«Գարունը» չի լինելու զուտ գրական ամսագիր

1967թ.-ից տպագրվող «Գարուն» գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական ամսագրի նոր խմբագրի պարտականություններն ստանձնել է բանաստեղծ Աշոտ Գաբրիելյանը։ Գրական ավանդույթներով հայտնի «Գարուն» ամսագրի առաջիկա համարը լույս կտեսնի սեպտեմբերին եւ նվիրված կլինի ՀՀ անկախության 25-ամյակին: Թե ինչ փոփոխություններ են լինելու ամսագրում, զրուցեցինք նորանշանակ խմբագիր Աշոտ Գաբրիելյանի հետ։

- Աշոտ, վերջերս ստանձնեցիք «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագրի պարտականությունները։ Ի՞նչ որակական եւ բովանդակային փոփոխություններ են սպասվում «Գարունում»՝ արդեն Ձեր խմբագրությամբ։

  • Առաջին հերթին կարեւոր է այն, թե որակն ու բովանդակությունն ապահովելու համար ինչ հիմք ունես: Տվյալ դեպքում առաջնայինը գրական գործընթացում առկան է: Այսինքն՝ լավ շենք կառուցելու համար պետք է ունենաս լավ շինանյութ: Մյուս կողմից՝ պետք է կարողանալ նկատել առաջին հայացքից աննկատելին, վեր հանել խնդիրներ, գրական դաշտ բերել անհրաժեշտը: «Գարունի» նախկին խմբագիրները սա արել են յուրովի, եւ մենք «Գարունը» շրջափուլերի ենք բաժանում՝ ըստ խմբագիրների: Ինքս ամեն ինչ անելու եմ, որպեսզի տեսանելի լինի գրական գործընթացը հանրության համար, եւ այդ ամենը ներկայացնելու եմ՝ հաշվի առնելով նախկին խմբագիրների փորձը:

- «Գարունն» ավելի շատ մեզ ներկայացնելու է դասական հեղինակների դասական գործե՞ր, թե՞ շեշտը դնելու եք ժամանակակից հեղինակների ու նրանց գործերի վրա։

  • Դասական հեղինակները «Գարուն»-ում կլինեն միայն այն դեպքում, եթե կարողանանք հրապարակ բերել մինչ այժմ նրանց անհայտ, անտիպ էջերը, կամ ի հայտ բերվեն գրականագետների նոր մոտեցումներ՝ նրանց կյանքին ու ստեղծագործությանը նվիրված, այլ պարագայում դասական հեղինակներին անդրադառնալը նպատակահարմար չեմ համարում:

- «Գարուն» ամսագրի նոր համարը ե՞րբ է լինելու, ի՞նչ սկզբունքով ու ի՞նչ առաջնահերթությամբ եք ընտրելու ամսագրում տպագրվելիք նյութերը։

  • Առաջիկա համարը կլինի սեպտեմբերին եւ նվիրված կլինի ՀՀ անկախության 25-ամյակին: Նախատեսում ենք հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբերին եւս ունենալ թողարկումներ: Բավական մեծ թվով նյութեր ենք ստանում, ինչը բարդ ընտրության առաջ է կանգնեցնում: Նյութերը նաեւ մասնագիտական քննության ենք ուղարկում: Առանձին ստեղծագործությունների արժանիքներից զատ, մեծ ուշադրություն ենք դարձնում նաեւ այն հանգամանքին, որ այդ նյութերը դուրս չլինեն տվյալ համարի ընդհանուր տրամադրությունից:

- Մեր օրերում սոցիալական ցանցերը հետ են մղել թե զանգվածային լրատվամիջոցներին, թե գրական մամուլը։ Ամեն ինչ գրվում է սոցիալական ցանցերում եւ, ըստ էության, այնտեղ էլ սպառվում։ Ի՞նչ եք կարծում, ամսագիրը կկարողանա՞ սոցցանցերում «ապրող» ընթերցողներին հետ վերադարձնել դեպի տպագիր ամսագիր, հատկապես, որ գրական մամուլը մեծ պահանջարկ եւ սպառում չունի։

  • Բացի տպագիր տարբերակից, մենք աշխատում ենք արդեն, որպեսզի ամսագիրն ունենանք նաեւ էլեկտրոնային տիրույթում: Սա հնարավորություն կտա ընթերցողի հետ անմիջական երկխոսության, ինչն այսօր անչափ կարեւոր է: Բայց պետք է նկատենք նաեւ, որ ամբողջական տպագիր համարն անհրաժեշտություն է գրական գործընթաց ներկայացնող ամսագրի համար: Այդ ամբողջականությունն ու ամփոփ ներկայանալը մասնագետներին եւ գրականությանն աչալուրջ հետեւողներին օգնում է ավելի լավ պատկերացում կազմել ժամանակակից գրականության մասին:

- Ամսագիրն ունի՞ մշտական ստեղծագործական թիմ, թե՞ համագործակցության միջոցով եք ամեն համարը կազմելու։

  • Ամսագիրն ունի խմբագրական խորհուրդ, որտեղ ներկայացված են հումանիտար տարբեր գիտությունների ներկայացուցիչներ, որոնք իրենց խորհուրդներով, հաշվի առնելով հասարակական ընկալումները, փորձում են ճիշտ հուն տալ ամսագրին: Իսկ հատուկ ստեղծագործական մշտական թիմ չկա: Յուրաքանչյուր համարի ընթացքում համագործակցելու ենք տարբեր մարդկանց հետ՝ հաշվի առնելով տվյալ համարում բարձրացվող խնդիրները:

- Բացի իր ավանդական բաժիններից՝ արձակ, պոեզիա, գրաքննություն, հրապարակախոսություն, «Գարունի» էջերում ժամանակին տպագրվել են նաեւ սպորտ, հումոր․ պահպանելո՞ւ եք այդ ավանդույթը։

  • Այո, պահպանելու ենք: «Գարունը» չի լինելու զուտ գրական ամսագիր: Մեր ուշադրության կենտրոնում են լինելու տվյալ ժամանակամիջոցի հասարակական խնդիրները, որոնք ժանրային առումով տարբեր արտահայտություններ կարող են ունենալ:

- Քանի որ «Գարունը» գրական-գեղարվեստական ամսագիր լինելուց բացի նաեւ հասարակական-քաղաքական ամսագիր է, ի՞նչ չափով եք քաղաքական հոդվածներ ներառելու ամսագրում։

  • «Գարունն» անկախ պարբերական է: Քաղաքական իմաստով բացառվում են կուսակցական շահարկումներ: Այս առումով մենք ավելի շատ շեշտը դնելու ենք հասարակության քաղաքացիական նկարագրի վրա եւ հաշվի ենք առնելու արվեստի ու մշակույթի նպաստն այդ նկարագրի կերտմանը:

- Պետության կողմից հատկացվող աջակցությունը որքանո՞վ է բավարար լավորակ ամսագիր տպագրելու համար։

  • Պետությունն ընդամենը աջակցում է, որպեսզի ամսագիրը շարունակի գոյատեւել, սակայն այդ գումարով անհնար է խոսել լավ ամսագրի մասին: Մենք փորձում ենք տարբեր կազմակերպությունների հետ համագործակցության՝ ցանկալի արդյունքին հասնելու համար:

- Իսկ ինչպե՞ս եք կազմակերպելու ամսագրի իրացումը, բաժանորդագրությունը որքանո՞վ կօգնի դրան։

  • Ամսագիրը կլինի մամուլի կրպակներում: Կլինեն նաեւ բաժանորդագրություններ: Իրացման հետ կապված՝ կլինեն նաեւ այլ միջոցառումներ, քանի որ մեր խնդիրը ոչ թե միայն գոյատեւելն է, այլ լավ ամսագիր ունենալը:

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X