Տեր Աստված, դու մոսկովի՞տ ես

Հուլիսի սկզբից երկու շաբաթ Լեհաստանում էի՝ Վարշավայում: Բարեբախտաբար, նաեւ այն օրերին, երբ Վարշավայում գումարվել էր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, ըստ դիվանագետների եւ ռազմական գործիչների՝ ամենաէական գագաթնաժողովը 1980-ականների սառը պատերազմի ավարտից ի վեր: Վարշավայում էի՝ College of Europe-ի կողմից կազմակերպվող WEASA 2016-ին (Վարշավայի եվրո-ատլանտյան ամառային ակադեմիա) մասնակցելու համար: Վարշավա՝ ընդհանրապես Լեհաստան, մեկնում էի առաջին անգամ: Սա թվով երրորդ արեւելաեվրոպական երկիրն է, որ երբեւէ այցելել եմ եւ հերթական անգամ համոզվեցի, որ Արեւմտյան Եվրոպայի ու Մերձավոր Արեւելքի երկրներից հետո, մանավանդ դրանց համեմատությամբ, Արեւելյան Եվրոպան մեծ տպավորություն չի գործում: Այլ հարց, որ ամեն երկիր, անգամ քաղաք ունի գրավչություն, հիշարժան յուրահատկություն: Լեհաստանի մայրաքաղաքից ամենավառ հիշողություն մնացին ոչ NATO-ն, ոչ WEASA-ն, ոչ էլ, նույնիսկ, լեհական արքաների պալատները, այլ Զիգմունդի հուշասյունը Վարշավայի կենտրոնում՝ խրոխտ կեցվածքով ու ձեռքում պահվող վիթխարի խաչով, եւ Ֆրիդերիկ Շոպենի թանգարանի ինտերակտիվ ցուցանմուշներից մի ֆրազ. «Տեր Աստված, դու մոսկովի՞տ ես…»: Կաթոլիկ հավատը եւ ռուսների հանդեպ ատելությունը, կարծում եմ, դա այն է, ինչ զգալիորեն կերտում է լեհական ինքնությունը:
Բայց մինչ Վարշավայի, Լեհաստանի, լեհերի, նաեւ այնտեղ ՀՀ դեսպանատան մասին պատմելը, նախ՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի եւ WEASA-ի մասին:

Վարշավյան գագաթնաժողովի կոմյունիկեն

Հայաստանում ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովը, ենթադրելի է, լուսաբանվեց գերազանցապես Սերժ Սարգսյանի այցի ռակուրսով, գուցե անգամ կենտրոնանալով պետքարտուղար Քերրիի եւ նախագահ Օլանդի հետ Սարգսյանի հանդիպումների վրա: Այդ հանդիպումները՝ չգիտեմ Մինսկի խմբի շրջանակում էին կազմակերպված, թե երկկողմ հարաբերությունների ձեւաչափում, ամեն դեպքում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հետ լոգիստիկայից այն կողմ առնչություն չունեին:

Գագաթնաժողովի ծրագրի միակ միջոցառումը՝ արարողակարգային դիմավորումներից ու ճաշկերույթներից այն կողմ, որին նախագահ Սարգսյանը հրավիրված էր մասնակցելու, դա Աֆղանստանում ՆԱՏՕ-ի Վճռական աջակցություն (Resolute Support) գործողության գործընկեր երկրների հանդիպումն էր՝ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների մակարդակով: Սակայն այն, ինչ կատարվում էր Վարշավայում, որոշումները, որոնք ընդունվեցին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, եւ հատկապես հարյուր երեսուն քանի կետից բաղկացած Վարշավայի գագաթնաժողովի կոմյունիկեն անուղղակիորեն էական են Հայաստանի համար, որովհետեւ դրանք առնչվում էին ՀՀ ռազմավարական դաշնակից կոչվող Ռուսաստանին:

Եթե Կոմյունիկեից Ռուսաստանին վերաբերող հատվածները թարգմանաբար մեջբերենք, դա էջեր կզբաղեցնի, քանի որ երկու-երեք տասնյակ կետեր ուղղակիորեն Ռուսաստանին էին հասցեագրված՝ Ղրիմի բռնագրավման եւ Ուկրաինայի հարավ-արեւելքի ապակայունացման համար դատապարտումներից մինչեւ ՆԱՏՕ-ի արեւելյան թեւի ամրապնդմանն ուղղված գործողությունների թվարկում՝ տասնյակ հազարավոր զինվորների ներգրավմամբ վարժական ու հրամանատարական կենտրոնների հիմնում, Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում եւ Լեհաստանում բազմազգ բրիգադների տեղակայում, Բալթիկ եւ Սեւ ծովերում ՆԱՏՕ-ի ռազմածովային ներկայության ընդլայնում եւ այլն, եւ այլն:

Կոմյունիկեում կարմիր գծի նման անցնում էր Ռուսաստանի նկատմամբ ՆԱՏՕ-ի զսպման քաղաքականության ակտիվացումը: Այդ քաղաքականությունը կոչվում է deterrence policy, եւ դրա տրամաբանությունն այն է, որ Ռուսաստանի յուրաքանչյուր ոչ բարեկամական կամ ագրեսիվ քայլին ՆԱՏՕ-ի կողմից տրվող պատասխանը պետք է ստեղծի այնպիսի անխուսափելի հետեւանքներ, որոնց ի տես՝ Մոսկվան ինքնակամ հրաժարվի նախահարձակ քայլից: Վերջապես՝ համարյա ուղիղ տեքստով Ռուսաստանին նախազգուշացվեց, որ թեեւ ՆԱՏՕ-ի կողմից միջուկային զենքի գործադրման հավանականությունը խիստ չնչին է, այդուհանդերձ, դաշինքի անդամ երկրներից որեւէ մեկի հիմնարար անվտանգության վտանգվելու պարագայում ՆԱՏՕ-ն չի վարանի հակառակորդին պարտադրել այնպիսի հատուցում, որն անտանելի լինի եւ երիցս գերազանցի ձեռքբերումները, որոնց հույսը հակառակորդը կարող էր ունենալ (Վարշավայի գագաթնաժողովի Կոմյունիկե, կետ 54):

Այդքանից հետո նախագահ Սերժ Սարգսյանը գուցե նույնիսկ երջանիկ է, որ ինքը գագաթնաժողովի մասնակի հյուր էր եւ Կոմյունիկեի ընդունման հետ առնչություն չունի: Գուցե Հայաստանը, ինչպես նաեւ Վրաստանը, Ադրբեջանը եւ Մոլդովան որոշիչ առնչություն չեն ունեցել նաեւ Կոմյունիկեի 24-րդ կետի ձեւակերպման եւ վերջնական խմբագրության հետ: Այդ կետում հիշատակված են վերոթվարկյալ բոլոր չորս երկրները՝ ՆԱՏՕ-ի կողմից դրանց անկախությանը, ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանն ու ազատ ընտրության իրավունքին հայտնվող աջակցության համատեքստում:

Ուղղակի Մերկելը չէր սիրում Սահակաշվիլուն

Հասկանալիորեն, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներում, փաստաթղթերում Հայաստանի համար առանձնակի նշանակություն ունեն այն կետերը, քայլերը, որոշումները, որոնք վերաբերում են Ռուսաստանին եւ Վրաստանին: Հայաստանի շահերից միանգամայն բխում է, որ Վրաստանը որքան հնարավոր է արագ ինտեգրվի ՆԱՏՕ-ին, եւ վերջնահաշվում օր առաջ ՆԱՏՕ-ի դրոշը ծածանվի Վրաստանում եւ հայ-վրացական սահմանին: Դրանից հետո արդեն Հայաստանի անդամակցումը ՆԱՏՕ-ին թե տեխնիկական, թե ռազմական առումով կդառնա ավելի քան հնարավոր:

Հետեւաբար այն, ինչ կատարվում է Վրաստանում՝ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների դաշտում, մեզ համար էական է: Իսկ ի՞նչ է կատարվում: Կատարվում է այն, որ, չնայած վրացական կողմի տեսանելի աղմկարարությանը, ՆԱՏՕ-ն Վրաստանին MAP (Membership Action Plan), թարգմանաբար՝ Անդամակցության գործողության ծրագիր չի շնորհում: Արդյունքում Վրաստանն առանց MAP կարգավիճակի կատարելագործում է իր զինված ուժերը, ժողովրդավարական հաստատությունները եւ այլն՝ համապատասխանելու ՆԱՏՕ-ի անդամակցության չափանիշներին: Այս իրադրությունը շարունակվում է 2008-ի Բուխարեստի գագաթնաժողովից ի վեր, եւ Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամակցության ճանապարհին իր պաշտոնական կարգավիճակում ոչինչ չի կարողանում փոխել, ճիշտ՝ ինչպես Ուկրաինան: Ոչ մի երկրին, ոչ մյուս՝ MAP չի շնորհվում:

Ճիշտ է՝ ՆԱՏՕ-ին մոտ շրջանակներում նաեւ ասում են, թե, քանի որ MAP-ի շնորհումը դեռ անդամակցության երաշխիք չէ, նույնկերպ էլ MAP փուլը չանցնելն անդամակցության համար խոչընդոտ չէ: Վերջնահաշվում գնահատվում է երկրի համապատասխանությունը ՆԱՏՕ-ի անդամակցության համար ներկայացվող չափանիշներին, եւ, միեւնույն է՝ երկիրը դրանց հասել է MAP-ի փուլ անցնելո՞վ, թե՞ առանց դրա: Մասնավորապես, սա էր ասում նաեւ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով նախկին փոխտեղակալ Դեյվիդ Կրամերը, որին լսելու առիթ ունեցա WEASA-ում (Վարշավայի եվրո-ատլանտյան ամառային ակադեմիայում): Ինչպես ասել եմ, սա այն հաստատությունն է, որի հրավերով ինքս գտնվում էի Լեհաստանում:

Եթե այն, ինչ ասում է Կրամերը եւ բազմաթիվ այլոք, ՆԱՏՕ-ում որդեգրվի որպես դիրքորոշում, ապա Վրաստանից հետո Հայաստանի համար էլ ՆԱՏՕ-ին անդամակցելը կդառնա, լոկ քաղաքական կոնյունկտուրայով պայմանավորված՝ ժամանակի հարց: Ի վերջո, Հայաստանի զինված ուժերն էլ բարենորոգումներ անցկացնում են նույն ՆԱՏՕ-ի հետ համագործակցությամբ եւ ուղենիշներով, եւ ամենեւին չեմ կարծում, թե այդ ասպարեզում Վրաստանի զինված ուժերն ավելի բարձր արդյունքների կամ ցուցանիշների հասած լինեն: Պարզապես նրանք խոսում են, մենք չենք խոսում:

Այդուհանդերձ, ինչո՞ւ Վրաստանին եւ Ուկրաինային MAP չի շնորհվում: Պարզվում է՝ 2008-ին, Բուխարեստի գագաթնաժողովում սեղանին եղել է եւ Վրաստանին, եւ Ուկրաինային MAP շնորհելու նախագիծը: Վրաստանին MAP շնորհելուն կտրականապես դեմ է արտահայտվել Անգելա Մերկելը, բայց Ուկրաինայի հետ նա խնդիր չի տեսել: Ուղղակի Մերկելը Սահակաշվիլուն չի վստահել, գուցե Վրաստանի նախագահի հանդեպ անձնապես հակակրանք է տածել, գուցե Վրաստանի կողմից արկածախնդիր քայլերի վտանգ է տեսել, ամեն պարագայում՝ կուլիսներում արգելափակել է Վրաստանին MAP շնորհելու որոշումը: Դրանից հետո արդեն նախագահ Բուշը որոշել է, որ միայն Ուկրաինային չարժե MAP շնորհել, ավելի ճիշտ է երկու երկրների հանդեպ նույնական վերաբերմունք դրսեւորել, եւ ոչ մեկին էլ MAP չի շնորհվել: Ինչպես WEASA-ում իր դասախոսության ժամանակ պատմեց Դեյվիդ Կրամերը, 2008-ին Բուխարեստում նախագահ Բուշը եւ կանցլեր Մերկելն անձամբ են խմբագրել Ուկրաինային եւ Վրաստանին վերաբերող կետերը գագաթնաժողովի Հռչակագրում:

Դա 2008-ի ապրիլին էր: Մի քանի ամիս անց, օգոստոսին, արդեն ռուս-վրացական պատերազմը եղավ, եւ MAP-ի շնորհումը, փոքր-ինչ գույները խտացնելով, աշխարհաքաղաքական ռուբիկոն դարձավ, որն առայժմ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում հատել: Որքան էլ վրացիները եւ ուկրաինացիները կցանկանային, որ իրականությունն այլ լիներ, Վարշավայում էլ ոչ մի երկրի համար, ոչ մյուս՝ ֆորմալ տեսակետից տեղաշարժ չարձանագրվեց ՆԱՏՕ-ին անդամակցության ճանապարհին:

WEASA, ի՞նչ է այն

Վերջապես՝ WEASA-ն: Ի՞նչ հաստատություն է սա, որտեղ դասախոսություն կարդաց ոչ միայն ԱՄՆ պետքարտուղարի նախկին փոխտեղակալը, այլեւ ԱՄՆ նախկին պետքարտուղարներից մեկը՝ տիկ. Մադլեն Օլբրայթն անձամբ ժամանեց ակադեմիայի մասնակիցների հետ հանդիպման: Ցավոք, ինքս այդ հանդիպմանը չմասնակցեցի, քանի որ ժամանակի սղության պատճառով հարկադրված էի ընտրել՝ կամ տիկ. Օլբրայթի հետ հադիպմանը մասնակցել, կամ Լեհաստանի արքաների թանգարանների վերածված պալատներն այցելել: Բնականաբար, ես կընտրեի եւ ընտրեցի պալատները, քանի որ պալատները, եկեղեցիները, թանգարանները, ամրոցներն իմ թուլությունն են ցանկացած երկրում: Մարդիկ, մեծ մասամբ, դրանցից հետո են:

WEASA-ն, ինչպես անվան թարգմանությունից է ենթադրելի՝ Վարշավայի եվրո-ատլանտյան ամառային ակադեմիա, ամառային դասընթաց է: Դրա մասնակիցներն ընտրվում են ԵՄ ԱլԳ վեց երկրներից: Ակադեմիան կազմակերպվում է College of Europe-ի Վարշավյան կամպուսում՝ Նատոլինում:
Շարունակելի

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X