Ոսկե ծիրան. «Սիեռանեվադա»

Երբ հայկական բնակարանը, ընտանիքը, անգամ սովորույթներն ու լեգենդները տեղափոխում ես պարզապես Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստ եւ ականատեսը լինում գրեթե քարացած կառույցով մի ընտանիքի մի քանի ժամվա կյանքին՝ եւս մեկ անգամ համոզվում ես, թե որքան համանմանություններով ենք ապրում այս կյանքը, մանավանդ հաշվի առնելով, որ գրեթե մեկ դար մեր երկրները կրել են Խորհրդային Միության ահռելի ճնշումը, որի ստվերն առայսօր հետապնդում է մարդկանց:

Ռումինացի ռեժիսոր Քրիստի Պույուիի «Սիեռանեւադա» ֆիլմը ներկայացնում է, ավելի շուտ, ընդամենը 117 րոպե տեսախցիկը սենյակից սենյակ թափառեցնելով, ցուցադրում է բուխարեստյան մի ընտանիքի օրը: Ընտանիքի հոր հոգեհացը դանդաղորեն վերածվում է մի ողջ հոմերոսյան ցնորականության աստիճան զավեշտալի պատմության: Քրիստի Պույուին «1990-ականներին Ժնեւի Տեսողական արվեստների բարձրագույն դպրոցում կինո ուսանելիս նկարահանել է իր առաջին կարճամետրաժ եւ վավերագրական ֆիլմերը: Ռումինիա վերադառնալուց հետո շարունակել է նկարել: 2001-ին ասպարեզ է եկել նրա առաջին լիամետրաժ աշխատանքը՝ «Ապրանք եւ փող»-ը, որը վավերագրական ոճին մոտ, ձեռքի խցիկով նկարահանված road movie է: Կաննի ՄԿՓ-ի «Ռեժիսորների երկշաբաթյակի» մրցույթին մասնակցած ֆիլմը մի շարք մրցանակների է արժանացել տարբեր կինոփառատոներում, մասնավորապես՝ Սալոնիկում: 2004-ին Պույուին Բեռլինի ՄԿՓ-ում իր «Մի բլոկ «Քենթ» եւ մի տուփ սուրճ» կարճամետրաժ ֆիլմի համար արժանացել է «Ոսկե արջ»-ի: Այնուհետեւ նկարահանել է «Պարոն Լըզըրեսկուի մահը», որը Կաննի ՄԿՓ-ում շահել է «Հատուկ հայացք» ծրագրի մրցանակը, ինչպես նաեւ այլ պարգեւներ: 2010-ին ստեղծված «Ավրորան» «Վեց պատմություն Բուխարեստի ծայրամասերից» վեցմասանոց սերիալի երկրորդ մասն է: «Սիեռանեւադան» ռեժիսորի չորրորդ լիամետրաժ աշխատանքն է»:

Պրուստի երկարաշունչ նախադասություններին բնորոշ անշտապողականությամբ, հավատալով ձանձրույթի եւ իրականության վերջնական միավորմանը՝ մենք դիտում ենք կորուսյալ իրականության վերադարձի ողջ ընթացակարգը։ Բազմամարդ ընտանիք է, այստեղ մարդիկ խոսում են, վիճում են, տոլմա են պատրաստում, վիրավորում են, երգում են, արտասվում են, հիշում են, գնում-գալիս են: Այս ֆիլմում կյանքն ապրում է, եւ դրա թվացյալ միապաղաղությունն ընդլայնում է այն հորիզոնները, որոնց մասին «ամեն ինչ գիտենք», ուստի այդ իմացությունների հաշվին հրաժարվում ենք իրականության մասին խոսք ասելուց: Այս ֆիլմում, բառիս բուն իմաստով, ոչինչ չի կատարվում, սակայն «ոչինչ»-ը ժամանակակից մարդու հայեցողությամբ է, որի գիտակցությունն ընտելացել է անբովանդակ արագություններին, արյունալի, սուր զգացողություններով հագեցած տեսաշարերին: Իսկ այստեղ իրենից ոչինչ չներկայացնող կյանքն է, կրկնվող նախադասությունները, կրկնվող Աստվածը, սոցիալիզմն ու կապիտալիզմը, կրկնվող փոխհարաբերությունները, կրկնության կրկնությունը: «Իրենից ոչինչ չներկայացնող» հրաշալի մի ֆիլմ, որը խիզախել է հայտնվել մեր ժամանակներում:

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X