Հնարավորությունը

Եթե տարիներ շարունակ հեռանում են հնարավորության ձեւերը, նաեւ զգացողություն կա, որ ողջ գիտակցական կյանքդ կարելիության հարազատ վայրերում չես ապրել, այլ քեզ են «ապրել», որ պատճառը ստեղծված ոչ բարենպաստ պայմաններն են նաեւ, երկրի աշխարհաքաղաքական դիրքը, բակը, դպրոցը, շրջակա միջավայրը, դանդաղորեն եւ հաստատապես սկսում ես հավատալ այդ նենգ վարպետորդությանը։

Հայաստանում իշխանությունները մարդկանց ձեռքից արդեն իսկ վերցրել են հնարավորության զգացողությունը։ Ուստի այն նորից պիտի ստեղծել։ Եվ ամեն ոք սկսում է ստեղծել ըստ սեփական հայեցադաշտի՝ հոգեւոր եւ մտավոր ունակությունների, որոնք ընդհանուր հատկանիշներով միավորվող տարբեր մասերի ամբողջությունն են։

Մինչդեռ ամբողջության մեջ հայտնված եւ դրանից սերված մասնիկները հավատացնում են ու հայտարարում, թե իրենց հոգեւոր եւ մտավոր ունակությունները մի փոքր այլ են, ավելի լավն են, խորը եւ իմացական... Այսինքն՝ վստահաբար գիտեն երկիրը քաղաքական ճգնաժամից դուրս բերելու ճանապարհը։ Այնուհանդերձ, այդ ելքի ճանապարհը ոչ մի կերպ չի շնչավորվում, այն պարզապես գոյություն ունի պատկերացումների մեջ՝ հազար դեմքով, հազար բնավորությամբ։ Եվ օրերից մի օր հազար դեմքերի եւ հազար բնավորությունների միջից կարիք է լինելու ընտրել միայն մեկին, ընտրել մի ճանապարհ, որը պատկերացումների դաշտից վերջապես վայրէջք կկատարի եւ իր ողջ վճիտությամբ կներկայանա մարդկանց։ Սակայն ճանապարհի բացակայությունը նույնպես ճանապարհ է, պարզապես՝ անիմանալի եւ անվերջանալի։ Բացակա ճանապարհով քայլողները զրկված են հետուառաջ նայելու հնարավորությունից. նրանք պարզապես գնում են, քանի որ միշտ, անդրդվելիորեն, ինչպես կույր գետը, գնում է բացակա ճանապարհը։

Հայաստանյան իշխանությունները չեն կարող կազմաքանդվել, չեն կարող վերափոխվել, հեռանալ չեն կարող։ Նրանք վաղուց են քանդվել, վաղուց են հեռացել։ Մարդիկ, որոնք ներկայանում են որպես իշխանության ներկայացուցիչներ, բացակա ճանապարհի քաղաքացիներ են։ Մենք նույն նավի մեջ ենք։ Կանգառի որեւէ հնարավորություն չկա։ Եվ այդ նավը ոչ մի տեղ է տանում եւ գնում է, քանի որ գնում է։

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X