դա ինչ-որ խնդիր է։

-Իշխանական վերնախավում կա այդ գործոնը, որ իրենց ազգականներին ու ծանոթներին են առաջ մղում։ Դուք նորաստեղծ կուսակցություն եք, եւ հասարակությունը Ձեզնից կարծես թե այլ սպասելիքներ ունի։
-Եթե խոսքը լիներ նշանակովի պաշտոնի մասին, ապա Ձեր հարցադրումը ճիշտ կլիներ։ Կուսակցության տարածքային խորհուրդը հարմար է գտել, որպեսզի ինձ առաջադրի։ Սա նշանակովի պաշտոն չէ, Էդմոն Մարուքյանը չունի այն լծակներն ու լիազորությունները, որպեսզի ինձ առաջ մղեր։

-Իսկ որո՞նք են Վանաձորի առաջնահերթ եւ հրատապ լուծում պահանջող խնդիրները։ Դուք լա՞վ եք պատկերացնում այդ խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։
-Ես 40 տարեկան եմ, ամբողջ կյանքս ապրել եմ Վանաձորում, հետեւաբար՝ իմ պատկերացումները Վանաձորի մասին շատ խորն են եւ համակարգային։ Եվ ունենալով այդ գիտելիքները, աշխատանքային փորձը, նայելով ամեն ինչ համեմատությունների մեջ, ես ունեմ նաեւ պատասխանատվություն։ Իսկ ինչ վերաբերում է անելիքներին, ապա մեզ մտահոգում է կառավարման համակարգի անարդյունավետությունը, մենք պատրաստվում ենք ներդնել ավելի արդյունավետ համակարգեր, բացառել շահերի բախումները, մրցույթներն անցկացնել թափանցիկ ձեւով, որպեսզի քաղաքացիները համոզված լինեն, որ դրանք միայն արտոնյալների համար չեն անցկացվում։ Կարծում եմ, որ ընդհանուր աուրան կփոխվի։ Դրանց արդյունքում մենք կարող ենք ունենալ զարգացման ավելի շատ հնարավորություններ։

-Պարոն Մարուքյան, քաղաքապետ ընտրվելու դեպքում Դուք պատրա՞ստ եք ազատվել նախկին քաղաքապետի կադրերից եւ Ձեզ շրջապատել յուրայիններով։
-Ինձ համար կարեւոր են ոչ թե ազգակցական կապերը, այլ մասնագիտական կարողություններն ու հմտությունները, թե ինչ կարող են անել մարդիկ քաղաքի համար։ Ես նպատակ չունեմ ինձ շրջապատելու բարեկամներով։ Ինձ համար չկա նման օրակարգ եւ խնդիր։ Կան աշխատանքի նկատմամբ մոտեցումներ, մարդիկ կհամապատասխանե՞ն դրանց՝ կաշխատեն, չե՞ն համապատասխանի՝ չեն աշխատի։ Եվ այն մարդիկ, որոնք այլ շահեր են հետապնդում, կհասկանան, որ այլեւս հնարավոր չէ դրանք իրականացնել։

-Իսկ ո՞րն է երաշխիքը, որ երբ «Լուսավոր Հայաստանը» գա իշխանության, ազգակցական կապերը չի օգտագործի՝ յուրայիններին պետական օղակներում աշխատանքի տեղավորելու համար։
-Եթե Դուք ցույց տաք որեւէ պետական պաշտոն, որտեղ տեղավորվել են Էդմոն Մարուքյանի բարեկամները, ես կասեմ, որ ճիշտ եք ասում։ Նման բան չի եղել։

-Իսկ ինչպե՞ս եք մեկնաբանում այն խոսակցությունները, որ Էդմոն Մարուքյանը ԱԺ պատգամավոր ընտրվելիս վայելել է ազդեցիկ պաշտոնյաների հովանավորությունը։
-Մեր ընտանիքին բոլորն են լավ ճանաչում Վանաձորում, խոսակցություններով հո չի՞։

- Հայաստանում էլ հնարավոր չէ առանց ազդեցիկ կապերի որոշակի դիրքի հասնել։
-Ո՞վ է ասել։ Հայաստանում հնարավոր է ժողովրդի աջակցությամբ լինել ընտրված ԱԺ պատգամավոր։ Որեւիցե մեկը չի կարող հակառակն ապացուցել։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X