Քաղաքականություն

Ներքին ցնցումների վաղեմությունը

Վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետությունում խմորվող՝ շատ ժամանակ իրատեսական, պատճառահետեւանքային երեւույթները բավականին տագնապալի ու մռայլ ապագա են կանխորոշում: Ապրիլյան դեպքերից հետո, երբ իշխանությունները ղեկավարման ողջ համակարգում լրջագույն բարեփոխումներ չարեցին, պարզ դարձավ, որ անգամ, երբ խոսքն ազգային անվտանգության մասին է, խոսքը մեր պետության ներկայի ու ապագայի մասին է, միեւնույն է՝ դա որեւէ լրջագույն ներազդեցություն չունեցավ իշխանությունների համար: Նրանք շարունակում են այնպես, ինչպես եւ շարունակել են՝ անդրդվելիորեն կորցնելով իրականության զգացողությունը: Բոլորն էլ գիտեն, որ, ահա, արդեն մեկ տասնամյակից ավել Հայաստանում որքան իր անմահության համար հող է նախապատրաստում իշխանությունը, այնքան սաստկանում է անվստահության, հուսահատության, անելանելիության զգացողությունը, եւ ջրի երես են ելնում հարցերը լուծելու չգրված բոլոր օրենքները:

Իշխանության գիտակցության աշխատանքում իրականության զգացողության կորստի այսօրինակ երեւումներ դեռ վաղուց էին նկատելի, բայց պարզվում է՝ ախտորոշումն սպասվածից ավելի ծանր է: Ստեղծված իրավիճակում յուրաքանչյուրը յուրաքանչյուրի խոսքի մեջ դավաճանական ու դավադրական միտումներ է փնտրում, ապա, ինչ-որ բան հայտնաբերելով, վեր հանում, ցուցանում սեփականաշնորհած «ճշմարտությունը»: Կան մարդիկ, որոնք մարդկանց կորցնելու վախից լռեցնում են իրենց, եւ այսպես շարունակ: Իհարկե, չենք ուզում, որ պետությունը ներքին ցնցումների մեջ հայտնվի, եւ ինչ-որ հարցեր հենց այս ճանապարհով լուծվեն, բայց մի՞թե Հայաստանը վաղուց ներքին ցնցումների կեցությամբ չի ապրում: Էլ ո՞նց են լինում ներքին ցնցումները: Աղքատությունը ներքին ցնցում չէ՞: Կործանված տնտեսությունը ներքին ցնցում չէ՞: Ընդդիմության բացակայությունը ներքին ցնցում չէ՞: Ապօրինությունների, կոռուպցիայի, արտագաղթի «հրավառությունը» չի դադարում: Կրում ենք փորձությունները, որոնցից հետո պետությունները, մարդիկ կամ նոր կյանք են սկսում, կամ շարունակում են հինը: Սարսափելի չէ՞ արդյոք ընդդիմության քայքայումը, կազմաքանդումը եւ, վերջապես, դրա համապարփակ բացակայությունը:

Պարզ է, որ եթե բացակայում է քաղաքական ծանրակշիռ ընդդիմությունը, ուրեմն ժողովուրդը, քաղաքացիներն իշխանության դեմ պայքարի, իշխանության ամենաթողությունը զսպելու այլընտրանքներ են որոնելու: Սերժ Սարգսյանը եւ իր թիմակիցները պետության նավը հանել են բաց ծով ու հիմա չգիտեն, թե որ ուղղությամբ տանեն, ինչ անեն, ինչպես անեն: Եվ ընդդիմության կամ սեփական քաղաքացիների հանդեպ տարած հաղթանակից հետո հորթային հրճվանքի արդյունքն էլ, վերջիվերջո, սրան էր հանգեցնելու: Այս պայթյունավտանգ, բավականին բարդ, փորձություններով լեցուն տարածաշրջանում ով փորձ է արել ռեժիմ հաստատել, փորձ է արել վերացնել ընդդիմության բոլոր հնարավոր լծակներն ու ռեսուրսները կամ ինչ-որ հնարով կառավարելի դարձնել այն, հայացքով շրջվել է դեպի միջնադար, վերադարձել մութ ժամանակներ, որի գլխավոր գործող օրգան կարող են նաեւ քաոսն ու անորոշությունը լինել:

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X