Պատկերների դավաճանություն

Մարդկանց հայրենիքի դավաճան պիտակելուց առաջ նաեւ պիտի հասկանալ, թե ինչ է հայրենիքի դավաճանությունը, ինչ բնույթ ունի այն, եւ, առհասարակ, ունա՞կ է արդյոք մարդկային միտքը ճշգրտորեն սահմանել «հայրենիքի դավաճանություն» հղացքը:
Ռենե Մագրիտի «Պատկերների դավաճանություն» հայտնի կտավում պատկերված ծխամորճի ներքեւամասում ձեռագիր գրված է՝ Ceci n’est pas une pipe («Սա ծխամորճ չէ»):

Այն առանձնակի կտավներից է, որտեղ ճշմարտությունը ցուցանվում է իր բացարձակ անաղարտությամբ: Պարոնայք երդվյալ ատենակալներ, ծխամորճը ծխամորճ չէ: Հայրենիքի դավաճանությունը հայրենիքի դավաճանություն չէ, մանավանդ երբ այն սահմանվում է՝ հաշվի առնելով օդում թանձրացած շահերի բախման զանգվածի առկայությունը: Անգամ երկու երեսի հնարավորությունից զրկված առարկան, այնուամենայնիվ, կարող է փոխան երես ունենալ՝ չէ՞ որ կա երեւակայության ապարատը:

Մարդը կարող է երեւակայել այն, ինչ ուզում է, իհարկե, նաեւ կարող է երեւակայել այն, ինչը չի ուզում: «Իշխանությունը» կարող է երեւակայել, որ զինված ապստամբությունն ահաբեկչություն է: «Մտավորականը» կարող է երեւակայել, որ նման քայլի գնալը հայրենիքի դավաճանություն է: Սակայն, անշուշտ, ավելի դժվար է հարցադրել եւ փորձել պատասխանել, թե ինչ է դա, ինչպիսին է:

Մեծ հաշվով՝ խոսքի փաստականությունն ավելի դժվարապացուցելի է, քան դրա ներկայությունը: Այդպես է՝ պատրաստի ֆրազներն ու կլիշեները երկրորդվում են, փաթեթավորվում, ապա ուղարկվում շուկա, մինչդեռ շուկան երբեք չի հագենում: Իսկ ինչպե՞ս է լինում, որ հայրենիքի դավաճանի պիտակը փակցնելուց հետո փակցնողն ակնթարթ առաջ եւ ակնթարթ հետո քաջ գիտակցում է, որ սահմանվածը չի համապատասխանում իրականության ու ճշմարտության վարկածին (քանի որ վարկածը միայն վարկած է), որին անվերապահորեն դավանում է, սակայն մինչեւ վերջ ինքն իր համար դա էլ չի պարզում-պարզաբանում: Եվ հենց բացառիկ հնարավորություն է ընձեռվում անորակ ներկով մի քանի փնթի վրձնահարված քսել պաստառի մակերեսին՝ գործընթացն ի կատար է ածվում ցանցառամտության ու դատարկության շարժումով:

Երեք օր է, եւ թվում է՝ ժամանակը մեզ դուրս է դրել իր տրամաբանական շրջափուլից: «Հնարավոր եւ անհնար, հռչակավոր եւ անհռչակ, մտավորական եւ շոու-բիզնեսական» ստորաբաժանումներից ինչ ասես, որ չլսեցինք: Այնպիսի տպավորություն է, որ արտադրվող ցիտատները, պաստառները, դատակոչերը, զորակոչերը, ուղենիշներն ու նշանաբանները ծնվում են, որպեսզի ասեն՝ ահա այն, ինչ տեսնում եք (հայրենիքի դավաճանություն եւ այլն), ձեր ուզած պատկերը չէ: Ուստի պիտակների բովանդակությունը մի հարմարեցրեք ձեր պատկերացումների բովանդակությանը: Չի ստացվի:

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X