Տեր Աստված, դու մոսկովի՞տ ես…

Սկիզբը՝ նախորդ հրապարակման մեջ:

College of Europe-ը, շատերը գիտեն, հիմնադրվել է անցյալ դարի կեսերին՝ Բելգիայում, Բրյուգե քաղաքում եւ Եվրոպայի ինտեգրման պատմության, Եվրոպական Միության, իրավունքի, հաստատությունների ասպարեզում ամենահեղինակավոր կրթական հաստատություններից է մայրցամաքում: 1992-ին, կոմունիզմի տապալումից հետո, լեհական իշխանությունների նախաձեռնությամբ քոլեջի երկրորդ կամպուսն է ստեղծվել արդեն Վարշավայում՝ Natolin campus-ը: Կրթությունն այստեղ քսան հազար եվրոյից ավելին արժե, մեկամյա մագիստրատուրային ծրագիր է առաջարկվում եվրոպական գիտությունների գծով։ Բարեբախտաբար, ԱլԳ երկրների, հետեւաբար՝ նաեւ հայաստանյան դիմորդների համար, բոլոր ծախսերը վճարող կրթաթոշակներ են առաջարկվում: Միայն թե դիմելու համար պետք է վարժ անգլերենի տիրապետել եւ գոնե՝ խոսակցական ֆրանսերենի:

Իսկ ահա նրանց համար, ովքեր վաղուց են հեռացել ուսանողական նստարանից եւ ֆրանսերեն էլ առանձնապես չգիտեն, փոխարենը հասարակական կյանքում կամ կառավարման համակարգում որոշակի կարիերա ունեն, Natolin campus-ն առաջարկում է ամառային դասընթաց, երկու շաբաթ տեւողությամբ՝ WEASA-ն (Վարշավայի եվրոատլանտյան ամառային ակադեմիա): Մրցակցությունը փոքր չէ, մեկ տեղի համար յոթ-ութ դիմում էր եղել այս տարի, Հայաստանից վեց մասնակիցներ էին ընտրվել, բայց վստահաբար իմաստ ունի, որ երկրից ավելի շատ դիմեն: Շատ շատերի համար, մանավանդ նախարարությունների միջին օղակի աշխատակիցների, ՀԿ-ների, փորձագիտական, ուսումնական շրջանակների, WEASA-ում տրվող գիտելիքներն ավելի քան օգտակար կլինեն Եվրոպական Միությունը ճանաչելու եւ գործողության մեխանիզմները հասկանալու համար: Ցավոք, մեդիայից ավելի քիչ ներկայացուցիչ են ընտրում, անցյալ եւ այս տարի՝ միայն մեկ հոգի, բայց կառավարման համակարգի, ՀԿ-ների եւ ակադեմիական շրջանակների համար հասանելի տեղերը շատ ավելի են: Արժե դիմել եւ ԵՄ-ի վերաբերյալ գիտելիքներն ընդլայնելու, եւ, իհարկե, Վարշավան տեսնելու համար:

Վարշավան՝ պալատներ, բաուհաուս, երկնաքերներ

Վարշավան այն քաղաքներից է, որը մեծապես ավերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Արդյունքում այն, ինչ այսօր կոչվում է Հին քաղաք, ներառյալ Արքայական ամրոցը, վերակառուցված կամ վերստին կառուցված շինություններ են:
Վարշավայում արքայական նստավայրերը երեքն են՝ Հին քաղաքի ամրոցը, Կարալեւսկի Լաժենկի կոչվող զբոսավայրը՝ մի փոքրիկ, սքանչելի ապարանքով, եւ Վիլանով պալատը, որը կառուցել է Լեհաստանի Յան III Սոբիեսկի արքան: Նա Լեհաստանի (ավելի ստույգ՝ Լեհ-Լիտվական Համագործակցություն կոչված պետության) այն գահակալն է, որը 1683-ի Վիեննայի ճակատամարտում առաջնորդել է թուրքերին պարտության մատնած եւ Օսմանյան կայսրության եվրոպական առաջխաղացումը կասեցրած լեհական բանակը: Ի դեպ, Վիեննայի ճակատամարտի եւ թուրքերի պարտության թեմաներով մի հրաշալի խաղ էին վաճառում Վիլանով պալատում, որով կարելի էր ճակատամարտին մասնակցած երեւի բոլոր գեներալների անունները սովորել, թեեւ խաղի բուն իմաստը, իհարկե, խաղաքարերը հաջող գցելն ու միավորներ հավաքելն էր:

Վիլանովը եւ Կարալեւսկի Լաժենկին պատերազմներից չեն տուժել, ի հակադրություն Հին քաղաքի Արքայական ամրոցի, որը մոխիրներից են վերականգնել: Ամրոցը, հրապարակի մյուս շինությունները մեծ ճշգրտությամբ վերակառուցվել են շնորհիվ նրա, որ վենետիկցի հանրահայտ բնանկարիչ Կանալետտոյի զարմիկը եւ աշակերտը՝ Բեռնարդո Բելոտտոն, 18-րդ դարի վերջերին հրավիրվել է Լեհաստանի վերջին արքայի՝ Ստանիսլավ Անտոնի Պոնիատովսկու (գահակալել է 1764-95թթ.) արքունիք: Բելոտտոն մոտ երկու տասնամյակ ապրել ու աշխատել է արքունիքում՝ իբրեւ արքայական նկարիչ՝ ստեղծելով իր ժամանակի Վարշավայի բազմաթիվ բնանկարներ, հիմնականում հենց Հին քաղաքի:

Բելոտտոյին, չգիտես ինչու, Լեհաստանում Կանալետտո են կոչում՝ իր ուսուցչի նմանությամբ։ Կարող եմ հավատացնել, որ Կանալետտոյի սրահը Վարշավայի Արքայական ամրոցում երեւի արեւմտաեվրոպական կերպարվեստով ամենահարուստ կետն էր Վարշավայում՝ մի քանի տասնյակ կտավներով: Ընդհանրապես, Վարշավայի երեք արքայական պալատներում էլ շատ կան կտավներ, բայց գերակշիռ մեծամասնությամբ դրանք տարբեր ազնվականների դիմանկարներ են, երբեմն էլ մեծադիր կտավներ՝ պատմական այս կամ այն իրադարձությունը, պահը պատկերող: Դասական կերպարվեստ գրեթե չկա։

Լեհաստանում չկա նաեւ ցայտուն ազգային ճարտարապետություն, որովհետեւ իրենց ազգային ավանդույթը փայտաշեն կառույցներն են եղել, ոչ քարաշեն: Այն, ինչ Վարշավայում, Հին քաղաքում կառուցվել է քարից, ուշ միջնադարում, կամ բազմագույն, բազմահարկ, փոքր-ինչ պարզունակ շինություններ են, կամ իտալական ճարտապետության կանոններով պալատներ, որոնք, իհարկե, այնպես շքեղաշուք ու կատարյալ չեն, ինչպես պալատներն Իտալիայում, նույնիսկ ամենահամեստ պալատներն Իտալիայում: 20-րդ դարում կառուցվածն էլ ավելի շատ բաուհաուս ոճին է պատկանում՝ ամեն զարդարանքից զուրկ, անպաճույճ քարե շենքեր, կան նաեւ ավելի ուշ ժամանակների պատկանող ապակեպատ երկնաքերներ:

Սակայն բոլորովին այլ պատմություն են Վարշավայի Հին քաղաքի եկեղեցիները, հատկապես Կրակովյե պրեդմեստյեում, որը կենտրոնական, ամենահին ու գեղեցիկ ճեմուղին է Վարշավայում եւ UNESCO-ի մշակութային ժառանգության մեջ է ներառված: Այդ եկեղեցիները գերմանական գոթիկայի եւ իտալական բարոկկոյի սքանչելի համադրություն են՝գողտրիկ, գեղեցիկ, շատ ջերմ եւ ինչ-որ հոգեւոր ձգողականություն ունեցող: Պատահական չէ, որ օրվա բոլոր ժամերին Կրակովյե պրեդմեստյեի եկեղեցիները լեցուն էին այցելուներով: Այնտեղ մտածում էի՝ տեսնես կոմունիստներն ինչպե՞ս են փորձել այս երկրում աթեիզմ տարածել… պարզ է, որ դա չպետք է հաջողվեր եւ չհաջողվեց: Կրավովյե պրեդմեստյեում՝ Զիգմունդի հուշասյան մոտ լինես, թե Սուրբ Աննայի եկեղեցում, զգում ես, թե որքան օրինաչափ է, որ այսօր արդեն սրբադասված Հովհաննես Պողոս II պապը Լեհաստանից էր, եւ նրա գահակալության օրոք տապալվեցին աթեիզմն ու կոմունիզմը:

Հովհաննես Պողոս II-ը, Կոպեռնիկոսը, Ֆրիդերիկ Շոպենը եւ Մարի Կյուրին երեւի ամենահայտնի լեհերն են աշխարհում, որոնց հետ կապված ամեն մի մասունք այնպիսի գորովանքով պահում ու դրանցով հպարտանում են Լեհաստանում, ինչպես նրանց մեծարում ու սիրում են մնացյալ աշխարհում:

Ժամանակը, որ երբեք չի բավարարում

Իհարկե՝ Վարշավայի, նաեւ Լուբլինի մասին, որտեղ եղանք, շատ կցանկանայի էլի պատմել, սակայն հոդվածի ծավալը դա թույլ չի տա: Ժամանակն էլ թույլ չտվեց Լեհաստանում մի ամրոց այցելել, որն իմ ամենամեծ հայտնագործությունն էր այդ երկրում՝ գերմանական Մարիենբուրգ (Marienburg) քաղաքն ու նույնանուն ամրոցը երկրի հյուսիսում, որը լեհերենով կոչում են Մալբորք (Malbork): Որքան էլ անհավատալի հնչի, Մալբորք ամրոցը, որն այժմ UNESCO-ի մշակութային ժառանգության կազմում է, գերմանական Տեւտոնական օրդենի Մեծ մագիստրոսի նստավայրն է եղել: Միջնադարյան Եվրոպայում խաչակիր ասպետների ամենահզոր, հարուստ եւ ազդեցիկ օրդենները, որոնց մասին միֆականացված պատմությունները հասել են մինչեւ մեր օրերը, եղել են երկուսը՝ Ֆրանսիայում կազմավորված Տաճարականների ուխտը (Templar Order) եւ գերմանական ասպետների Տեւտոնական օրդենը (Teutonic Order)։ Ընդ որում՝ Տեւտոնական ասպետների գործունեությունը շատ շոշափելի է Արեւելյան Եվրոպայում, որովհետեւ հենց նրանք են Գերմանիայից արեւելք տարածվող տարածքներում հաստատել քաղաքակրթություն եւ քրիստոնեություն, այդ թվում՝ ժամանակակից Լեհաստանում, Լատվիայում, Լիտվայում եւ այլն: Ահա, Մալբորք քաղաքը եւ ամրոցն այդքան հեռավոր, հոգեւոր ու վերացական դարձած խաչակիրների միանգամայն նյութեղեն ու մերօրյա առկայությունն է երկրագնդի վրա, որն անպատճառ արժե տեսնել:

Լեհաստանում մեր դեսպանը՝ Էդգար Ղազարյանը, խորհուրդ էր տալիս մեկ այլ քաղաք էլ անպատճառ այցելել, եթե ճիշտ եմ մտապահել՝ Զամոշչ անվամբ, երկրի հարավում, որտեղ հայկական ամենաարժեքավոր ժառանգությունն է Լեհաստանում:

Ինձ վրա իրոք տպավորություն գործեց այն, թե մեր դեսպանը որքան էր հասցրել ուսումնասիրել, այցելել, տեղյակ դառնալ հայկական ժառանգությանը Լեհաստանում: Նույնքան էլ զարմացա թվից, որ այսօր Լեհաստանում շուրջ 45 հազար հայ է ապրում: Ավանդական գաղթօջախները, իհարկե, միջնադարում են ձեւավորվել, բայց ԽՍՀՄ փլուզումից հետո էլ ահագին թվով հայություն է Լեհաստան արտագաղթել: Պրն. Ղազարյանի պատմածից եզրակացրի, որ Լեհաստանի տարբեր քաղաքներում բազմաթիվ փողոցներ, հրապարակներ կան, որ այդպես էլ կոչվում են՝ Ormyanskoye, թարգմանաբար՝ հայկական:

Մեր դասպանատան գրադարանում նաեւ մեծ թվով գրքեր, շքեղ հրատարակություններ կային՝ լեհ հեղինակների, որոնք ուսումնասիրել, փաստագրել եւ ներկայացնում են հայկակսն գաղութների պատմությունը Լեհաստանում: Նաեւ Հայաստանի մասին հրատարակություններ կային, հատկապես մի ֆոտոալբոմ մնաց հիշողությանս մեջ, որը լեհ ամենահայտնի լուսանկարիչներից մեկի՝ դեպի Հայաստան, նաեւ Արարատ լեռը կատարած ճանապարհորդության ֆոտովավերագրումն էր:

Ինչ-որ տեղ Լեհաստանի եւ Հայաստանի պատմաաշխարհագրական իրադրության մեջ նմանություն կա, քանի որ Լեհաստանում էլ հաճախ հարեւան երկրների՝ Գերմանիայի կամ Ռուսաստանի ազդեցություն, անգամ երկարատեւ տիրապետություն է եղել։ Լեհաստանում հատկապես Ռուսաստանի հանդեպ մերժումն այսօր էլ դեռ զգալի է՝ սոցհարցումների արդյունքներից մինչեւ ՆԱՏՕ-ի ծածանվող դրոշներ: Այն, որ անգամ Շոպենի թանգարանում տեղ, միջոց, հնարամտություն էր գտնվել հնչեցնելու այն ֆրազը, որ վերնագրեց այս հոդվածաշարը. «Տեր Աստված, դու մոսկովի՞տ ես…», ցույց է տալիս, որ նույնիսկ այսօր, անկախ, ծաղկուն ու պաշտպանված երկիր դառնալուց հետո, Լեհաստանում դեռ անցյալի էջը չեն շրջել: Ինչ խոսք, մի օր անցյալն իրոք կմնա անցյալում, սակայն դրանից առաջ հարկավոր է, որ Ռուսաստանը դադարի իր հարեւանների համար սպառնալիք լինել եւ Եվրոպական մայրցամաքի անվտանգությունը վտանգել։

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X