Մամուլի ուրվականը

Ընդունված է մամուլն անվանել չորրորդ իշխանություն: Այն է՝ հասարակական վերահսկողության եւ ազատ խոսքի ամբիոն, որն ազդում է սահմանադրական իշխանության երեք թեւերի որոշումների վրա: Զարգացած դեմոկրատիայի երկրներում մամուլի հրապարակումը դառնում է պաշտոնանկության պատճառ, լրագրողական հետաքննություններով քրեական գործեր են հարուցվում: Մամուլն ազդում է անգամ պետության արտաքին քաղաքականությանը: Լրատվությունը ձեւավորում է ոչ միայն հասարակական կարծիք, այլեւ երկրի իմիջ: Եվ պատահական չէ, որ տեղեկատվա-քարոզչական մրցակցությունում չպարտվելու համար կառավարություններն ահռելի գումարներ են ծախսում: Արեւմուտքում լրագրողները հասարակության էլիտայի անբաժանելի մասն են:

Բայց մեզանում մամուլի նկատմամբ զուտ ուտիլիտար վերաբերմունք կա: Լինի իշխանություն, թե ընդդիմություն, տարբերություն գրեթե չկա: Երկուսն էլ մամուլը գնահատում են իրենց շահերի տեսանկյունից: Ըստ այդմ էլ վերաբերվում են այս կամ այն լրատվամիջոցին: Եվ չորրորդ իշխանությունից մնում է միայն նրա ուրվականը: Ունենք թերթեր, կայքեր, ինտերնետային հեռուստաընկերություններ, հանրային եւ մասնավոր ռադիո-հեռուստատեսություն, ամսագրեր, հարյուրավոր բլոգերներ եւ հարյուր հազարավոր ֆեյսբուքագիրներ, բայց հրապարակումների, լուրերի, վերլուծականների այդ ահռելի հոսքը կարծես որեւէ ազդեցություն չի թողնում: Իրական կյանքն իր համար է, վիրտուալը՝ իր: Եվ եթե էլիտան մի բան կարդում է, ապա միայն այն դեպքում, երբ նյութն իր մասին է: Կամ՝ թիմի: Կամ՝ ընդդիմախոսի, մրցակցի: Հակառակորդի: Մյուս բոլոր դեպքերում թերթը նրա համար եղած կամ չեղած: Հանգամանքների բերումով շուրջ քսան տարի ամենատարբեր պաշտոնյաների մոտ բավական հաճախ ընդունելության եմ եղել: Եվ միշտ զարմացել եմ նրանց գրասեղանների սրբած-մաքուր ամայությունից: Եվ՝ որ ոչ մեկի մոտ գրապահարան չեմ տեսել: Ու մտածել եմ՝ տեւական առանձնության ժամերին նրանք ինչո՞վ են լցնում օրը: Մի՞թե չեն կարդում, չեն հետեւում մամուլին: Երեւի բավարարվում են օգնականների փոխանցած ինֆորմացիայով: Բայց չէ՞ որ դա, ինչպես թարգմանության մասին են ասում, «սուպից եփած սուպ» է: Չունի առաջին ճաշակման թարմությունը:

Մեր դարում տեղեկացվածությունը վաղուց «շքեղություն» չէ, անհրաժեշտություն է: Դիսբալանսն սկսվում է նրանից եւ այնտեղ, երբ հասարակությունը եւ էլիտան հայտնվում են արժեհամակարգային տարբեր հարթություններում: Երբ քաղաքացին օպերա է լսում, իսկ էլիտան՝ Թաթա Սիմոնյան, մամուլն ստիպված է դասական գրական հայերենը փոխարինել «երեւաներենով»: Նաեւ՝ հեռուստատեսությունը: Թե չէ… չեն հասկանա: …Երբ Ստեփանակերտում կազմակերպվեց Վիկտոր Կրիվոպուսկովի «Мятежный Карабах» գրքի շնորհանդեսը, ԱԺԿ «Հայրենիք» թերթում հոդված գրեցի: Արտահայտեցի զարմանքս եւ զայրույթս, թե ինչպե՞ս կարելի է պանծացնել մի մարդու եւ նրա գիրքը, որը 1991թ.-ին Պոլյանիչկոյի գլխավորած ռազմական խունտայի առանցքային դեմքերից է եղել Արցախում: Արձագանքը քիչ է ասել՝ խիստ էր: Բայց չեմ ափսոսում, համարում եմ, որ իմ քաղաքական կենսագրության պայծառ էջերից մեկը «կրիվոպուսկով» երեւույթի հրապարակային պսակազերծումն էր: Մնացածն «ուրվականների» ժանրից է…

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Մեկնաբանություն
X