Ոսկե ծիրան. «Թոնի Էրդման»

Անկեղծորեն՝ վաղուց ինչ-որ ֆիլմից այսպիսի վայելք չէի քաղել: Սա երկակի վայելք էր՝ եւ էսթետիկական, եւ էթիկական:

Խոսքը ռեժիսոր Մարեն Ադեի «Թոնի Էրդման» ֆիլմի մասին է, որի համառոտ սինոփսիսը՝ «Կատակասեր Վինֆրիդը մշտազբաղ Ինեսի ուշադրությունը գրավելու եւ նրա կորպորատիվ կենսակերպը փոխելու համար ծպտվում է՝ վերածվելով վառվռուն Թոնի Էրդմանի: Հայր եւ դուստր հակամարտությունն անհեթեթ չափերի է հասնում, մինչեւ Ինեսը չի հասկանում, որ էքսցենտրիկ հայրն արժանի է իր կյանքում տեղ ունենալու», իհարկե, գոնե ինձ ոչինչ չէր ասում այս ֆիլմի բնույթի մասին:

Ծնողներ եւ զավակներ հավերժական թեման վերացարկելը, թեմայի մասին խոսելը, իհարկե, վտանգներով լեցուն արարք է, մանավանդ ավելի վտանգավոր է, երբ այս ֆիլմում ռեժիսորը փորձ էր անnւմ խաղարկել կլիշեն, այն բերել բոլորովին նոր հարթություն եւ համոզել, որ, ինչպես ասում են, ծեծված եւ նույնիսկ մեռած թեման, հոգեվարքով նյութը հանկարծ կարող է հառնել եւ նոր աշխարհներ, նոր զգացողություններ բացահայտել:

Այս ֆիլմի սյուժեն վերապատմելու գայթակղությունը շատ մեծ է, սակայն, ըստ իս, ֆիլմն իր բոլոր հատկանիշներով այնքան հարուստ է, որ այդ հարստության վերապատմությունն ավելի շատ վնաս կհասցնի հենց իր ներքին կենսագրությանը: Ֆիլմում Թոնի Էրդմանը ոչ հայր է, ոչ, առավել եւս՝ հորինովի դեսպան եւ ոչ էլ խեղկատակ: Այսօրինակ կերպարանափոխություններն ասես մարդու մասին հիշողության վերջին ճիգերն են… Մի մարդու, որը գուցե ժամանակին հարյուրավոր սխալներ է գործել, որը փորձել է կազմակերպել իր կյանքը՝ կյանքից բացակայելու հաշվին, եւ դուստրը մարդու մասին հիշողության սոսկալի ճիգի գլխավոր թիրախն է, առանց որի մոտենալ, հպվել աղջկա կյանքին հայրն անկարող է, բայց առաջին հերթին ինքն իրեն մոտենալ, թեկուզեւ շտկել այն բացթողումները, որոնց արդյունքում անգամ մարդկային լեզուն՝ խոսքը, ի զորու չեն վերացնել ցավալի անջրպետը:

Քանի որ թեման ինքնին բուռն զգացողությունների, հույզերի ու ապրումների մեծ չափաբաժին է կանխորոշում, ուստի ընդլայնվում են ձախողվելու, տապալվելու հնարավոր ու անհնարին միջոցները: Այս ֆիլմը պարզապես դպրոց է այն մասին, թե ինչպես պիտի խոսեցնել հախուռն զգացողություններին, երբ այդ անկառավարելի թվացող աշխարհն այբուբեն չունի՝ բացի մարմնական որոշակի դրսեւորումներից՝ մելամաղձությունից, արտասուքից, դիմախաղից, որոնց պատրաստած որոգայթն էլ կարող է ցածրացնել, մակերեսայնության հասցնել զգացմունքների նույնիսկ ամենաանկեղծ ու ազնիվ պոռթկումները:

Եթե կարող եք, անպայման նայեք այս ֆիլմը:

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X