Ոչ մի համեմատություն

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մասին ինքս, ինչպես միլիոնավոր մարդիկ երկրագնդի վրա, իմացա հուլիսի 15-ի ուշ երեկոյան BBC, CNN, France 24 հեռուստաալիքներից՝ գրեթե ուղիղ եթերում հետեւելով՝ ինչպես են հեղաշրջմանը մասնակցող զինվորները փակում Բոսֆորի կամուրջը, ինչպես է թուրքական TRT-ի հաղորդավարը եթերում ընթերցում զինվորականների կողմից իշխանության պատասխանատվությունը ստանձնելու մասին տեքստը, Ստամբուլի շրջափակված օդանավակայանի կադրերը, Էրդողանի հայտնվելը բջջային հեռախոսների էկրաններին եւ այլն: Ընդ որում, այդ ժամանակ Հայաստանում չէի:

Հայաստան վերադառնալուց հետո բոլորովին ապշեցի նրանից, թե ինչպես է ոմանց մտքով անցել (եւ այդ հիմարությունը դեռ շարունակում են) զուգահեռներ անցկացնել կամ համեմատել Թուրքիայում հազարավոր զինվորականների մասնակցությամբ իրականացված հեղաշրջման փորձը (որի արդյունքով արդեն համարյա տաս հազար անձ ձերբակալված է, գերակշիռ մասով զինվորականներ) Երեւանում մեկ-երկու տասնյակ հրացանով զինված անձանց կողմից պարեկա-պահակային ծառայության մասնաշենք ներխուժելու հետ: Երկու իրադարձությունների ոչ մասշտաբն է համեմատություն թույլ տալիս, ոչ բովանդակությունը:

Թուրքիայի հեղաշրջումը Երեւանի հանցագործության հետ համեմատելը նման է գրեթե ատոմակայանի պայթյունը էլեկտրական ցանցի վթարի հետ համեմատելուն: Դրա համար պետք է կամ երկու իրադարձությունների մասշտաբն ու բովանդակությունը չպատկերացնել, կամ գիտակցության հետ խնդիր ունենալ:

Նախ՝ բովանդակության մասով. ինչ խոսք, այն, ինչ Երեւանում է կատարվել նույնպես պետության դեմ հանցագործություն է եւ միանշանակորեն դատապարտելի, բայց դա համեմատության եզր չունի Թուրքիայի խելագարության հետ: Թուրքիայում իրար դեմ են դուրս եկել էրդողանականներն ու գյուլենականները, այսինքն՝ իսլամիստներն ու իսլամիստները, եւ կրոնական մոլեռանդությունը հասել է այնտեղ, որ հեղաշրջմանը մասնակցածների հոգու փրկության համար հրաժարվում են աղոթել, անգամ թույլ չեն տալիս նրանց աճյունները գերեզմանատներում ամփոփել: Այլեւս չասելով, թե Էրդողանի կողմնակիցները ինչ Լինչի դատաստաններ են գործադրել ողջ մնացածների հանդեպ:

Մինչդեռ Հայաստանում բոլորը՝ իշխանությունը, թե զինյալները, առավել եւս ոչ մեկին էլ չհարող հասարակությունը մի մտքից է միայն դողում ու աղոթում, որ նոր զոհ չլինի որեւէ կողմից, որովհետեւ որ կողմից էլ զոհ լինի, նույն կորուստն ու ցավն է պատճառվելու հասարակությանը: Մենք մինչեւ հիմա մարտի 1-ի տասը զոհերին չենք մոռանում եւ չենք ներում… Եվ մեզ Թուրքիայի հե՞տ ենք համեմատում…

Մասշտաբի առումով. դիցուք՝ Հայաստանում մի քսան հոգի ինքնաշեն զենքերով, թե հրացաններով զինված, պարեկա-պահակային ծառայության մասնաշենք են գրավել, մի քանի պատանդ են վերցրել, բարեբախտաբար ոմանց նաեւ արձակել, եւ իրենց ազգի փրկիչ երեւակայելով՝ Սերժ Սարգսյանի հրաժարական են պահանջում՝ իրականում նպատակ հետապնդելով Ժիրայր Սեֆիլյանին կալանքից ազատել: Դա ի՞նչ համեմատության եզր ունի Թուրքիայում կատարվածի հետ, երբ հազարավոր զինվորներ իրենց հրամանատարների կարգադրությամբ օդ բարձրացրին ուղղաթիռներ, ծով հանեցին նավեր, Անկարա եւ Պոլիս մտցրին զրահատեխնիկա ու տանկեր, գրավեցին օդանավակայաններ, հեռուստաաշտարակներ, գրոհեցին խորհրդարանի շենքը, նախագահական պալատը, երկրում պարետային ժամ հայտարարեցին եւ ըստ էության միայն 10-15 րոպե ուշանալով չհասցրեցին Էրդողանին չեզոքացնել՝ իշխանության գրավումն ավարտին հասցնելու համար: Կա՞ համեմատություն…

Գալով երկու իրադարձությունների միջազգային արձագանքին, ավելի ստույգ՝ ԶԼՄ-ներով լուսաբանմանը, աշխարհը ռուսական կայքերից կամ էկրաններից տեսնողներին թվացել է, թե միջազգային լրատվամիջոցները լուսաբանում են թե Թուրքիայի, թե Հայաստանի իրադարձությունները: Լավ է դեռ չեն ասում, թե լուսաբանում են հավասար կերպով կամ նույն հարթության վրա: Ռուսական լրատվադաշտի մասին ինքս պատկերացում չունեմ, գուցեեւ այդպես է: Բայց Ռուսաստանն էլ, իր լրատվամիջոցներն էլ այսօր նույնքան դուրս են գլոբուսից, որքան ռուս մարզիկները Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերից:

Ռուսների եւ աշխարհի միջեւ առանձնակի կապ չկա: Իսկ աշխարհում եթե հինգ-տասը լրատվամիջոց է գտնվել, որ մի քանի տող կամ կադր, մեկ-երկուսն էլ գուցե հոդված են զետեղել Երեւանում կատարվածի մասին, դա ոչ մի համեմատության մեջ չէ հազարավոր լրատվամիջոցների չվերջացող հրապարակումների հոսքի հետ, որ ցուցադրվում եւ գրվում են Թուրքիայում ընթացող իրադարձությունների առնչությամբ:
Այնպես որ, Թուրքիայի հետ որեւէ համեմատության մեջ չենք, եւ փառք Աստծո, որ այդպես է:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X