Մտավորականների նամակը կիսատ է

Ստեղծված իրավիճակում, դանդաղորեն եւ հաստատաբար, իշխանությունները դիմում են ռեպրեսիաների։ Եվ, իհարկե՝ ինքն իր կշիռը սեփական ափի մեջ չզգալու վախից ու սարսափից էլ ծնունդ է առնում բռնապետության արդյունքը՝ կասկածներ, ձերբակալություններ, դավադրություններ, որոգայթներ, երկբայություն, ծեծուջարդ, հետապնդում, բանտարկություն, մինչեւ սթափության վերջին սերմնահատիկի կորուստ, երբ չկա այլեւս մեկ թշնամի. թշնամի են բոլորը, այդ թվում եւ ինքը՝ տանուտերը, որը սեփական մարմնի ու գիտակցության վերջնական կորուստն այլեւս երբեք չի զգում։ Այդպես է՝ մեռած մարմինը հողի ջերմաստիճանը չափել չի կարող։ Սրանից հետո (հաշվի առնելով, որ այս կառավարությունն ի զորու չէ անգամ կես քայլ անել դեպի ժողովուրդը կամ կես քայլ անել դեպի իրատեսության աշխարհը) սարսափի մթնոլորտը պետական կառավարման համակարգի միակ անփոփոխ տրամադրությունն է լինելու, որից բխող յուրաքանչյուր քայլ բռնության դիսպոզիցիան է։ Մանավանդ որ հանրությանը հայտնի մի խումբ մարդիկ (հին ադաթով՝ մտավորականներ), տեղի ունեցածից խիստ մտահոգ, նամակ են հղում Ժիրայր Սեֆիլյանին՝ կոչ անելով հորդորել ապստամբներին վայր դնել զենքն ու հանձնվել իրավապահներին։ Երեսանց բավականին «հոգեթով, քաղցրաքնքուշ ու բարի» հորդոր է, ահա՝ հանձնվել, տրվել ռեպրեսիվ կառույցին, որպեսզի բռնության մեքենայի շարժիչը հանկարծ ու հանկարծ չչորանա։ Մյուս կողմից էլ, վերջիվերջո, հազարամյակների պատմություն ու մշակույթ ունեցող ժողովուրդը պիտի որ 21-րդ դարասկզբին մտավորականություն ունենա, այն էլ՝ այսպիսի բարի կամքի դեսպաններ, որոնք հավաքվել են, կամ նրանց հավաքել են՝ նման ցնցող նամակ հղելու համար. «Անսալով Ձեր բանականությանն ու հայրենասիրությանը, վստահ ենք, որ Ձեր խոհեմությամբ ու հորդորներով կմիջամտեք ու կկանխեք անպատասխանատու ու անհեռանկար այս իրավիճակն ու դեպքերի հետագա անցանկալի հետեւանքները՝ հորդորելով Ձեր ընկերներին վայր դնել զենքն ու հանձնվել իրավապահներին»: Սակայն հենց իրենք՝ այսօրինակ բովանդակությամբ տեքստ հեղինակած մտավորականները, քաջ գիտակցում են, որ նամակին ինչ-որ կարեւոր բան պակասում է, թեկուզ շարունակություն կամ երկրորդ մաս, որն ուղղված կլինի Սարի թաղի բնակիչներին՝ մոտավորապես այսպիսի բովանդակությամբ. «Սիրելի սարիթաղցիներ, հավատացած ենք, որ Ձեր եւ Ձեր ընկերների հետագա խոհեմ ու զգոն քայլերն ուղղված կլինեն ազգային միասնությանը, խաղաղությանն ու անվտանգությանը, ուստի հորդորում ենք Ձեզ հավերժ աղքատ մնալ, արտագաղթել երկրից, անօրինությունների զոհ դառնալ, զրկվել կյանքի տարրական պայմաններից, հորդորում ենք ապրել առանց ջրի, գազի եւ էլեկտրականության, հորդորում ենք չունենալ մարդկային որեւէ երազանք, կրթություն, արդարության զգացողություն, հորդորում ենք սոցիալապես անապահով լինել, խեղճ ու թշվառ։

Նաեւ Ձեզ՝ Մեծարգո նախագահ, հորդորում ենք երկիրը կառավարել այնպես, ինչպես կառավարել եք, հորդորում ենք հավերժացնել Ձեր եւ Ձեր շրջապատի իշխանությունը, թեւութիկունք լինել քրեաօլիգարխիային, բազմացնել անձնական եւ թիմային բիզնեսի հնարավորությունները, ավելի ու ավելի կորցնել երկրում տիրող իրավիճակը գնահատելու սթափությունը։ Հորդորում ենք միշտ փակ լինել ժողովրդի առաջ, հորդորում ենք երբեք չվստահել ժողովրդին, նրան կործանել մինչեւ վերջ, մինչեւ այն պահը, երբ կործանելու որեւէ մասունք այլեւս չմնա...»... Եվ այսպես շարունակ։ Թե չէ առաջին նամակն ամբողջականությունից կզրկվի, ափսոս է։

ՀԳ. Մտավորականների նամակը մեջբերում ենք ամբողջությամբ. «Հարգելի Ժիրայր, Ձեզ ենք դիմում, վստահ լինելով, որ Դուք գնահատում ու կարեւորում եք մտավորականի խոսքը, խնդրանքն ու բարի խորհուրդը: Այսօր Ձեր ընկերները, ովքեր մեր հայրենակիցներն են, դիմել են ծայրահեղ քայլի՝ զինված հարձակման, եւ պատանդներ են վերցրել, սպանվել է ոստիկանության գնդապետ: Անսալով Ձեր բանականությանն ու հայրենասիրությանը, վստահ ենք, որ Ձեր խոհեմությամբ ու հորդորներով կմիջամտեք ու կկանխեք անպատասխանատու ու անհեռանկար այս իրավիճակն ու դեպքերի հետագա անցանկալի հետեւանքները՝ հորդորելով Ձեր ընկերներին վայր դնել զենքն ու հանձնվել իրավապահներին: Հավատացած ենք, որ Ձեր եւ Ձեր ընկերների հետագա խոհեմ ու զգոն քայլերն ուղղված կլինեն ազգային միասնությանը, խաղաղությանն ու անվտանգությանը»։
Ստորագրել են.

Ռուբեն Բաբայան, ռեժիսոր
Հովհաննես Չեքիջյան, դիրիժոր
Էդուարդ Թոփչյան, դիրիժոր
Տիգրան Մանսուրյան, կոմպոզիտոր
Պերճ Զեյթունցյան, գրող
Երվանդ Մանարյան, դերասան, ռեժիսոր
Ռոբերտ Էլիբեկյան, նկարիչ
Ռուբեն Մաթեւոսյան, երգիչ
Սասուն Պասկեւիչյան, երգահան
Լեւոն Մալխասյան, ջազ-երաժիշտ
Ալեքսանդր Գրիգորյան, ռեժիսոր
Արթուր Գրիգորյան, կոմպոզիտոր
Նորայր Մեհրաբյան, բալետմայստեր
Սոնա Հովհաննիսյան, խմբավար
Շուշան Պետրոսյան, երգչուհի
Նարեկ Հախնազարյան, երաժիշտ
Նունե Եսայան, երգչուհի
Ժիրայր Դադասյան, ռեժիսոր
Ռոբերտ Մլքեյան, խմբավար
Վահան Բադալյան, ռեժիսոր
Արեւ Պետրոսյան, նկարիչ-դիզայներ
Նարեկ Դուրյան, դերասան
Սերգեյ Սմբատյան, խմբավար
Ռոլանդ Շառոյան, գրող
Ալլա Լեւոնյան, երգչուհի
Նիկոլայ Ծատուրյան, ռեժիսոր
Գեւորգ Հակոբյան, երգիչ
Ռուբեն Հովսեփյան, գրող

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X