Բացակա լռությունը

Սերժ Սարգսյանի ու պետական ապարատի ղեկավար անդամների այսպիսի լռությունը պայմանավորված չէր նրանց գիտակցության խորիմաստ կամ ծավալուն աշխատանքով։ Այս լռության տակ շատ բան կարող ենք պատկերացնել ու պատկերել՝ այնուհանդերձ, չմոտենալով իրականության շրջանակին։

Երեկ, խախտելով հնգօրյա լռությունը, վերջապես նախագահն իր ուղերձում շեշտեց, որ լռությունը ոչ մի կերպ չի խախտվում։ Հինգ օր անց պարզվեց, որ Հայաստանի իշխանություններն ասելու եւ առաջարկելու բան չունեն, նրանք ցավում են կատարվածի համար, գիտեն, որ երկրի առջեւ ծառացած բազում խնդիրներ կան, բայցեւայնպես, նախագահն ապստամբներին հորդորում է, ինչպես մի խումբ մտավորականներ էին հորդորում, վայր դնել զենքերը։ Նա չմոռացավ իրավապահ մարմիններին հանձնարարել, որ նրանք շարունակեն իրականացնել իրենց գործունեությունը խստագույն զսպվածությամբ՝ օրենքի շրջանակներում։ Նաեւ կարծում է, որ իրավիճակն ավելի երկար է տեւել, քան իրենք իրենց կարող էին թույլ տալ, եւ վերջում նորից զսպվածության եւ զգոնության կոչ՝ հանուն Հայաստանի եւ հայ ժողովրդի ապագայի։

Փաստացի, հնգօրյա լռությունից հետո ծնունդ է առնում մի տեքստ, որի հեղինակը կարող է յուրաքանչյուր շարքային քաղաքացի լինել։ Եթե այս ուղերձը ծավալված իրադարձությունների առաջին կամ երկրորդ օրը հրապարակվեր, գուցե իր մեջ որոշակի տրամաբանություն ամփոփեր, բայց հինգերորդ օրը առաջին օրը չէ՝ հինգերորդ օրն է, եւ, ինչպես ասում են, արդեն շատ ջրեր են հոսել։ Ապստամբները հստակ պահանջներ են դրել եւ շարունակաբար պնդում են դրանք, հստակ ասում են՝ մինչեւ պահանջները չբավարարվեն, հետքայլ չի լինելու։ Բանակցությունները, թերեւս, մինչ այս պահը որեւէ արդյունք չեն տվել։

Եվ այսքանից հետո Բաղրամյան 26-ը նմանունակ հորդոր-կոչ է առաքում՝ կարծելով, թե այն իրացվելու է այնպես, ինչպես սղագրվեց ճերմակ տարածության վրա։ Սա բացակա լռությունն է։ Այն իսկապես կխախտվեր ու կխտանար, եթե այս պայթյունավտանգ օրերին իշխանության կողմից ավելի խորը, իրատեսական, այլաձեւ առաջարկ հրամցվեր։ Պարզվում է՝ այս հինգ օրերի ընթացքում իշխանությունները համբերել են՝ «խոնարհաբար», իսկ հիմա, քանի որ ամեն ինչ շարունակվում է գրեթե նույն տրամաբանությամբ, կարծել են, թե ժամն է վերջին ամփոփումների։ Ինչեւէ, խաղաղ ճանապարհով հանգուցալուծման հասնելու համար ակնհայտ է, որ այս ուղերձի շեշտադրումները կաղում են, ուստի լռությունն ավելի է խստանում։

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X